Նախկին պատգամավոր, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը օգոստոսի 27-ին 24news-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանին առաջարկել է, որ նա Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը, ոչ թե հայ ժողովրդի դիմի, այլ Ադրբեջանի ղեկավարին ու շնորհակալություն հայտնի երկար սպասված անկախության համար։
ՔՊ-ական մանիպուլյացիաները սահման չունեն։ Դրանցից ամենահայտնին այն է, թե Արցախն Ադրբեջանին տալուց հետո Հայաստանն իրապես անկախանալու հնարավորություն ստացավ։
Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այս մոտեցումը։
Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները այս մոտեցմամբ փորձում են պարտությունը ներկայացնել որպես ձեռքբերում։ Արցախը Ադրբեջանին հանձնելն ընթացել է մի քանի փուլով։ Առաջինը 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտությունն է, որն ամրագրվել է Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ Նոյեմբերի 9-ը խորհրդանշում է Հայաստանի պարտությունը Արցախի հարցում։ Նոյեմբերի 9-ը Արցախի անկման սկիզբն է։
Հետագայում Արցախը հայաթափվեց, լուծարվեց Արցախի Հանրապետությունը։ 2023-ի սեպտեմբերին հայերը բռնի տեղահանության ենթարկվեցին։ Ներկայումս Ադրբեջանը ոչնչացնում է հայկական հետքն Արցախում, յուրացնում է կամ փորձում է ջնջել հայկական մշակութային ժառանգությունը։ Բաքվում ապօրինաբար պահվում են տասնյակ հայ ռազմագերիներ, Արցախի նախկին ղեկավարների նկատմամբ ցուցադրական դատավարություն է կազմակերպվում։ Սակայն այս ամենի հիմքում Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան է, որով ՀՀ-ն ճանաչեց իր պարտությունը պատերազմում։
Իհարկե, այսօր ՀՀ-ն բազմաթիվ առումներով ավելի անկախ է, քան 2018-2022-ին, երբ Փաշինյանը ֆորպոստի վարչապետ էր։ Սակայն այդ ու դրա նախորդ շրջանում անկախությունից հետընթացի պատճառը Արցախի թեմայով ծածկելը իրականության հետ կապ չունի, ավելին՝ բարոյական չէ։ ՀՀ իշխանությունները պարզապես սպասարկել են ռուսական շահերը։ Փաշինյանը ամենաջերմեռանդ կերպով է սպասարկել Մոսկվայի շահերը։ Բայց ռուսներն օգնել են Բաքվին 44-օրյա պատերազմում, կապիտուլյացիա պարտադրել Փաշինյանին, նպաստել Արցախի հայաթափմանը։ Այսինքն՝ Արցախը չէ պատճառը, որ Փաշինյանը անկախությունից նահանջել է 2018-2022-ին։ Սա թյուրիմացություն է կամ կեղծիք։
Ավելին՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե իրենց անկախության ջատագովներն են, արժանահավատ չեն։ Եթե նրա համար իրապես կարևոր լիներ ՀՀ անկախությունը, ապա նա մայիսի 9-ին չէր գնա Մոսկվա պառադի, Հունիսի 14-ին կհարգեր խորհրդային բռնազավթման տարիներին սպանված ու բռնադատված 100 հազարավոր հայերի հիշատակը, մեր երբեմնի բախտակից ազգերի օրինակով, Հայաստանից դուրս կհրավիրեր ռուսական զորքերը, լյուստրացիա ու դեսովետիզացում կաներ, Հայաստանը դուրս կբերեր ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից։ Եթե այսպիսի քայլեր չի անում Փաշինյանը, նշանակում է՝ անկախության ջատագով չէ։ Հետևապես՝ անկախության վերաբերյալ նրա հայտարարությունները, այդ թվում՝ Արցախի անկմամբ ՀՀ-ն ավելի անկախ դառնալու մասին պնդումները մանիպուլյացիա են։
Իրականության հետ աղերս չունի նաև նրա այս պնդումը, թե «Ղարաբաղի հարցը միջոց է եղել մեր անկախությունը, պետականությունը, զարգացումը, բարեկեցությունը թույլ չտալու»։ Տարրական քաղաքական գիտելիք ունեցողը գիտի, որ անկախությունից նահանջն է եղել Արցախի անկման պատճառը։ Նոյեմբերից 9-ից հետո ՀՀ-ի դեմ շարունակված ագրեսիան լեգիտիմացվել է, քանի որ Փաշինյանը ռուսական շահեր էր սպասարկում։ Իսկ Փաշինյանն այս թեման շրջում է, ներկայացնելով, թե Արցախի հարցը, Արցախի համար պայքարը եղել է անկախությունից նահանջների պատճառը, և Արցախի անկումը նպաստում է ՀՀ անկախությանը։
Կարճ ասած՝ եթե Նիկոլ Փաշինյանն այդքան վստահ է, որ Արցախի անկումը նպաստել է Հայաստանի անկախությանը, կարծում է, թե մինչև Նոյեմբերի 9-ը ՀՀ-ն անկախ չի եղել, Սեպտեմբերի 21-ը ծառայել է միայն Արցախի հարցին, և միայն Նոյեմբերի 9-ից հետո է անկախանալու հնարավորություն ստացել, ապա կարող է չեղարկել Սեպտեմբերի 21-ը որպես ազգային տոն, Անկախության օրը տեղափոխել ու նշել նոյեմբերի 9-ին, կապիտուլյացիայի ստորագրման օրը։ Այդպես ի լուր աշխարհի կհայտարարի, որ ՀՀ-ն իրապես անկախ է դարձել ոչ թե 1991-ի Սեպտեմբերի 21-ին, այլ 2020-ի նոյեմբերի 9-ին։
Թաթուլ Մկրտչյան