Ուղիղ եթեր

Մեկ տարի անց հանցագործները դեռ պատժված չեն, Փաշինյանը հրահանգել է թեժացնել պայքարը․ մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. Այն, ինչ հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը տեղի ունեցավ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում, առանց չափազանցության, կարևոր և առանցքային նշանակություն ունեցող վերքաղաքական իրադարձություն էր: Հազարավոր մարդիկ՝ վրդովված Հայ առաքեական եկեղեցու և Վեհափառի հասցեին Նիկոլ Փաշինյանի արած արտահայտություններից ու սպառնալիքներից, չնայած ուշ ժամին, գնացին օդանավակայան, որպեսզի դիմավորեն աշխատանքային այցից վերադարձող Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին: Ինչ խոսք, տպավորիչ էր տեսարանը, թե ինչպես են հազարավոր ու ամենատարբեր մարդիկ բաց երկնքի տակ միաբերան ու միակամ արտասանում Տերունական աղոթքը՝ Վեհափառի հետ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին ՔՊ վարչության նիստի թեմաներից՝ կարելի է ասել գլխավորներից մեկը եղել է Կաթողիկոսի հեռացման հարցը: «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ վարչության գրեթե բոլոր անդամները պնդել են, որ ճնշումները պետք է շարունակել: Ու, ըստ մեր տեղեկությունների, ճնշումները կմեծանան բոլոր այն ընդդիմադիր ուժերի վրա, որոնք նախօրեին գնացել են օդանավակայան ու դիմավորել Գարեգին Բ-ին` հաջակցություն նրա:

Օրաթերթը նաև գրում է. «Այսօր լրանում է 2024 թվականի հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում լուսաձայնային նռնակներ կիրառելու դեպքի 1 տարին, եւ մինչ օրս ոստիկանության պաշտոնյաներից որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել քաղաքացիներին վնասվածքներ պատճառելու համար, փոխարենը, որպես մեղադրյալ, դատարանի առջեւ կանգնել են 16 ցուցարարներ։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ վարչության անդամներին Նիկոլ Փաշինյանը հրահանգել է՝ ավելի մեծացնել եկեղեցու դեմ ճնշումը։ Հոգեւորականներին վերագրվող զարհուրելի պատմություններ նետել դաշտ, նյարդերի պատերազմ վարել՝ ամեն օր թունավորելով ու վարկաբեկելով եկեղեցու սպասավորներին։ Իսկ երբ ժամանակը գա, նաեւ ապացույցներ, փաստեր կհրապարակեն, որոնք ձեռք են բերվել իրավապահ մարմիններին ապօրինի հրահանգներ տալու եւ մարդկանց անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու հետեւանքով։ Առայժմ դեռ հապաղում են «բացահայտումներ անել»՝ վախենալով, որ հանրության համբերության բաժակը կարող է լցվել, եւ հակառակ էֆեկտը լինել։ Զուգահեռաբար, իշխանությունը նաեւ եկեղեցու ներսում է աշխատանքներ տանում՝ տարբեր հոգեւորականների միջոցով Գարեգին Բ-ի դեմ կոալիցիա ստեղծելու եւ նրան հեռացնելու համար պարարտ հող ստեղծելու նպատակով։ Սակայն այս պահի դրությամբ նման հոգեւորականները, ըստ մեր աղբյուրների, դեռ փոքրամասնություն են եւ դժվար էլ կարողանան մեծամասնություն դառնալ ու եկեղեցու ներսում «իշխանափոխություն» իրականացնել։

Օրաթերթը նաև գրում է. «Ռոսիա մոլի»՝ ոսկի վաճառող տասնյակ աշխատակիցներ կարող են գործազուրկ դառնալ։ Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք տարիներ շարունակ առեւտրի կենտրոնի առաջին հարկում ոսկյա եւ արծաթյա զարդեր են վաճառել։ Նրանցից մեկը մեր լրագրողին ասել է, որ սեփականատերը՝ Սուքիասյանների ընտանիքը, տարածքն ավելի շահեկան գնով տրամադրել է ինչ-որ այլազգի գործարարի, եւ իրենց առաջարկվել է տեղափոխվել այլ մոլեր։

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։