Ներքին Միտք 1 տարի առաջ - 09:15 24-05-2025

Կխելոքանա՞, թե՞ կթռնի. ինչ կփոխի Փաշինյանի վերաբերյալ վարույթը

Ատելության խոսքի նոր ալիք է բարձրանում։ Պետության ղեկավարը անթաքույց ատելություն է գեներացնում մրցակիցների նկատմամբ։ Կարծիք կա, թե ոչինչ չի կարող կասեցնել այս վտանգավոր ու տգեղ ընթացքը, հնարավոր չէ, որ ՔՊ-ականները, նրանց համակիրները նորմալ, հարգալից խոսեն։ Այս ընդհանուր հուսահատության եզրին մի հույս ծագեց։

Մայիսի 23-ին հայտնի դարձավ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ: ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն է դիմել հանձնաժողով, պահանջելով վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի ցուցաբերած վարքագծի վերաբերյալ: Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են եղել հետևյալ դրվագները. «Համբալ» արտահայտությունը, «Վեր ընկի տեղդ, ներվերս չուտես» արտահայտությունը, «Ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները» սպառնալիքն ու կրկնվող անհարգալից խոսքը: Հիշեցնենք, վարչապետն այս բառերը կիրառել էր ԱԺ-ում, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։

Ի՞նչ եզրակացություն կանի ԿԿՀ-ն Նիկոլ Փաշինյանի գործով, ու ինչ կփոխվի դրա արդյունքում։

ԿԿՀ-ն այսպիսի վարույթներ հարուցել է այլ պաշտոնյաների նկատմամբ։ Օրինակ՝ 2024-ի օգոստոսին ԿԿՀ-ն քննելով Երևանի քաղաքապետի վարքը, եզրակացրել է, որ Տիգրան Ավինյանը խախտել է վարքագծի կանոնները։ 2025-ին Նոյեմբերյանի ու Թալինի համամայնքապետերի նկատմամբ հարուցված վարույթները բացասական եզրակացություն են ստացել, ԿԿՀ-ն խախտում չի արձանագրել։ ԿԿՀ-ն խախտումը քննելիս հիմք է ընդունվում Քաղաքացիական ծառայողների վարքագծի կանոնագիրքը։ Եթե քաղծառայողի վարքը հակասում է կանոնագրքին, ապա ԿԿՀ-ն խախտում է արձանագրում։ Կանոնագիրքն ընդունվել է 2022-ին։ Ենթադրելի է, որ այն ընդունվել է արտաքին գործընկերների պարտադրանքով, որ ՔՊ-ական իշխանությունը որոշակի բարոյական սահմանների մեջ մնա, ժողովրդի հանդեպ ատելությունը դուրս չգա սահմաններից ու աղետալի հետևանքներ չունենա։

Տիգրան Ավինյանի նախադեպն ուշագրավ է։ Նա ընդդիմադիր խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանին ասել էր՝ «Ձեր տեսակը մաքսիմում, ինչ կարող է անել՝ հաչալն է»։ Սա քննելով, ԿԿՀ-ն եզրակացրել էր, որ Ավինյանը խախտել է վարքականոնը։ ԿԿՀ եզրակացությունից հետո Ավինյանը խելոքացել է, այդպիսի սխալ, անհարգալից արտահայտություններ չի անում։

Կա նաև Նոր Նորքի թաղապետի հետ կապված նախադեպը։ Հիշեցնենք, որ վերջինս հակահասարակական արարք էր կատարել թաղապետարանի շենքում, իր աշխատակիցների հետ միասին ծեծի էր ենթարկել բլոգերին։ Անդրադառնալով այդ արարքին, Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ նա խախտել է վարքականոնը։ Վարչապետի այդ ելույթից մի քանի օր անց թաղապետը հրաժարական տվեց։ Այսինքն՝ ստեղծվեց նախադեպ, որ վարքագծի կանոնագիրքը խախտողը հրաժարական է տալիս։

Փաշինյանի հիշյալ խոսքում վիրավորական արտահայտություններն ակնհայտ են։ Այսինքն՝ ակնհայտ է, որ նա խախտել է վարքագծի կանոնագիրքը։ Եթե ԿԿՀ-ն Ավինյանի վարքում խախտում է նկատել, ապա Փաշինյանի վարքում նույնպես խախտում կնկատի։ Եթե ԿԿՀ-ն Փաշինյանի վարքում խախտում արձանագրի, ապա Հայաստանի ժողովրդավարության համաթիվը կաճի, մարդիկ կհավատան, որ ԿԿՀ-ն անկախ մարմին է, անկաշկանդ որոշում է ընդունում։

ԿԿՀ-ի դրական եզրակացությունը նաև ամոթալի կլինի Փաշինյանի և ՔՊ-ի համար։ Եթե նա դրանից հետո ներողություն չխնդրի գործընկերներից, ապա ենթադրելի է, որ առնվազն՝ նման անհարգալից բաներ էլ չի ասի, որ ԿԿՀ-ի ամոթանքին չարժանանա, խայտառակ չլինի։

Ի վերջո՝ ԿԿՀ-ի դրական եզրակացությունը կարող է հիմք հանդիսանալ Փաշինյանի հրաժարականի համար։ Նոր Նորքի նախկին թաղապետը կարող է հակադարձել, ակնարկելով, որ եթե վարքականոնը խախտած թաղապետը հրաժարական է տալիս, ապա վարքականոնը խախտած վարչապետը նույնպես հրաժարական պիտի տա։

Որոշ փորձագետներ կարծում են, թե Փաշինյանը ձախողվել է և մտադիր է հրաժարական տալ։ ԿԿՀ եզրակացությունը լավ առիթ է հրաժարական տալու համար։ Այդպիսով նա կարող է ժողովրդին ու աշխարհին ցույց տալ, որ սկզբունքային է, հարգում է վարքականոնը, ներքին խաղաղությունն ավելի կարևոր է համարում, քան պաշտոնը։

Պարզ ասած՝ ԿԿՀ-ի դրական եզրակացությունը դրական մեծ լիցք է հաղորդելու։ Առնվազն՝ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետի օրինակով՝ կդադարի ատելություն շաղ տալ, իջեցնել քաղաքական խոսույթի մակարդակը, ստեղծել այլասերման ռիսկեր։ Իսկ առավելագույնը՝ Նոր Նորքի թաղապետի օրինակով՝ հրաժարական կտա։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են