«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն, ինչ չհաջողվեց 2018-ին, Նիկոլ Փաշինյանը փորձում է անել հիմա. «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը տապալելուց մոտ 8 տարի անց՝ Փաշինյանի թիրախում կրկին եկեղեցին է եւ Վեհափառը: «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը քննարկել են այն հարցը, որ չեն պատրաստվում նահանջել՝ եկեղեցուն ու Վեհափառին վարկաբեկելու, Գարեգին Բ-ին եկեղեցուց «հեռացնելու» հարցերում: Իշխանամերձ մեր աղբյուրները նշում են, որ այս պահին քայլեր են իրականացվում կոնկրետ միջոցներ նախաձեռնելու ուղղությամբ: Գործի կդրվի կոմպրոմատների զինանոցը, եւ օրենսդրական նախաձեռնություններ կարվեն՝ ըմբոստացող եկեղեցուց ազատվելու համար:
Օրաթերթը նաև գրում է․ «Մինչ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն առավոտյան վազքով է օրը սկսում, առողջապահության ոլորտում քաոս է տիրում։ 2 օրում 2 մանկահասակ երեխայի մահ է արձանագրվել տարբեր բժշկական կենտրոններում։ Բուժաշխատողները շարունակ բռնության են ենթարկվում փողոցներում, տանը։ Նախարար Անահիտ Ավանեսյանը, ով օրերս Նիկոլ Փաշինյանի 50-ամյակին գինի էր վայելում, ներկայացրել է տարեկան հայտարարագիրը, այն է՝ 1 բնակարան բազմաբնակարան շենքում եւ մեկ այգետնակ՝ ամառանոց։ 2018 թվականին Նա չէր հայտարարագրել անշարժ գույք, չէր հիշատակել վերջին տարիներին հայտարարագրում հայտնված մեքենայի մասին։ Եվ հանկարծ հիմա պարզվեց, որ վաղուց ունի երկու տուն, ավտոմեքենա, որոնք առաջին հայտարարագրում չկային»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հակակոռուպցիոն կոմիտեում դատավոր Արտուշ Գաբրիելյանի կաշառքի գործով կա անջատված մաս, ու քննությունը շարունակվում է։ Դատելով իրավիճակից՝ դատավորին կաշառք տալու գործով այլ անձինք կան ներգրավված, որոնց բացահայտելու համար Հակակոռուպցիոն կոմիտեում քննությունը շարունակվում է։ Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ 10.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։
Օրաթերթը նաև գրում է․ «Իշխանությունը, դեռ չմարսած ԱՆԻՖ-ում մսխված 25 միլիարդ դրամ գումարը, ստեղծել է գումարների ենթադրյալ վատնման նոր մեխանիզմ։ Բանն այն է, որ իշխանության վերնախավը հիմնադրել է «Էնթերփրայզ Արմենիա» բիզնես կենտրոնը։ Համաձայն այս կենտրոնի կայքի՝ կենտրոնի առաքելությունն է օտարերկրյա եւ տեղացի ներդրողների համար ապահովել գործարարությամբ զբաղվելու բարենպաստ միջավայր՝ դիրքավորելով Հայաստանը որպես ցանկալի ներդրումային ուղղություն համաշխարհային հարթակում: Կազմակերպության նպատակն է ներգրավել օտարերկրյա նոր՝ ուղղակի ներդրումներ, եւ խթանել վերաներդրումները՝ ապահովելով Հայաստանի կայուն տնտեսական աճն ու բարգավաճումը: Սա գրեթե նույն բանն է, ինչ որ խոստացել էին կատարել ԱՆԻՖ-ի դեպքում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում Էջմիածնում նախատեսում են հիմքից քանդել Էջմիածնի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 դպրոցի շենքը եւ զրոյից նորը կառուցել։ Նախագիծն արդեն հաստատված է, տենդերը կայացել է, պետական գնումներին մասնակցել է 3 շինարարական ընկերություն։ Նախագծի նախնական արժեքը 2 միլիարդ 600 միլիոն դրամ է։ «Քանդելը շատ թանկ է, հատկապես՝ եթե հիմքից է արվում։ Եթե շենքը վերանորոգման դրվեր, կարելի էր շատ ավելի էժան գնով վերականգնել, անգամ կողքին նորը կառուցելն ավելի էժան կլիներ»,- մեզ ասաց շինարարական ընկերության ներկայացուցիչը՝ չթաքցնելով զարմանքը, թե մեր աղքատ պետությունն ինչու է կանգուն շենքը քանդում, որ նոր դպրոց կառուցի: Նրա համոզմամբ՝ նման որոշումը տնտեսապես շահավետ չէ, խելամիտ չէ, եւ անգամ շատ հարուստ պետություններում շենքերը նորոգում են:
Օրաթերթը նաև գրում է. Եկեղեցու դեմ արշավի տակ թաքնված նպատակ կա Չնայած ՔՊ-ականները վերեւից հրահանգ են ստացել՝ կատաղի մարտեր մղել հոգեւոր դասի դեմ, մասնավորապես՝ կուսակրոնության թեմայով, սակայն մի ստվար զանգված մտահոգ է, որ Փաշինյանն այս աղմուկի տակ այլ` վտանգավոր հարցեր է ուզում լուծել։ Հասարակությանը նման թեմաներով հիասթափեցնելուց եւ նրա դիմադրողականությունը կոտրելուց հետո Փաշինյանը հնարավոր է ստորագրի «խաղաղության պայմանագրի» ալիեւյան տարբերակը՝ կից լրացումներով, որոնց շարքում նաեւ 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստանում վերաբնակեցումն է, այլ վտանգավոր պահանջներ։
Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։