Միտք Ներքին 11 ամիս առաջ - 09:10 01-07-2025

Հանրային տիրույթում միմյանց հայհոյելը կդառնա նորմալ

Մարդիկ հայհոյում են աղետալի սխալներ գործած ղեկավարին։ Նա ինչո՞ւ է նույնկերպ ուզում հայհոյել մարդկանց։ Սա անպատասխանատվության դրսևորում է։

«Հանդուրժել հայհոյա՞նքը։ Իմ անձի նկատմամբ դեռ հասկացանք, բայց կողմնակիցներիս ու ընտանիքիս անդամների հասցեին՝ չեմ կարող այլեւս հանդուրժել։ Հետեւաբար, իմ դիրքորոշումը հստակ է։ Կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, ես կվարվեմ նույն կերպ։ Կլինի հայհոյանք ու վիրավորանք՝ արձագանքելու եմ նույն կերպ։ Կլինի հարգանք, կարձագանքեմ հարգանքով։ Այլ բան խնդրում եմ չսպասել։ Ընդ որում, իմ բոլոր համախոհներին եւ կողմնակիցներին կոչ եմ անելու վարվել նույն կերպ։ Ակտիվորեն վարվել նույն կերպ»,- հունսի 30-ին գրել է Նիկոլ Փաշինյանը։

Ի՞նչ կլինի, երբ բոլորը բոլորին հրապարակավ հայհոյեն։

Ռուսների խոսակցական լեզվում ամեն երրորդ բառը հայհոյանք է։ Գրեթե բոլորն այդպես են խոսում իրար հետ ու չեն վիրավորվում։ Խուլիգանները ևս շատ են կիրառում հայհոյանք։ Եթե ՔՊ-ականները սկսեն բոլոր ընդդիմախոսներին ակտիվորեն հայհոյել, ապա ժողովուրդը կայլասերվի, կդառնա ռուս, խուլիգան։

Որքան էլ ցավալի է, բայց Նիկոլ Փաշինյանը չի գիտակցում, որ ինքը երկրի ղեկավարն է, ժողովուրդն օրինակ է վերցում իրենից, իր խոսքը դիտվում է որպես պետության խոսք, իր լեզուն՝ պետական, քաղաքական լեզու։

Որոշ քննադատներ իրավացիորեն նշում են, որ երբ երկրի ղեկավարը հայհոյում է, ապա այն կարող է դիտվել որպես պետության կողմից հնչող հայհոյանք, սպառնալիք, որն իրագործելու բոլոր լծակները իշխանությունն ունի։ Այն ընկալվում է սպառնալիք՝ հանրային կենսակարգին, ժողովրդավարության մշակույթին և պետության ինստիտուցիոնալ բարձրությանն առհասարակ։ Ոմանք մտահոգություն են հայտնում, որ երբ իշխանությունը իջնում է նույն մակարդակի և արձագանքում է հայհոյանքով, ապա նա ոչ թե հակազդում է, այլ վավերացնում, խրախուսում է այդ մեխանիզմը, դարձնելով այն քաղաքական հռետորաբանության նորմ։

Հանրային մտահոգությունները, սակայն, Նիկոլ Փաշինյանին, հավանաբար, չեն հուզում։ Նրան հետաքրքրում է մեկ բան, ինչպե՞ս հաղթել առաջիկա ընտրապայքարում։ Անվերջ դատարկաբանությունը հոգնեցրել է հանրության մեծ մասին։ Նույն սպեկուլյացիաներից ու մանիպուլիացիաներից ձանձրացել են մարդիկ։ Եվ պետք է նոր խոսք, նոր ասելիք, որը կապահովի քվե։ ՔՊ-ն ասելիք չունի։ Այնքան շատ պարտություններ է ունեցել նախընթաց տարիներին, որ ամենաթույլ քննադատություն էլ ջախջախիչ կարող է լինել նրա համար։ Այնքան խոստովանություն է եղել Փաշինյանի կողմից, որ միայն դրանք մեջբերելը բավական է, որ մարդիկ նրան չընտրեն։ Այսինքն՝ ռացիոնալ բանավեճում, հավասար քարոզարշավային պայմաններում ՔՊ-ի պարտվելու հավանականությունը մեծ է։

Հետևաբար՝ անհրաժեշտ է իջեցնել խոսույթի մակարդակը հայհոյանքի աստիճանի։ Այս դեպքում միայն Փաշինյանը, նրա համախոհներն ու կողմնակիցները հաղթելու շանս ունեն։ Գյումրիի վերջին ընտրարշավի ժամանակ Փաշինյանը բոլոր մրցակիցներին որակեց գող ու թալանչի։ Եթե հայհոյանքը դառնա նորմալ, ապա նա, նրա կողմնակիցներն ու համախոհներն առաջիկա ընտրապայքարում բոլոր մրցակիցներին հայհոյելու են, անխտիր, առանց տարբերելու, առանց բացառության։ Ինքնասիրություն ունեցող մարդն այսպիսի ընտրապայքարին պարզապես չի մասնակցի, որ հանիրավի հայհոյանքի չարժանանա։ Ասպարեզում կմնան նրանք, որոնց համար հայհոյանքը վիրավորական չէ, իսկ մանդատ ունենալը կենսական անհրաժեշտություն։

Կարճ ասած՝ Փաշինյանը հունիսի 30-ի գրառմամբ ակնարկում է, որ ՔՊ-ն առաջիկա քարոզարշավի ժամանակ ակտիվորեն հայհոյելու է մրցակիցներին։ Նույնիսկ ՔՊ նախընտրական կարգախոսը կարող է լինել հայհոյանք։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:32 Սոֆի Դևոյանը ցույց է տվել, թե ինչպես են տոնել Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ ծննդյան օրը
16:00 ՔՊ-ական աճպարարություն. ում ձայներն են ավելացել 18.125-ով
13:17 Քաղաքական ուժը կարող է պարտվել ընտրություններում, սխալվել, բայց ամենավտանգավորը ընտրողի վստահությունը կորցնելն է. Արփինե Հովհաննիսյան
22:59 Թող ազատեն քաղաքապետին, որ նա Գյումրին կսկսի շենացնել. Ավետիս Առաքելյանի արձագանքը` Փաշինյանին
13:00 Գերիների ազատման հույս է արթնանում
17:38 Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է
17:32 Գոհար Մելոյանը, փաստորեն, լիահույս է, որ կհաջողվի իրենց կողմը գրավել՝ ուշադրությո՛ւն, ՔՊ-ի «հայրենասեր» պատգամավորներին. Արմեն Այվազյան
19:28 Հունիսի 2-ին մահացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել. ԶԼՄ
14:05 Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում
17:44 Լսել են ոսկորիս խրթոցը, շուրջբոլորն արյուն էր. Լուսինե Հայրապետյանը Բալիում վիրահատվել է