copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 09:40 15-03-2024

Աշխարհը չի ընդունում ալիևյան կեղծիքը

Այսօր Բաքվում անցկացված «XI գլոբալ համաժողովին», որն ընթանում է «Կողոպտված աշխարհի վերականգնումը» ամպագոռգոռ լոզունգի ներքո, Ալիևը ներկայացել է, մասնավորապես, Ֆրանսիայի Էվիան քաղաքում (!) տեղակայված՝ «ադրբեջանցի բանաստեղծուհի» Խուրշիդբանու Նաթավանի հուշարձանի նկատմամբ վանդալիզմի ակտի (մոտ 1 շաբաթ առաջ մամուլում տեղեկություններ էին տարածվել Էվիանում տեղակայված՝ Նաթավանի անդրիին կարմիր ներկ քսելու և արձանի քիթը ջարդելու փորձի մասին – խմբ․) դատապարտմամբ՝ այն անվանելով «հստակ հակաադրբեջանական և հակաիսլամական քաղաքականության դրսևորում»։

Նշենք, որ Նաթավանը «Ղարաբաղի Մեհթի-խանի» աղջիկն էր, ծնվել և մահացել է Շուշիում։ Ֆրանսիայի հետ այնքանով կապ ունի, որ, ինչպես ներկայացնում է Վիքիպեդիան, 1858 թվականին Բաքվում հանդիպեցրել են Ռուսական կայսրության հարավային այդ քաղաք այցելած Ալեքսանդր Դյումայի հետ, ով հետագայում գրել է․ «Ներկա էի ընթրիքի, որին հրավիրված էին նաև թաթար իշխանուհիներ, որոնց ներկայացրին, որպես ղարաբաղյան խան, գեներալ-մայոր Մեհթիղուլի խանի կինը և աղջիկը»։

Հայտնի է, որ Նաթավանի արձան է տեղադրվել նաև բելգիական Վաթեռլոոյում, որտեղ 2016 թվականին արձանին քսվել է սպիտակ ներկ և վնասվել պատվանդանը։

Նշենք, որ ադրբեջանական իշխանությունները վերջին տասնամյակներին բավական մեծ միջոցներ են ծախսել՝ աշխարհի այս կամ այն երկրում տեղադրելու հատկապես իր հոր հիշատակին նվիրված մեծածավալ, թանկարժեք քանդակներ։

Այսպես, 2013 թվականի հունվարի 26-ին Մեքսիկայի մայրաքաղաքի կենտրոնական Ռեֆորմա պողոտայից ապամոնտաժվեց Հեյդար Ալիևի արձանը, որն այնտեղ էր զետեղվել դեռ նախորդ տարում։ Մահաթմա Գանդիի, Աբրահամ Լինկոլնի ու Մեքսիկայի ազգային հերոսների արձանների հարևանությամբ «տեղավորված» նախկին կոմունիստ գործիչ Հեյդար Ալիևի արձանը, սակայն, դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել մեքսիկացիների շրջանում: Նա ներկայացվել էր, որպես բռնապետ, որի արձանը տեղ չունի ազատասեր մեքսիկացիների մայրաքաղաքի կենտրոնում։ Արձանը այգուց տեղափոխվեց պահեստ, ապա հաջորդեցին ադրբեջանական կողմի սպառնալիքները՝ չեղյալ հայտարարել խոստացված 4 միլիարդ դոլարի ներդրումը, խզել դիվանագիտական կապերը: Մեխիկոյի քաղաքապետարանն այդպես էլ չկարողացավ բավարարել Իլհամի սիրելի հոր՝ մոտ 4 մետր բարձրության և 4 մլն դոլար արժողության արձանը որևէ «արժանի տեղում դնելու» ցանկությունը։

Հեյդար Ալիևի և նրա կնոջ արձաններն ապամոնտաժվեցին նաև Կանադայի Նիագար օն զե Լեյկ քաղաքում՝ 2012 թվականի սեպտեմբերին։ Հիմնավորվեց, որ դրանք բռնապետությունը խորհրդանշող հուշարձաններ են։ Սակայն այս դեպքում Իլհամը սպառնալիքներ չտեղաց և ինչ-որ գնահատականներ չհնչեցրեց։

Ավելին, Իլհամը ստիպված էր հաշվի առնել քաղաքակիրթ աշխարհի կարծիքը և 2015 թվականին գնաց աննախադեպ քայլի՝ Բաքուն հանկարծակի սկսեց մաքրվել Հեյդար և Իլհամ Ալիևների հազարավոր նկարներից, քանդակներից, ասույթներից․․․ Պատճառը՝ նույն թվականի հունիսին անցկացվող Առաջին եվրոպական խաղերն էին, որոնց ժամանող արտասահմանցի հյուրերի համար Ալիևներով ողողված քաղաքը խորթ էր թվալու։

Նշենք, սակայն, որ Խաղերն ավարտվելուց քիչ անց Բաքուն կրկին «ալիևախեղդ» էր արվել․․․

Տիգրան Աթանեսյան