Ուղիղ եթեր
Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:05 27-05-2025

Փաշինյանն անկեղծություն, ժողովրդավարական խոնարհություն չունի

Միջանձնային հարաբերություններում փոխվստահությունը կառուցվում է անկեղծությամբ, ազնվությամբ։ Քաղաքական հարաբերություններում ևս որոշակիությունը, անկեղծությունը վստահություն են ներշնչում, բարձրացնում քաղաքական, պետական գործչի ու պետության վարկը, նպաստում երկրի ու հասարակության առաջընթացին։ Առավել մտահոգիչ է, երբ պետության ղեկավարն է սխալ, անորոշ, կիսատ-պռատ բաներ ասում։ Այս դեպքում պետության միջազգային առաջընթացի հնարավորությունները սահմանափակվում են։

«Ի հեճուկս բոլոր փաստարկների, բոլոր սադրանքների և այլն, Հայաստանի և Ադրբեջանի միջև չի՛ լինելու պատերազմ, լինելո՛ւ է խաղաղություն»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովի բացման արարողության ժամանակ:

Այստեղ անորոշ է, թե ովքե՞ր են սադրանքներ անում, և ինչքա՞ն կարող են ՔՊ-ական իշխանություններն արհամարհել այդ սադրանքները։

Այսպիսի արտահայտությունը ոչ միայն լումա չարժե, այլև իջեցնում է հռետորի հանդեպ վստահությունը։ Սադրանքների մասին խոսելիս պետք է կոնկրետ նշվեր, թե ովքեր են սադրանքներ անում, տրվեր անուններ։ «Երևանյան երկխոսություն» համաժողովին մասնակցում էին բազմաթիվ դեսպաններ, բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ և մեկ վարչապետ։ Այս հյուրերը իմացան, որ ՀՀ վարչապետն իրերն իրենց անունենրով կոչելու բավարար խիզախություն չունի։

Դրանից զատ անորոշ մեղադրական արտահայտությունը վիրավորական է։ Հուրերը կարող էին իրենց վրա վերցնել, կողքինին կասկածել։ Մասնավորապես՝ հյուրերի շարքում էր ՀՀ-ում ՌԴ դեսպանը։ Բազմաթիվ փորձագետներ ողջամիտ վարկած են առաջ քաշում, որ հայ-ադրբեջանական սահմանին սադրանքները կազմակերպում կամ հրահրում է Ռուսաստանը։ Եթե այդպես է, այսինքն՝ Փաշինյանը ռուսներին նկատի ուներ, ապա հյուրերը հասկացան, որ ՀՀ ղեկավարը վախենում է Ռուսաստանի անունը տալ, ենթադրաբար՝ այն պատճառով, որ կաշկանդված է Մոսկվայի հետ պայմանավորվածություններով, հետևաբար՝ Հայաստանի հետ լուրջ գործակցություն զարգացնել հնարավոր չէ։ Այսպիսի վատ պատկեր ուրվագծվեց Փաշինյանի անորոշ արտահայտությունների պատճառով։

Մյուս կողմից հյուրերի համար, ենթադրաբար, պարզ չէր, թե Հայաստանի ղեկավարն ինչքա՞ն կարող է արհամարհել սադրանքներն ու փաստարկները։ Արդյո՞ք տպավորություն չի ստեղծվի, որ ՀՀ ղեկավարն արհամարհում է իրականությունը, ունի վախեր, հնարավոր ագրեսիայի դեպքում միանգամից հանձնվելու է։

Անկեղծ ու ազնիվ կլիներ, եթե Փաշինյանը պարզ ասեր, որ սահմանային իրավիճակը վերահսկում ենք եվրոպական դիտորդական առաքելության շնորհիվ։ Ու ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Իրանի աջակցությամբ կարողանում ենք չեզոքացնել ագրեսիայի սպառնալիքը։ Հույս ունենք, որ նրանց աջակցությամբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը։

«Երևանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ Փաշինյանը ևս մեկ լուրջ սխալ բան է ասել։ «Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, ես այդ դեպքում կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ, քանի որ այս խաղաղության գործընթացը և խաղաղության համաձայնագիրը չպետք է բաց թողնվեն: Եվ կփորձենք, կհամոզենք մեր հասարակությանը, որ այդ փոփոխությունը արվի՝ տևական և երկարաժամկետ խաղաղության հասնելու համար»,- ասել է նա, անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանադրությունը փոխելու պահանջին։

ՀՀ-ում սահմանադրությունն ու նրա փոփոխությունն ընդունում է ժողովուրդը։ Փաշինյանն այստեղ չարդարացված մեծամտություն է դրսևորում, թե կարող է համոզել ժողովրդին այդպիսի կարևոր հարցում։ Ժողովրդավարական օրինակելի երկրում քաղաքական գործիչը ժողովրդավարական խոնարհություն է դրսևորում, այսինքն՝ այսպիսի կարևոր հարցերում նշում է, որ ժողովրդի կամքը գերակա է, ինչպես հասարակությունը որոշի, այնպես էլ կլինի։ Հաշվի առնելով վերջին շրջանում ՔՊ-ի ու Փաշինյանի վարկանիշի անկումը, խիստ կասկածելի է, որ նրան կհաջողվի ժողովրդին համոզել ինչ-որ հարցում։

Փաշինյանի այսօրինակ մեծամտությունը ևս գցում է ժողովրդավարական պետության վարկանիշը։ Ժողովրդավարական երկրներն այսպիսի բան լսելով, գուցե ձեռնպահ կմնան Հայաստանի հետ գործակցելուց, քանի որ ՀՀ ղեկավարը մեծամտորեն ասում է, թե «կհամոզենք մեր հասարակությանը»։ Ժողովրդավարության պատմությունը հուշում է, որ այսպիսի մեծամտությունը հեղինակի ու պետության համար վատ հետևանք է ունենում։

Կարճ ասած՝ ինչքան էլ լավատեսությամբ լցվենք, Հայաստանն առաջիկայում առաջընթաց չի կարող ունենալ ո՛չ խաղաղության պայմանագրի ստորագրման, ո՛չ էլ ճանապարհների բացման առումով։ Պատճառն այն է, որ երկրի ժամանակավոր ղեկավարն իրերն իրենց անուններով կոչելու խիզախություն, անկեղծություն, ազնվություն և ժողովրդավարական խոնարհություն չունի։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:32 Սոֆի Դևոյանը ցույց է տվել, թե ինչպես են տոնել Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ ծննդյան օրը
22:59 Թող ազատեն քաղաքապետին, որ նա Գյումրին կսկսի շենացնել. Ավետիս Առաքելյանի արձագանքը` Փաշինյանին
09:32 Ռուս զինվորականները Նռնաձորի ճանապարհին կանգնեցնում են ՀՀ քաղաքացիների մեքենան՝ արգելափակելով նրանց մուտքը՝ Նռնաձոր. Ժիրայր Ոսկանյան
13:27 Գագիկ Ծառուկյանը կխնդրի, ստոյկա կտա, որ իրեն գործարք առաջարկեմ. ծնկաչոք ընդառաջ կգար էդ գործարքին. Փաշինյան
17:38 Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է
17:32 Գոհար Մելոյանը, փաստորեն, լիահույս է, որ կհաջողվի իրենց կողմը գրավել՝ ուշադրությո՛ւն, ՔՊ-ի «հայրենասեր» պատգամավորներին. Արմեն Այվազյան
19:28 Հունիսի 2-ին մահացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել. ԶԼՄ
22:52 Ադրբեջանը հայտարարել է իր վերահսկողության տակ գտնվող Սոթքի հանքավայրի հատվածում մեկ միլիոն ունցիա պաշարների մասին
17:44 Լսել են ոսկորիս խրթոցը, շուրջբոլորն արյուն էր. Լուսինե Հայրապետյանը Բալիում վիրահատվել է
20:48 Ռուբեն Վարդանյանի կինը շնորհակալություն է հայտնել աջակցության համար