Քաղաքական մտքի առաջին քարերը դրվում են պատմության դասագրքերով։ Թերևս, սա հաշվի առնելով է վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել «Հայոց պատմություն» առարկան դարձնել «Հայաստանի պատմություն»։ Լավատեսություն կար, թե կկարողանան պատմությունը վերաիմաստավորել, վերաշարադրել ազգային տեսանկյունից, Հայաստանի անկախությունը պահելով առանցքում, հարգելով ժողովրդավարական արժեքները։ Սակայն առարկայանում է հոռետեսությունը, թե ունքն ուղղելու փոխարեն կրկին աչքն են հանելու։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հուլիսի 27-ին ֆեյսբուքյան էջում 2 լուսանկար է հրապարակել «Հայաստանի պատմություն» առարկայի 9-րդ դասարանի դասագրքից ու գրել. «Սեպտեմբերից՝ դպրոցներում»։ Լուսանկարներից մեկում դասագրքի 1-էջանոց նախաբանն է։
Այս դասագրքին, հավանաբար, առաջիկայում կանդրադառնան պատմաբանները։ Մինչ այդ նկատենք, որ հրապարակված նախաբանը մի շարք հարցեր է առաջացնում։
«Հիշիր, որ սեփական պետության արժանի, բանիմաց ու պատասխանատու քաղաքացին խոր և բազմակողմանի վերլուծություն է կատարում՝ ուսումնասիրելով տարբեր տեսանկյուններ, համադրելով տարբեր փաստեր, և միայն դրանից հետո հանգում հիմնավորված եզրակացությունների կամ հետևություններ անում ներկայի ու ապագայի համար»,- գրված է «Հայաստանի պատմություն» 9-րդ դասարանի դասագրքի նախաբանում։
Այստեղ խնդրահարույց է «արժանի քաղաքացի» որակումը։ Փիլիսոփան կարող է միանգամից նկատել, որ եթե կա արժանի քաղաքացի, ապա կա նաև անարժան քաղաքացի։ Օրինակ՝ եթե մարդը ՔՊ-ի համակիր է և խոր ու բազմակողմանի վերլուծություն անելու ընդունակ չէ, ուրեմն արժանի քաղաքացի չէ՞։ Կամ եթե մարդը հնարավորություն, ժամանակ չունի տարբեր տեսանկյուններ ուսումնասիրելու և համադրելու փաստերն, ապա արժանի քաղաքացի չէ՞։ Ո՞վ և ինչպե՞ս է որոշում՝ քաղաքացին արժանի՞ է, թե՞ անարժան։ Ո՞վ է այդ անարժան քաղաքացին, որից ուզում են աշակերտին զատել դասագրքի նախաբանը գրող հեղինակները։ Եվ «արժանի քաղաքացի» որակումն ի՞նչ կապ ունի «Հայաստանի պատմություն» դասագրքի բովանդակության, մեթոդաբանության հետ։
«Արժանի քաղաքացի» ձևակերպումը վիրավորական ակնարկ է պարունակում ժողովրդավարական արժեբանության առումով։ ՀՀ-ում հավասարությունը հիմնարար արժեք է, ՀՀ սահմանադրական նորմ։ Ժողովրդավարական հասարակությունում չկան, չեն կարող լինել արժանիներ և անարժաններ։ Բոլոր քաղաքացիները հավասար են, հավելյալ տեսակավորման, դասակարգումների, բաժանումների կարիք չունեն։ 2018-ից ի վեր ՔՊ-ականները, իսկական հեղափոխականների պես, փորձել են ժողովրդին բաժանել տեսակների, մասերի, ատելություն ներշնչել նրանց միջև։ Դասագրքային այս նախաբանը մտավախություն է ծնում, որ նախկին-ներկա, սև-սպիտակ և նման հակաժողովրդավարական, աղետալի, դեգրադացնող ու բթացնող բաժանումների շարքին կավելանա ևս մեկը՝ արժանի՞ քաղաքացի ես, թե՞ անարժան։
Սա էլ ամենը չէ։ Ընդհանրապես՝ դասագիրք կազմողը հավակնում է արժանահավատ գիտելիք մատուցել։ Իսկ այս դասագրքի նախաբանում ակնարկում են, որ աշակերտը պետք է ուսումնասիրի տարբեր տեսանկյուններ։ Այսինքն՝ դասագրքում ներկայացված տեսանկյունից զատ, աշակերտն այլ տեսակյուննե՞ր էլ պետք է ուսունասիրի։ Թե՞ դասագիրքը կազմողը չի կարողացել ազգային տեսանկյուն մշակել, այլ կողք կողքի է դրել այստեղից, այնտեղից արտագրած իրարամերժ տեսանկյուններ՝ եզրակացությունը թողնելով աշակերտին։ Եթե այսպես է, ապա սա դասագիրք չէ, այլ վկայում է, որ հեղինակները կա՛մ չեն հասկացել «Հայաստանի պատմություն» գրելու քաղաքական պատվերը, կա՛մ իրականում այլ խնդիր է դրվել նրանց առաջ՝ կազմել խայտառակ դասագիրք, որ խճճվեն ՀՀ քաղաքացու պատկերացումները 19-21-րդ դարերի Հայաստանի պատմության վերաբերյալ։
Կարճ ասած՝ անհավատալի է, որ այսպիսի խայտառակ նախաբան կարող էին գրել պատմաբանները՝ «Հայաստանի պատմություն» 9-րդ դասարանի դասագրքի հեղինակները։ Սա ինչ-որ մութ և անհասկանալի էջ է։ Ու եթե գիրքը դեռ չի մտել տպարան, ապա լավ կլինի, որ մտնի առանց այս սխալ նախաբանի։
Թաթուլ Մկրտչյան