Ներքին Խոսք 1 տարի առաջ - 13:06 18-08-2025

Աղոթքներով Ձեզ հետ ենք․ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Սամվել Կարապետյանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է
տիար Սամվել Կարապետյանին ծննդյան 60-ամյակի առիթով
———————
Օգոստոսի 18-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական նամակ է հղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ազգային մեծանուն բարերար Սամվել Կարապետյանի ծննդյան 60-ամյակի առիթով։

Վեհափառ Հայրապետի շնորհավորագրում ասվում է․

«Սիրելի պրն․ Կարապետյան,
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք հղում Ձեզ՝ վաստակաշատ հայորդուդ, և ջերմորեն շնորհավորում ծննդյան 60-ամյակի կապակցությամբ։
Պատկառելի այս հոբելյանը դիմավորում եք, գտնվելով հանիրավի ազատազրկման մեջ, ի պաշտպանություն մեր Սուրբ Եկեղեցու դրսևորած Ձեր արիասիրտ կեցվածքի և խրոխտ ոգու համար։ Ցավոք, հնարավորություն չունենք Ձեզ այցելելու և անձնապես Մեր բարեմաղթանքները Ձեզ փոխանցելու: Սակայն մեր հոգևորականաց և հավատավոր ժողովրդի հետ միասին աղոթքներով Ձեզ հետ ենք։ Տարակույս չունենք, որ ամուր եք հոգով և աներեր՝ Ձեզ բնորոշ հաստատակամության և սկզբունքայնության մեջ։

Բազումողորմ Աստված առատորեն օրհնել է Ձեզ և արժանացրել բազում շնորհների և պարգևների՝ բարեզարդելով Ձեր կյանքը նշանակալի հաջողություններով և իրագործումներով։ Այդ ճանապարհին Տերը Ձեզ ուղեկից է դարձրել Ձեր սիրելի ընտանիքին, գործընկերներին, Ձեր տեսիլքներին հավատ ընծայած հազարավոր անձանց։ Ամենատարբեր ոլորտներում արձանագրած Ձեր ձեռքբերումները Դուք ինքնաբուխ հոգով ծառայեցրել եք մեր ազգին՝ նպաստելով Հայաստանում, Արցախում և աշխարհի տարբեր հայկական համայնքներում առկա բազմաթիվ խնդիրների հաղթահարմանը և հայ կյանքում զարգացման ծավալուն ծրագրերի իրագործմանը։ Ազգօգուտ և հայրենանպաստ Ձեր գործունեությամբ Դուք արժանացել եք մեր ժողովրդի սիրուն ու հարգանքին՝ ազգային բարերարի վսեմ կոչումով։ Ձեր արդար վաստակն ի սպաս եք բերել նաև Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պայծառությանը։ Ձեր եկեղեցասիրությունն ու Էջմիածնասիրությունը բացառիկ է ու արարող՝ արդեն իսկ արձանագրված Հայոց արդի պատմության լուսավոր էջերում:

Միածնի Իջման Սուրբ Սեղանի առջև աղոթք ենք ընծայում Երկնավոր Տիրոջը՝ հայցելով շուտափույթ վերադարձ Ձեզ ընտանեկան օջախ։ Թող Ամենակալ Աստված պարգևի Ձեզ կենաց արևշատություն, արիություն ու ամրություն փորձությունների մեջ և ուժ ու համբերություն սիրելի Կարապետյան ընտանիքին։ Թող Բարձրյալ Աստված խաղաղ ու անվտանգ պահի մեր հայրենիքը, արժանապատիվ և բարօր կյանք պարգևի հավատավոր մեր ժողովրդին»։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
15:11 Ալեքսանդրա Գրիգորյանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել