Ուղիղ եթեր
Ներքին 9 ամիս առաջ - 18:10 07-08-2025

3․4%-անոց գնաճը վստահելի չի․ Վիճակագրական կոմիտեն 30 տարի նկարչությամբ է զբաղված

Հայաստանի սպառողական շուկայում 2025 թվականի հուլիսին 12-ամսյա գնաճը կազմել է 3.4%։ Այս ցուցանիշը հրապարակել է Հայաստանի Ազգային վիճակագրական կոմիտեն (ԱՎԿ)։ Չնայած այս ցուցանիշը ցածր է Կենտրոնական բանկի կանխատեսած թիրախային 4%-անոց շեմից, այնուամենայինիվ հանրության լայն շրջանակները այն կասկածի տակ են դնում՝ նշելով, որ կենսական նշանակության ապրանքներն անհամեմատ ավելի շատ են թանկացել։

Oragir.News-ի հետ զրույցում՝ տնտեսագետ Հրայր Կամենդատյանը, խոսելով վիճակագրական տվյալների պաշտոնական աղբյուրների մասին, նշեց, որ դրանք անարժանահավատ են։

«Կենտրոնական բանկն ունի 4%-անոց թիրախային սահման, որը կապված է գնաճի վերահսկման հետ։ Այսինքն՝ բյուջեի կանխատեսումների մեջ ամրագրված է այդ ցուցանիշը։ Բայց խնդիրը միայն այդ թիվը չէ։ Խնդիրը նրանում է, թե ովքեր են հավաքում գնաճի վերաբերյալ տվյալները, ովքեր են դրանք մշակվում և ինչպես են ներկայացվում։ Վիճակագրական ծառայության, մասնավորապես՝ Ազգային վիճակագրական կոմիտեի աշխատանքի նկատմամբ չկա վստահություն։ 30 տարի շարունակ այդ կառույցը զբաղվել է միայն «նկարչությամբ», այսինքն՝ տվյալների ձևական ներկայացմամբ, ոչ թե իրական վիճակի արտացոլմամբ»,- ասաց նա։

Կամենդատյանը կասկածի տակ է դնում ԱՎԿ-ի գործունեության ամբողջ պրակտիկան։

«Էդ մարդիկ ինչ ուզեն՝ կգրեն։ Երբ հարցադրում ես անում՝ խնդրելով հիմնավորել տվյալները, նույնիսկ դատարանում խուսափում են պատասխանից։ Մենք գործ ունենք ամբողջությամբ աղճատված վիճակագրական համակարգի հետ։ Սա դիտավորություն է։ Այս իրավիճակը քայքայում է տնտեսագիտությունը՝ որպես ճշգրիտ գիտություն։ Մոդելավորումն առանց վստահելի վիճակագրական տվյալների՝ պարզապես անհնար է»։

Ըստ տնտեսագետի՝ վիճակագրական մարմինները գնաճի իրական պատկերը քողարկելու համար օգտագործում են մանիպուլյատիվ մեթոդներ։

«Նրանք հետաքրքիր մեթոդ ունեն՝ հիմնական պարենային ապրանքների գնաճը կոծկելու համար ներմուծում են գոյություն չունեցող գներ։ Օրինակ՝ որևէ ավտոմեքենայի պահեստամասի գին, որևէ կոշիկի քող, կամ որևէ փայտի պատվաստվածքի գին։ Այդ ամենից հետո ներկայացվում են միջինացված թվեր, որոնք կապ չունեն մարդկանց առօրյայում զգացած գնաճի հետ։ Արդյունքում ստացվում է տնտեսական շտեմարանների, տնտեսականհ ասկացությունների և գիտելիքի համակարգված խեղաթյուրում»։

Կամենդատյանն առանձնահատուկ ընդգծեց նաև կոնկրետ անձի դերակատարումը համակարգային կեղծումների մեջ․ «Ստեփան Մնացականյան։ Այդ անձնավորությունը շուրջ 30 տարի աշխատել է՝ սկսած Քոչարյանի օրերից, անցնելով Սերժ Սարգսյանի ժամանակով և հասնելով մինչև ներկա իշխանություն։ Նրան կարելի է համարել պատասխանատու այս ամբողջ համակարգային աղճատման համար։ Նրա գործունեությունը պարզապես զրկել է Հայաստանի բոլոր տնտեսագետներին հուսալի վերլուծության հնարավորությունից»։

Իր խոսքն ամփոփելով՝ Հրայր Կամենդատյանը նշեց․ «Էս մարդուն և նրա աշխատակազմին կարելի է նույն օրը ազատել աշխատանքից և կալանավորել։ Նրանց գործունեությունը վտանգավոր է պետության համար։ Իրենք տարիներ շարունակ ներկայացրել են կեղծ ու աղճատված տեղեկատվություն, որի հիման վրա կառուցվել են պետական տնտեսական քաղաքականությունները»։