Ներքին 4 տարի առաջ - 21:10 10-04-2022

Ինչու սնդիկով ջերմաչափներն արգելվեցին, ու ինչ կապ ունի Խաչատուր Սուքիասյանը

Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց «Սնդիկի մասին» օրինագիծը, որով Հայաստանում արգելվեցին սնդիկ պարունակող ապրանքների ներկրումն ու վաճառքը։ Այդ ցուցակում են այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են լյումինեսցենտային լամպերը, որոնք Հայաստանում վաղուց արդեն չեն օգտագործվում, բարոմետրերը, մանոմետրերը, ջերմաչափերը։ Հին ջերմաչափերը, բնականաբար, բնակչությունից չեն հավաքելու, սակայն դեղատներում կդադարեն վաճառել դրանք։

Սնդիկի արգելքը իշխանությունները բացատրում են սնդիկի մասին Մինամատայի կոնվենցիային միանալով: Կոնվենցիան սահմանափակում է սնդիկի օգտագործումը՝ բնակչության շրջանում ծանր թունավորումներից խուսափելու համար, սակայն իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները հուշում են, որ սնդիկի արգելքը իրականում լրիվ այլ բանով է պայմանավորված։

Մասնավորապես, Oragir.news-ին փոխանցեցին, որ ԱԺ ՔՊ-ական գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքը Չինաստանում էլեկտրական ջերմաչափերի գործարան է գնել, այսպիսով իշխանությունները Հայաստանում նպաստավոր, մոնոպոլ պայմաններ են ստեղծել Սուքիասյանների բիզնեսի համար, որպեսզի էլեկտրական ջերմաչափերը Հայաստանում ավելի մեծ թափով վաճառվեն՝ սնդիկով ջերմաչափերի բացակայության պայմաններում։

Oragir.news-ը օրենքի ընդունման հիմնավորումների իսկությունը ստուգելու նպատակով գրավոր հարցում էր ուղարկել առողջապահության նախարարությանը՝ հարցնելով, թե մինչ այժմ Հայաստանում սնդիկից թունավորման քանի դեպք է արձանագրվել։ Ըստ նախարարության պատասխանի՝ «Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականից մինչ այժմ արձանագրվել է սնդիկից թունավորման 22 դեպք»։ Այսինքն՝ 7 տարվա ընթացքում Հայաստանում սնդիկից թունավորման ընդամենը 22 դեպք է արձանագրվել, ընդ որում, հայտնի չէ, թե այդ 22 դեպքից քանի՞սն են ջերմաչափերի պատճառով։

Նախարարությանը հարցրել էինք նաև, թե ինչո՞ւ Հայաստանը որոշեց միանալ կոնվենցիային, նախարարությունից հետևյալ պարզաբանումն են բերել. «Առողջապահական տեսանկյունից Մինամատայի կոնվենցիայի ընդունման նպատակն է մարդու առողջության պահպանումը սնդիկի և սնդիկի միացությունների անթրոպոգեն ազդեցությունից, քանի որ սնդիկի ազդեցությունը, նույնիսկ փոքր քանակությամբ, կարող է լուրջ առողջական խնդիրներ առաջացնել արգանդում պտղի և երեխայի կյանքի վաղ շրջանում զարգացման համար։ Սնդիկը կարող է թունավոր ազդեցություն ունենալ նյարդային, մարսողական և իմունային համակարգերի, ինչպես նաև թոքերի, երիկամների, մաշկի և աչքերի վրա՝ հանգեցնելով առողջական խնդիրների»։

Նշենք, որ Oragir.news-ը նաև գրավոր հարցում էր ուղարկել Խաչատուր Սուքիասյանին՝ հարցնելով, թե ճի՞շտ է, որ իր ընտանիքը Չինաստանում էլեկտրական ջերմաչափերի գործարան է գնել, սակայն Խաչատուր Սուքիասյանից այդպես էլ պատասխան չստացանք։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից