Ներքին 8 ամիս առաջ - 18:00 08-09-2025

Եթե Փաշինյանն էլ ասեր՝ հող չենք տալու, ես նրա կողքն էլ կկանգնեի․ Arthur Brothers

«Ձերբակալվել եմ զենք, զինամթերք պահելու մեղադրանքոով, չեն գտել, հետո փոխել են մեղադրանքը՝ ապօրինի երկիր մտնել և փողերի լվացում։ Ապօրինի երկիր մտնելն իրենք հիմնավորում են, ասում են՝ անձնագրեր եք ստացել, բայց ՍԷԿՏ համակարգում չկաք։ 100 անգամ ասացի՝ առաջին ձևը բերեք, երևում է, որ դեսպանատներից եմ ստացել։ Իրենք չբերեցին, ես անձնագրերը ուղարկեցի, կեսը Դուբայում էր, կեսը Քուվեյթ էր, կեսը Քենիա էր, անձնագրերը բերեցին։ Այնտեղ դե՝ պարզ երևում է, էլի դեսպանի ստորագրություն, դեսպանի կնիք։ Հիմա էդ մի մեղադրանքը պիտի հանեին, էդ էլ չհանեցին»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արտակ Սարգսյանը։

Նշենք, որ Արտակ և Արթուր Սարգսյանները (Arthur Brothers), որոնք տևական ժամանակ բնակվել են Աֆրիկյան երկրներում, հատկապես՝ Քենիայում, Սրբազան պայքարի օրերին եկել էին Հայաստան և միացել շարժմանը: Նրա խոսքով՝ Քենիայի փոխոստիկանապետ եղած ժամանակ, օպոզիցիան տպել է կեղծ հոդվածներ, որոնցով առաջնորդվելով մեղադրել են իրեն։

«Ես Քենիայի նարկոտիկի դեմ պայքարի հատուկ ջոկատը ստեղծողն եմ ու հրամանատարը։ Մինչև էդ՝ նարկոտիկները կորում էին։ Էդ, որ ստեղծեցինք, ձերբակալել էի 1 տոննա 400 կգ կոկաին, հետո 14 տոննա, ու երբ դատերը վճռաբեկ, բան վերջացել էին, դիմել էինք Միացյալ ազգերի կազմակերպությանը և 12 դեսպանատներին, որ եկեք ոչնչացնենք արդեն էս կոկայինը։ Օպոզիցիայի ղեկավարը եկավ, էդ օրը, երևի, մի 3 կիլո էինք դեռ վառել, ասաց՝ փոխել են սրանք, կանգնեցրեց վառելը։ Կատալիզատորներ առաջարկեցինք, Ամերիկայի դեսպանը ասաց՝ չէ, մենք մերը կբերենք։ Մի կես ժամ սպասեցինք, իրենք իրենցը բերեցին, ամեն առաջինը, ամեն 2-րդը, ամեն 5-րդը, ամեն տասներորդը իրենք, կանգնեցնում էին, կտրում էին, ստուգում էին, վառում էին։ Հիմա էդ օպոզիցիայի ղեկավարը հոդվածներ է տպել, սրանք էդ հոդվածը, որը դեղին մեդիայի հոդված էր, վերցրել են, ասում են՝ էս ի՞նչ ունեցվածք է, որ հիմա ունի, էդ լրիվ այն ժամանակվա կոկաինի փողն է»,- պատմեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով այն հարցին, որ եղբայրները Հայաստան են եկել և միացել են Սրբազան պայքարին, Արտակ Սարգսյանը նշեց, որ իրենք միացել են ժողովրդին, ոչ թե Բագրատ Սրբազանին։

«Մենք ժողովրդին ենք միացել, ոչ թե Սրբազանին։ Հիմա սրբազանի տեղը կոպիտ, ասենք՝ պոլի փեդ էլ լիներ, մենք կմիանայինք։ Մենք միացել ենք ժողովրդի արդար պահանջին, այսինքն՝ հող չտալ։ Անձին մենք չենք միացել, միացել ենք հենց գաղափարին, որը սուրբ գաղափար էր։ Ես անկեղծ եմ ասում, եթե Նիկոլ Փաշինյանը այդ ժամանակ դուրս գար ասեր՝ հող չենք տալու, ես Նիկոլ Փաշինյանի կողքն էլ կկանգնեի, որ մեր երկիրը հող չտա, էլի»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե ինչ նախապատմություն ունի իրենց կեղծանունը՝ Arthur Brothers-ը, Արտակ Սարգսյանը նկատեց, որ որպես Քենիայում առաջին ընտանիքի բարեկամ, դա իր կոդավորված ծածկանունն է։

«Քանի որ ես Քենիայում և՛ առաջին ընտանիքին էի բարեկամ, և՛ հատուկ ջոկատի մեջ, բոլոր անդամների անունները կոդավորված էր։ Նույնիսկ՝ ոստիկանական գլխամաս իմ ջոկատը, երբ մտնում էր, նրանց դեմքերը փակ էին և իրենց առջև, ID-ների վրա ծածկանուններ, և իրենց առջև մենակ մատնահետքով էր բացվում: Իմ ծածկանունը, որպես այդպիսին, Արթուր էր, բայց իրականում, իհարկե, դա ինչ-որ քողարկման ձև էր, ինքնությունը պաշտպանելու ձև էր»,- նշեց նա։

Ըստ նրա՝ իրենք Հայաստան են վերադարձել այստեղ տիրող իրավիճակի պատճառով։

«Գիտենք, որ միշտ վատ է եղել, կոռուպցիա, բայց այսպես վտանգված հայրենիքը երբեք չի եղել, որ նույնիսկ կարող է Արցախի պես լուծարվի։ Եվ այո, դա հիմնական պատճառն էր, որ եկանք։ Չեմ ուզում, որ մի օր իմ էրեխեքն ինձ հարցնեն՝ պապ ջան, բա որ հայրենիք էին կորցնում, դուք ի՞նչ էիք անում։ Էդ հարցը չեմ ուզենա, որ իմ երեխաներն ինձ տան։ Իսկ հայրենիքը, իրոք, էսօր հենց կանգնած է էդ շեմին, ու արտաքին ուժերն են միայն, որ պահում են, թե չէ սրանք ամեն ինչ անելու են, որ լուծարվի։ Ոնց որ Արցախում պատասխանատվություն չկրեցին, նույնն էլ այստեղ են անելու, որ պատասխանատվություն չկրեն»,- եզրափակեց նա։