Ալավերդի համայնքի Ճոճկան, Շնող եւ Մեծ Այրում բնակավայրերում մայիսի 19-ին տեղացած ուժեղ ու խոշոր չափերի կարկուտը մոտ 15 րոպեի ընթացքում գրեթե զրոյացրել է գյուղացու ամբողջ տարվա աշխատանքը: Հակակարկտային կայաններն, ըստ բնակիչների, աշխատել են, սակայն ուշացած, երբ կարկտաբեր ամպերն արդեն ձեւավորված են եղել:
Շնող, Ճոճկան եւ Այրում գյուղերը Լոռու մարզի ամենացածրադիր ու տաք գոտում են, այստեղ հիմնականում զբաղվում են պտղի մշակությամբ, որն էլ ապահովում էր գյուղացիների ամբողջ տարվա եկամուտը: Բնական աղետի հետեւանքով ոչնչացել է գրեթե հասունացած կեռասի բերքը, շատ դեպքերում վնասվել են նաեւ ծառերը:
Ալավերդու համայնքապետարանի մասնագետները վնասի չափի գնահատում են իրականացրել, տվյալները փոխանցել Լոռու մարզպետարան: Հատկապես Մեծ եւ Փոքր Այրում գյուղերում, որտեղ հիմնականում փախստականներ են ապրում, ասում են կարկուտի պատճառով շատերը զրկվել են ընտանիքի հիմնական եկամտից: