Օգոստոսի 8-ից հետո Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր, թե Վաշինգտոնում սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել։ Սակայն պարզվում է, որ հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածների սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածություն եղել է։
Սեպտեմբերի 5-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի ղեկավարությամբ կայացել են երկու պետությունների պատվիրակությունների փոխադարձ այցելություններ Հայաստանի տարածք և Ադրբեջանի տարածք: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն: 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ կողմերը քննարկել են սահմանագծի համապատասխան հատվածների/հատվածամասերի սահմանազատման և ականազերծման, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման և դրանց իրականացման ժամկետների հետ կապված հարցեր՝ հաղորդակցությունների ստեղծման ոլորտում գործողությունների սինխրոնիզացման նպատակով:
Ո՞ր հատվածների սահմանազատման մասին է խոսքը։ Եվ արդյո՞ք ՀՀ-ին են վերադարձվելու Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքները։
ԱԳՆ հայտարարությունից ենթադրելի է, որ խոսքը վերաբերում է որոշ հատվածների սահմանազատմանն ու ականազերծմանը։ Այդ հատվածական սահմանազատումը, բնականաբար, չի բավարարում ՀՀ քաղաքացիների ակնկալիքները։ Այս գործընթացը դարձյալ ավելի շատ ձեռնտու է Ադրբեջանին, քանի որ ականազերծվում ու սահմանազատվում են ԱՄՆ միջնորդությամբ բացվող Ադրբեջան-Նախիջևան ճանապարհի հարակից հայ-ադրբեջանական սահմանները։ Ենթադրելի է, որ այս գործընթացը ևս Նիկոլ Փաշինյանը ներկայացնելու է որպես սահմանազատման գործընթած ու ձեռքբերում, հավանաբար՝ ասելու են, թե տեսեք՝ Ալմա Աթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացը ֆիկցիա չէ, իրական է և շարունակվում է։
Երբ 2024-ի գարնանն Ադրբեջանի պահանջով Տավուշի մարզի որոշ հատված հանձնվեց չբարեկամին սահմանազատման գործընթացի անվան տակ, դրա դեմ հանրային ընդվզում կազմակերպվեց։ Ներկայումս Սյունիքում, բացվող ճանապարհին հարակից սահմանի հատվածական սահմանազատման դեն բողոքի ալիքի որևէ նախանշան չկա։ 2024-ի գարնանը Փաշինյանը ժողովրդին ասում էր, թե եթե Տավուշում սահմանազատում չանեն ու չբարեկամին չհանձնեն ՀՀ վերահսկողության տակ գտնվող որոշ տարածքներ, հնարավոր է՝ պատերազմ սկսվի։ Ներկայումս այդպիսի սպառնալիքներ չկան։ 2024-ին ասում էին, թե հատվածական սահմանազատում են անում, քանի որ ռուսներն են ճնշում։ Հիմա ռուսական ակնհայտ ճնշումներ չկան։
Ի վերջո՝ ՔՊ-ական որոշ պատգամավորներ ասում էին, թե ադրբեջանցիները ռուսների հետ միասին են զավթել ՀՀ տարածքները, որ խոչընդոտեն Հարավ-հյուսիս ճանապարհը, խափանեն գլոբալ տրանսպորտային ծրագրերը։ Եթե Նիկոլ Փաշինյանն իսկապես Խաղաղության խաչմերուկի, ոչ թե միայն Ադրբեջան-Նախիջևան ճանապարհի բացման ջատագով է, ապա կարող էր բարձրացնել այդ զավթված հատվածները ՀՀ-ին վերադարձնելու հարցը, որպես Խաղաղության խաչմերուկի անվտանգության ապահովման պայման։ Թե՞ խաղաղության խաչմերուկը դարձել է 42 կմ-անոց TRIPP։
Կարճ ասած՝ Հայաստանը բաց թողեց սահմանազատման գործընթացը շարունակելու, ՀՀ-ից զավթված տարածքները վերադարձնելու և խաղաղությունն իրապես ամրացնելու ևս մեկ շանս։ Եվ ինչպես 2024-ին սկսված սահմանազատումը չշարունակեց, չհասավ ՀՀ-ից զավթված տարածքների վերադարձմանն, այնպես էլ սեպտեմբերի 5-ին սկսված գործընթացը կսահմանափակվի միայն TRIPP-ին հարակից հատվածների սահմանների սահմանազատմամբ։
Թաթուլ Մկրտչյան