Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինը։
Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը և Ուրուգվայը մշտապես ունեցել են բարեկամական հարաբերություններ։ «Մեր երկրների միջև ձևավորված է փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտ, և մենք շահագրգռված ենք Ուրուգվայի հետ հարաբերությունների զարգացման հարցում բոլոր ոլորտներում։ Վստահ եմ, որ Դուք նոր շունչ կհաղորդեք հայ-ուրուգվայական հարաբերություններին։ Դրանք միշտ եղել են բարեկամական և միտված են եղել մեր ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը։ Միևնույն ժամանակ, պետք է նայենք ապագային և ձեռնարկենք ապագային միտված քայլեր։ Այդ ներուժը կա՝ խորացնելու մեր համագործակցությունը։ Ես ինքս համոզվել եմ այդ մասին իմ այցելությունների ընթացքում»,- նշել է նախագահը։
Դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինը, իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ասել է. «Ուրախ եմ գտնվել Հայաստանում և լիովին պատրաստ եմ իմ նոր պաշտոնում հնարավորության սահմաններում նպաստել երկու երկրների միջև արդեն իսկ գոյություն ունեցող ամուր հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը»։
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել են երկու երկրների միջև գործարար կապերի ակտիվացման և համագործակցության նոր ձևաչափերի խթանման անհրաժեշտությունը։ Անդրադառնալով մշակութային, զբոսաշրջային և այլ ոլորտներում փոխգործակցության հեռանկարներին՝ ընդգծվել է ոլորտային նախաձեռնությունների ընդլայնման և համատեղ ծրագրերի իրագործման նշանակությունը։
Նախագահ Խաչատուրյանը և դեսպան Բարոլինին ընդգծել են բարձրաստիճան փոխայցելությունների կարևոր դերը երկկողմ գործընկերության ամրապնդման գործում՝ նշելով, որ նման շփումները խորացնում են փոխադարձ վստահությունն ու գործընկերային դաշտը։
Կարևոր տեղ է զբաղեցրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման թեման։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Ուրուգվայում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղի, ինչպես նաև Հայաստանում ուրուգվայական «Սեյբա» կենտրոնի ներկայացուցչության հիմնելու հնարավորությունների շուրջ։
Անդրադառնալով միջազգային հարթակներում համագործակցությանը՝ կողմերը կարևորել են բազմակողմ ձևաչափերում անխոչընդոտ և կառուցողական փոխգործակցությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը՝ որպես երկկողմ հարաբերությունների խորացման շարունակական գործիք։
Հանդիպման շրջանակում քննարկվել են նաև ՄԱԿ Կենսաբազմազանության COP-17 խորհրդաժողովին՝ 2026 թվականին կայանալիք համաժողովին առնչվող հարցեր, որի շրջանակում կողմերը կարևորել են համատեղ դիրքորոշումների ձևավորումն ու փոխգործակցության խորացումը։