Կառավարության նկատմամբ հարգանքը կարևոր է հասարակական համերաշխության մթնոլորտի ձևավորման առումով։ Առանց դրա՝ խախտվում է ներքին խաղաղությունը, Կառավարության նախաձեռնությունները ցանկալի հանրային արձագանք չեն ստանում, ձախողման ռիսկերի են բախվում, հակակառավարական ցույցերի պատճառ դառնում։ Դրա համար կարևոր է, որ Կառավարության անդամները քաղաքական հեղինակություն ունենան, հանրային հարգանք վայելեն։
«Կառավարությունը ես եմ: Չի կարող Կառավարությունում որևէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ: Ընդհանրապես, եթե Կառավարությունում մարդիկ կան, որ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, թող դիմում գրեն, դուրս գան, եթե՝ ոչ, ես ինքս նրանց կհանեմ»,- օգոստոսի 28-ին ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին ՀՀ օրենքում սահմանված են Կառավարության կազմը, կառուցվածքը, գործունեության կարգը, կառավարության անդամների, վարչապետի լիազորությունները։ Այնտեղ գրված չէ, որ Կառավարությունը վարչապետն է, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանը։ Այս առումով՝ Փաշինյանի հայտարարությունը հակասում է օրենքին, հակաօրինական է։
Մյուս կողմից՝ եթե Կառավարությունը Նիկոլ Փաշինյանն է, ապա Կառավարության անդամներն ինչո՞ւ են քվեարկում նիստերի ժամանակ։ Փաշինյանը կարող է ասել, որ կողմ է կամ դեմ, ու վերջ։ Ինչո՞ւ են կառավարության անդամները ձևացնում, թե իրենք են որոշում, երբ գիտեն, որ Կառավարությունը Նիկոլ Փաշինյանն է։ Կամ ինչո՞ւ է Փաշինյանը քվեարկության դնում նախագծերը, երբ հաստատ գիտի, որ բոլորը քվեարկելու են այնպես, ինչպես ինքն է թելադրում։
Փաշինյանի այս հայտարարությունը նաև հակասում է ժողովրդավարության ոգուն։ Ոչ ոք անսխալական չէ։ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ աղետալի սխալներ է գործել, որոնց մի մասը խոստովանել է։ Եթե նախարարը, Կառավարության անդամը ժամանակին ու տեղին անհամաձայնություն հայտնեին, ապա աղետների մի մասը գուցե չլիներ։ Եթե Կառավարության անդամն այսօր, վաղը անհամաձայնություն հայտնի Փաշինյանին, ապա գուցե գալիք աղետները քիչ լինեն։ Ժողովրդավարության առավելությունը կառավարման մյուս ձևերի նկատմամբ՝ բազմակարծությունն է, որոշումները քվեարկությամբ ընդունելու նորմը։ Եթե կարծիք հայտնելու ազատություն չկա, եթե քվեարկությունը ձևական է, ու ժողովրդավարությունը ձևական բնույթ է կրում, ինչպես խորհրդային բռնազավթման տարիներին, ապա ժողովրդավարության ընձեռած առավելությունը չկա։ Շատերի կարծիքով՝ ժողովրդավարությունը Հայաստանի ամենահզոր զենքն է։ Փաշինյանն այս հայտարարությամբ, պատկերավոր ասած՝ զինաթափեց Հայաստանը։
Այսպիսով՝ ստեղծվել է ծանր իրավիճակ, որից դուրս գալու երկու ելք կա։
Առաջինը՝ կարող են փոփոխել Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին ՀՀ օրենքն, ընդգծելով, որ Կառավարությունը Նիկոլ Փաշինյանն է։ Միաժամանակ՝ կարող են Կառավարության նիստերում վերացնել քվեարկության կարգը։ Այսպես ձևականությունն ու կեղծիքը կվերանա, սակայն ՀՀ-ն չի կարող ներկայանալ որպես ժողովրդավարական պետություն։
Երկրորդը՝ ներողությունն է։ Օրեր առաջ՝ օգոստոսի 17-ին, Փաշինյանը ներողություն խնդրեց «դոմփել» ու «համբալ» բառերն օգտագործելու համար։ Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խախտել է վարքագծի կանոնը։ ԿԿՀ-ն եզրակացրել է, որ «դոմփել» բառը գռեհիկ է, կոպիտ ու անվայելուչ: ԿԿՀ-ն եզրակացրել է նաև, որ վիրավորանք է վարչապետի օգտագործած «համբալ» բառը: Այս նախադեպը կիրառելով, ԿԿՀ-ն կարող է քննել Փաշինյանի՝ «Կառավարությունը ես եմ» հայտարարությունն ու նույնպիսի եզրակացություն անել։ Իսկ Փաշինյանն էլ կարող է գրել. «Չնայած որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում»։
Կարճ ասած՝ Փաշինյանի այս հայտարարությամբ՝ Կառավարության անդամները մեկ վայրկյանում կորցրեցին քաղաքականություն որոշողի հեղինակությունը՝ զրոյացան։
Թաթուլ Մկրտչյան