Քոլեջներում կրթությունը պահանջարկ ունի։ Սակայն քոլեջների մի մասում մասնագետ չեն պատրաստում, այլ պատկերացում են տալիս մասնագիտության մասին, իսկ շրջանավարտները աշխատանքի ընդունվելուց հետո են իրապես ծանոթանում են մասնագիտական հմտություններին։
Սա լուրջ խնդիր է, որին առաջին անգամ անդրադարձել է Կառավարությունը հուլիսի 18-ի նիստում։ «Մարդը դիպլոմը ստացավ, առնվազն կրտսեր մասնագետի մակարդակի պետք է այդ հմտությունն ունենա, որ ցանկացած հիմնարկ այդ դիպլոմը տեսնելիս լրացուցիչ չմտածի՝ տանեմ, տեսնես՝ կարո՞ղ է, թե՞ չէ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Ինչո՞ւ է այսպիսի իրավիճակ ՀՀ-ում։ Եվ Նիկոլ Փաշինյանը 7 տարի անց նո՞ր տեսավ, որ քոլեջները մասնագետ չեն պատրաստում։
Այս իրավիճակի հիմնական պատճառն այն է, որ կրթությունը տնտեսությունից կտրված է։ Քոլեջների տնօրենների մի մասին առաջին հերթին հետաքրքրում է ուսման վարձը գանձելը, իսկ հմտությունները յուրացնելը մնում է սովորողի ջանասիրության վրա։ Սովորողների մի մասը քիչ բան է վերցնում։ Դասավանդողներն էլ մատների արանքով են նայում։ Գործնական դասընթացները քիչ են։ Պատկերավոր ասած՝ սովորողները դիպլոմ ստանում են, բայց արհեստի մեջ իրապես չեն մտնում։
Իհարկե՝ այսպիսի թերի, կիսատ-պռատ կրթությունն էլ դրական է անձի աճի առումով։ Այն ավելի լավ է, քան այդ ընթացքում փողոցում թրև գալը։ Սակայն պրագմատիկ մոտեցման, ժամանակի խելացի տնօրինման առումով՝ այսպիսի քոլեջներն անիմաստ են, քանի որ այնպիսի մասնագետ չեն պատրաստում, որ քոլեջն ավարտելու հաջորդ օրն անմիջապես գործի կընդունվի նորմալ աշխատավարձով։
Այս իրավիճակի պատասխանատուն, իհարկե՝ կառավարությունն է։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Կառավարության հիշյալ նիստում տեղեկացնում է, որ ամենամեծ պահանջարկ ունի խոհարարի մասնագիտությունը։ Օրինաչափ է, ՀՀ-ում շատ են հասարակական սննդի օբյեկտները։ Սակայն օրինաչափ չէ, որ խոհարարական քոլեջի շրջանավարտը դժվարությամբ է աշխատանք գտնում, գտնելուց էլ տևական ժամանակ ցածր աշխատավարձով փորձաշրջան է անցնում, որից հետո ընդունվում գործի կամ դուրս մնում։
Այն լուծումները, որոնք առաջարկվեցին Կառավարության նիստում, բավարար չեն։ Խնդիրը համակարգային լուծում է պահանջում։ Նախ անհրաժեշտ է գույքագրել տնտեսության կարիքները, պահանջվող մասնագիտությունների ցանկ կազմել, պարզել, թե ինչ մասնագետի ինչքան կարիք կա, հիմնավոր կանխատեսում անել, թե որոշվող քաղաքականության արդյունքում ինչի կարիք է լինելու մի քանի տարի հետո։ Ըստ այդմ՝ քոլեջներում բացել համապատասխան մասնագիտությունների կուրսեր։ Այնուհետև կառավարությունը ոլորտային հիմնարկություններին, տնտեսվարողներին կարող է պարտավորեցնել երկկողմ պայմանագրեր կնքել քոլեջների հետ, որով, օրինակ՝ «Տաշիր պիցան» կպարտավորվի ամեն տարի խոհարարի մասնագիտություն յուրացնող այսքան ուսանողի հնարավորություն տալ գործնական դասընթաց անցնելու իրենց մոտ, ծանոթանալու մասնագիտական գաղտնիքներին, ավարտելուց հետո էլ ընդունվելու աշխատանքի։ Իսկ քոլեջն էլ ուսանողից գանձված վճարի մի մասը կպարտավորվի փոխանցել տնտեսվարողին իր ուսանողների գործնական ուսուցումն ապահովելու համար։
Սա է աշխարհում տարածված մոդելը։ Իսկ ՔՊ-ական իշխանությունները 7 տարի առաջին դասարանում մնալուց հետո հանկարծ հիշել են, որ Հայաստանում քոլեջները ձևական բնույթ են կրում, մասնագիտական կրթության իմիտացիա են ստեղծում, պատանիներից գանձում են ուսման վարձ, սակայն չեն պատրաստում այնպիսի հմուտ մասնագետներ, որոնք քոլեջն ավարտելուց միանգամից կարող են լիարժեք աշխատավարձով աշխատանքի անցնել ու լավ ապրել։
Սա ցույց է տալիս, թե ինչ անպատասխանատու վերաբերմունք ունի Փաշինյանը մասնագիտական կրթության, տնտեսության, ընդհանուր բարեկեցության, երիտասարդների իրավունքների նկատմամբ։ Գուցե Կառավարության հուլիսի 18-ի նիստից հետո առաջընթաց կլինի քոլեջների ուսանողների և շրջանավարտների համար։ Սակայն ընդհանուր բարեկեցության մակարդակի աճի առումով՝ առաջընթացը քիչ հավանական է, քանի որ Փաշինյանի ռուսամետ կուրսի արդյունքում ՀՀ միջազգային վարկն ընկած է, ՀՀ-ում մեծ ներդրումներ չեն լինում։ Հետևապես՝ կանխատեսելի է, որ քոլեջավարտի ախատավարձը տեսանելի ապագայում չի բարձրացնա։ Պարզ ասած՝ մարդը չի կարողանա լավ ապրել։ Եվ քոլեջավարտը որոշ ժամանակ ՀՀ-ում աշխատելուց հետո կմտածի արտագաղթի մասին, տեղը զիջելով հաջորդ սերնդի շրջանավարտին։ Եվ այդպես շարունակ։
Թաթուլ Մկրտչյան