Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտնում վերջիններիս գույքի և եկամուտների հայտարարագրերում, իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրանք, մենք կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։
Այսօր ուսումնասիրել ենք Ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահե Հովհաննիսյանի և նրա կնոջ՝ Ինեսա Ռեվազյանի՝ 2024 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերը։
Հիշեցնենք՝ Հովհաննիսյանը 2018-2019 թվականներին եղել է Նիկոլ Փաշինյանի խորհրդականը՝ հասարակական հիմունքներով, 2020-2021 թվականներին՝ Ասիական զարգացման բանկի տնօրենների խորհրդի անդամ և տնօրենի խորհրդական, 2021-2022 թվականներին զբաղեցրել է ֆինանսների փոխնախարարի պաշտոնը, իսկ 2022-ի դեկտեմբերի 20-ին նշանակվել է ֆինանսների նախարար։Որպես անշարժ գույք՝ Հովհաննիսյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ բնակարան՝ Երևանում, որը ձեռք է բերել 2004 թվականի փետրվարի 15-ին, ինչպես նաև այգետնակ-հողամաս՝ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում, որը նա գնել է 2015 թվականի հոկտեմբերի 23-ին։ 2024 թվականի օգոստոսի 14-ին նա 100 հազար դրամով վաճառել է Հրազդանում գտնվող իր հողամասը վաճառել է՝ ոմն Գրիգոր Խաչիկյանի, իսկ Երևանում գտնվող բնակարանը պահպանվել է։ Բացի այդ, նա 90 օրից ավելի տիրապետում է Երևանում գտնվող մի բնակարանի, որի սեփականության իրավունքն իրեն չի պատկանում։
Որպես շարժական գույք՝ Հովհաննիսյանը հայտարարագրել է 2007 թվականների արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2020 թվականի հունվարի 23-ին, ինչպես նաև 1995 թվականի արտադրության HONDA մակնիշի մեքենա, որը գնել է 2012 թվականի հունիսի 23-ին։ Տարեվերջին 2 մեքենան էլ պահպանվել են։
Պաշտոնյան Ինոգեյթ ՍՊԸ-ում ունեցել է 17 հազար դոլար, Ջի կոդեր ՍՊԸ-ում՝ 52 մլն 614 հազար դրամ և Էյ Սի ԷՄ Սի ՍՊԸ-ում՝ 35 մլն 380 հազար դրամ փոխառություններ, որոնք տարեվերջի դրությամբ նույնությամբ պահպանվել են։
Հովհաննիսյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 153․658 դրամ, տարեվերջին՝ 3 մլն 153․090 դրամ։ Բացի այդ, նա 2024-ի տարեկսզբին հայտարարագրել է 100 հազար դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։
2024 թվականի հաշվետու տարում Հովհաննիսյանի եկամուտները կազմել են 20 մլն 737․620 դրամ, որից 19 մլն 478․695 դրամը Ֆիննախից ստացած աշխատավարձն է, 1 մլն 258․925 դրամը՝ Վարդենի հյուրատնից վարձակալության դիմաց ստացած եկամուտը։
Վերջինս իր եկամուտներից 5000 դոլար՝ 2 մլն 124․815 դրամ, հատկացրել է շարժական կամ անշարժ գույքի վարձակալմանը։
Պաշտոնյայի կինը՝ Ինեսսա Ռևազյանը, որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է բաժնային՝ ⅕ սեփականությամբ բնակարան՝ Երևանում, որը ձեռք է բերել 1996 թվականի հունվարի 16-ին, որը տարեվերջին պահպանվել է։ Բացի այդ, նա համատեղ սեփականությամբ տիրապետում էր ամուսնու հայտարարագրած այգետնակ-հողամասին, որը 2024-ին վաճառվել է։
Վերջինս 1000 դրամ անվանական արժեքով 2 բաժնեմաս է հայտարարագրել, որոնք տարեվերջին պահպանվել են։
Ռևազյանը Դրիմ Բոքս ՍՊԸ-ում տարեսկզբին ունեցել է 3 մլն 415․527 դրամ, տարեվերջին՝ 3 մլն 588․527 դրամ։
Նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 26․569 դրամ, տարեվերջին՝ 97․591 դրամ։ Կանխիկ միջոցներ նա չի հայտարարագրել։
2024 թվականի հաշվետու տարում Ռևազյանի եկամուտները կազմել են 2 մլն 203․041 դրամ, որից 1 մլն 937․541 դրամը «Քվադրում» հայ-ֆրանսիական ճարտարապետական արվեստանոցից, 265․500 դրամն էլ՝ Դրիմ Բոքս ՍՊԸ-ից ստացած աշխատավարձն է։