Խորհրդային բռնազավթման զոհերի հիշատակի օրն է․ Հունիսի 14
copy image url

Խորհրդային բռնազավթման զոհերի հիշատակի օրն է․ Հունիսի 14

Ներքին 13 ժամ առաջ - 08:42 14-06-2025
Հունիսի 14-ին՝ քաղաքացիներն այցելում են Բռնադատվածների հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցում խորհրդային բռնազավթման շրջանի զոհերի հիշատակին։

Ինչու՞ է Հունիսի 14-ը ներառվել ազգային օրացույցում։

Սովետա-գերմանական պատերազմում զոհված 300 հազար հայերը կարծում էին, թե կռվից հետո հայ ժողովրդի ինքնիշխան իրավունքները մասամբ կվերականգնվեն։ Նրանք զոհվեցին խաբված։ Ոչինչ չեն ստացել։ Ոչ մի իրավունք, ոչ մի հատուցում, ոչ մի թիզ հող։ Դա քիչ էր, 1949-ի հունիսի 14-ի գիշերը 13 հազար հայերի (պաշտոնական տվյալներով) գնացքներով աքսորեցին Սիբիր։ Դա կատարվեց «Դավաճան ժողովուրդների մասին» ստալինյան հրամանով։

Երիտթուրքերը հայերին համարում էին դավաճան ժողովուրդ, բռնի գաղթեցնում ու ցեղասպանում։ Ներկայիս Թուրքիայից, ճանաչում ու հատուցում ենք պահանջում։ Շատերը հիշում ու հարգում են 1949-ին 13 հազար բռնագաղթվածների, 1937-ին հանիրավի սպանված Չարենցի, Բակունցի, հարյուրավոր հայ մտավորականների, 1921-ին կացնահարված, գնդակահարված, աքսորված հազարավոր հայ սպաների հիշատակը։ Նույնպես արդարացի է ԽՍՀՄ իրավահաջորդից՝ Ռուսաստանից, ճանաչում ու հատուցում պահանջելը։

Ստալինն ու Հիտլերը մարդկության դեմ հանցագործություններն ու նվաճողական ծրագրերը ծամում էին 1939-ից առաջ։ Ստալինը 1937-ին հայ մտավորականներին սպանել է առանց հիմնավոր մեղադրանքի, կասկածելով, թե կարող են գործել սովետա-նացիստական ծրագրերի հակառակորդների օգտին։ Երիտթուրքերը հայ մտավորականներին սպանել են նույնպես առանց հիմնավոր մեղադրանքի, կասկածելով, թե վերջիններս կարող են գործել իրենց հակառակորդների օգտին։ 1915-ին և հաջորդած տարիներին մտավորականների սպանությունները, ժողովրդի տեղահանություններն ու զանգվածային սպանությունները տասնամյակներ անց որակվել են Ցեղասպանություն։ Խորհրդային բռնազավթման տարիներին՝ 1921-ին հայ սպաների կացնահարումը, գնդակահարումն ու աքսորը, 1937-ին հայ մտավորականների սպանդը, հալածանքները, 1949-ին 13 հազարի հանիրավի բռնագաղթը, Հայաստանի անկախության համար պայքարող ԱՄԿ անդամների հետապնդումները մեկ ընդհանուր հանցագործություն է հայ ժողովրդի դեմ։ Այն մարդկության դեմ հանցագործություն է և վաղեմության ժամկետ չունի։

Այդ հաշվի առնելով, Ազգային օրացույցում ներառված է Բռնադատվածների հիշատակի օրը։ Հունիսի 14-ին ազգային հիշողություն ունեցողը հարգանքի տուրք է մատուցում խորհրդային բռնազավթման զոհերի հիշատակին, որ մարդկության դեմ հանցագործություն կատարածն իմանա, որ մի օր դրա համար հուտուցելու է։

Եվրոպական քաղաքական գործիչների, նախկին քաղբանտարկյալների և պատմաբանների կողմից 2008-ի հունիսի 3-ին ստորագրվել է Պրահյան հռչակագիր եվրոպական խղճի և կոմունիզմի մասին։ Հռչակագրի նպատակն է կոմունիստական ոճիրների դատապարտումը և ներառելը կրթական ծրագրերում։ Երևանում Բռնադատվածների հուշահամալիրը բացվել է Պրահյան հռչակագրի ընդունումից մի քանի ամիս անց՝ 2008-ի դեկտեմբերի 3-ին։ Հունիսի 14-ը նշվում է նաև մեր երբեմնի բախտակից երկրներում։ 1941 թվականի հունիսի 14-ին, Էստոնիայից, Լիտվայից, Լատվիայից արտաքսվել է 55.300 մարդ։ Մեծ մասը զոհվել են ճանապարհներին։ Բալթյան երկրների պատմաբանները 1940-ականների բռնագաղթն ու հալածանքները որակում են ցեղասպանության ակտ։ Ապրիլի 28-ին Նիկոլ Փաշինյանը Էստոնիա կատարած այցի ժամանակ այցելել է Տալլինում գտնվող Կոմունիզմի զոհերի հուշահամալիր, խոնարհվել, ծաղիկ դրել զոհերի հիշատակին: Սակայն նախընթաց տարիներին Հունիսի 14-ին նա ոչ մի անգամ չի այցելել Երևանում Բռնադատվածների հուշահամալիր, խոսք չի ասել, ծաղիկ չի խոնարհել խորհրդային բռնազավթման շրջանում սպանված, բռնադատված հարյուր հազարավոր հայերի հիշատակին։

Հայերը հիշում, պահանջում ու հավատում են, որ Թուրքիան և Ռուսաստանը մի օր կընդունեն իրենց մեղքն ու կհատուցեն։ ՀՀ կառավարությունը, քաղաքական համայնքն այդ օրը մոտեցնելու համար պարտավոր են Հունիսի 14-ին այցելել Բռնադատվածների հուշահամալիր, ինչպես Ապրիլի 24-ին՝ Ծիծեռնակաբերդ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:42 Իրանը առաջիկա ժամերին կիրականացնի միջուկային զենքի փորձարկում. իրանական բանակ
17:50 Էսօր ամենաքիչը 300 դրամի խաբեցին ինձ. Ռուզաննա Խաչատրյան
12:40 Ինչպե՞ս է պատահել, որ ձեր դստեր շփման շրջանակում գտնվել է մանկապղծության մեջ մեղադրվող անձ. Մուրազին՝ Աննա Հակոբյանին
22:30 Աննա Հակոբյանը համար առաջին անբարոյականն է Հայաստանում․ հարցում
23:25 Ադրբեջանում հայտարարել են, որ Բաքվի օդանավակայանում ապահովված է բոլոր ուղևորների, այդ թվում՝ ծագումով հայերի անվտանգությունը
16:23 Ռոբերտ Քոչարյանն ինձ և Նիկոլ Փաշինյանին դատի է տվել, պատկերացնո՞ւմ եք. Ալեն Սիմոնյան
11:12 Նեթանյահուն կոչով դիմել է Իրանի ժողովրդին
23:08 «Խիստ պատիժ». ռազմական օպերացիա՝ Իսրայելի դեմ. Իրանն արձակել է հարյուրավոր հրթիռներ
12:55 7-ամյա Դավիթ Սաղումյանը մաթեմատիկայի օլիմպիադայում զբաղեցրել է 1-ին տեղը
13:22 Ու հիշեք, Հայաստանը դաշնակիցներ չպիտի ունենա․ Վահագն Մխոյան