Միտք Ներքին 10 ամիս առաջ - 09:00 21-07-2025

Թշնամին ծաղրում է, Փաշինյանը՝ լռում. ո՞վ կհակադարձի ալիևյան լկտիությանը

Յուրաքանչյուր քաղաքացու համար վիրավորական է, երբ օտար երկրի ղեկավարը ծաղրում է Նիկոլ Փաշինյանին, ծիծաղում նրա վրա։ Այսպիսով՝ ոտնահարվում է ոչ միայն նրա, այլև պետության, ժողովրդի արժանապատվությունը։

Հուլիսի 19-ին բռնազավթված Արցախում կազմակերպվել է «Թվային անցումներ. տեղեկատվության և լրատվամիջոցների դիմադրողականության ամրապնդում արհեստական բանականության դարաշրջանում» թեմայով 2-րդ գլոբալ մեդիա ֆորումը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ֆորումին մասնակցել են 52 երկրից մոտ 140 հյուր։ Նրանց առջև ելույթ ունենալիս, Ադրբեջանի նախագահ Ալիևը հիշել է, թե ինչպես Փաշինյանը դժվարացրեց իր կյանքը՝ 2019 թվականին բարձրաձայն հայտարարություն անելով. «Այս մարզադաշտում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այժմ ասում է, որ Ղարաբաղը պետք է ճանաչվեր որպես Ադրբեջանի մաս, ավելի վաղ՝ 2019 թվականի ամռանը, մեծ հանրահավաքի ժամանակ ասել էր, որ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», այդպիսով ստորագրելով, ինչպես ասում են, իր համար դժվար կյանք»։ Այս մասին Ալիևը պատմել է ծիծաղով, և դահլիճից ևս նրան արձագանքել են ծիծաղով։

Փաշինյանը, ՔՊ-ն, Հայաստանը, քաղաքական համայնքը կարո՞ղ են հակադարձել այս հրապարակային ծաղրին։

ՔՊ-ականներն, օրինակ, կարող են հակադարձել Ալիևին, ընդգծելով, թե Նիկոլ Փաշինյանի կյանքը չի դժվարացել։ Նա շատ հանգիստ վայելում է կյանքը, հեծանիվ է քշում, սափրել է մորուքը, «Կրթվելը նորաձև է» հանդիպումների է մասնակցում հարկատուների հաշվին, շփվում ժողովրդի հետ, ասուլիսներ է ունենում, ամեն օր Գարեգին Բ-ի մասին գրոհային գրառումներ է անում և այլն։ Սա՞ է դժվար կյանքը։

Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, հավանաբար, ևս չեն կիսի Ալիևի կարծիքը, թե Փաշինյանի կյանքը դժվարացել է «Արցախը Հայաստան է, և վերջ» ասելուց հետո։ Այս կարգի ընդդիմադիրների կարծիքով՝ Փաշինյանը թուրք-ադրբեջանական շահերն է սպասարկում, այդ է նրա խնդիրը։ Նա հաջողությամբ սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը, տարածաշրջանում մեծացել է Ադրբեջանի, Թուրքիայի ազդեցությունը։ Հետևաբար՝ ընդդիմադիրները կարող են կարծիք հայտնել, թե Փաշինյանն իրեն լավ է զգում, թեթև, ուրախ, հանգիստ, նրա կյանքը չի դժվարացել։

Դժվարացել է արցախցիների կյանքը, որոնք բռնի տեղահանվել են իրենց բնօրրանից, պատերազմների ժամանակ զոհվածների հարազատների կյանքը, քանի որ մարդկային կորուստն անդառնալի է, գերեվարված, Բաքվում հանիրավի դատվող Արցախի ղեկավարների կյանքը։ Դժվարացել է սահմանամերձ գյուղերի բնակիչների կյանքը, որոնք Ադրբեջանի ագրեսիայի և միակողմանի սահմանազատման արդյունքում զրկանքներ են կրում։ Փաշինյանի կառավարությունը զբաղվում է նրանց մեծ մասի հոգսերով՝ նպաստներ է տալիս, արտոնություններ սահմանում բռնի տեղահանվածների, զոհվածների հարազատների, սահմանամերձ գյուղերի բնակիչների համար։ Միջազգային հանդիպումներում խոսում է Բաքվում պատանդառված հայերի, այդ թվում՝ Արցախի ղեկավարների մասին և այլն։ Այս խմբերի կարծիքով ևս՝ Փաշինյանի կյանքը չի դժվարացել։

Ավելին՝ ոմանք կարող են կարծիք հայտնել, թե Ալիևը ոչ թե ծաղրում է գործընկերոջն, այլ բարձրացնում է Փաշինյանին, տպավորություն ստեղծելով, թե վերջինս իրոք մտահոգ է Արցախի, Հայաստանի որոշ տարածքների բռնազավթմամբ, մարդկային կորուստներով, Արցախի ղեկավարների գերեվարմամբ, արցախցիների բռնի տեղահանմամբ և այլն։

ՀՀ իշխանությունն իրոք կարող է համարժեք հակադարձել Ալիևի լկտիությանը, լիարժեք գաղտնազերծելով այն ամբողջ տեղեկատվությունն, ինչ իրեն հայտնի է 44-օրյա պատերազմի, Արցախի բռնազաթման, արցախցիների տեղահանման, Արցախի ղեկավարների պատանդառման մասին, ժողովրդին ու աշխարհին ցույց տալով Փաշինյանի սխալները, մերկացնելով հայ ժողովրդի դեմ ագրեսիայի իրական շահառուներին, ապացուցելով, որ «Արցախը Հայաստան է, և վերջ» խոսքը ինչ պատրվակ է ծառայել այս մեծ պատմության մեջ։ Թշնամիներն այդ պատրվակի փոխարեն այլ պատրվակ կարող էին գտնել կամ ընդհանրապես առանց պատրվակի անել այն, ինչը վաղուց ծրագրել էին անել հայ ժողովրդի դեմ 2020-ին։

Ի վերջո՝ քաղաքական համայնքի այն ուժերը, որոնց համար Արցախի էջը փակված չէ, կարող են խմբագրել «Արցախը Հայաստան է, և վերջ» խոսքը հետևյալ կերպ՝ «Արցախը կրկին լինելու է Հայաստան, և վերջ»։ Այսպես՝ գուցե կարելի է հակադարձել ալիևյան լկտիությանը։

Թաթուլ Մկրտչյան