Ուղիղ եթեր
Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:05 22-05-2025

Ո՞ր դեպքում ՔՊ-ն կմիանա Փաշինյանի իմպիչմենթին

Քաղաքականությունը հնարավորի արվեստ է։ Այսինքն՝ եթե այս պահին հնարավոր է նախաձեռնել Նիկոլ Փաշինյանի իմպիչմենթի գործընթաց, ապա այն պետք է նախաձեռնել։ Մայիսի 21-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չի բացառել ՔՊ-ի մասնակցությունը իմպիչմենթին, եթե խորհրդարանական ընդդիմադիրները նախաձեռնեն այդ գործընթացը։

Իմպիչմենթի համար ընդդիմադիր պատգամավորների ձայները բավարար չեն։ Անհրաժեշտ է ևս 18 քվե։ Այսինքն՝ իմպիչմենթի գործընթաց նախաձեռնելու պարագայում ակնկալվում է, որ դրան կմիանան ՔՊ խմբակցության 18 պատգամավորներ։

Ո՞ր դեպքում ՔՊ-ն կմիանա Փաշինյանի իմպիչմենթին։

Օրինակ՝ 2018-ի իշխանափոխության ժամանակ Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու համար ձայները չէին բավարարում։ Եվ Հանրապետական կուսակցության մի քանի պատգամավորներ քվեարկեցին հօգուտ Փաշինյանի։ Անհաշտ հակառակորդը ստացավ հակառակորդի ձայներն ու ընտրվեց վարչապետ։ Ենթադրելի է, որ դա իրավիճակային լուծում չէր, այլ իշխանափոխության մասին պայմանավորվածության համատեքստում էր։ Ներկայում ՔՊ-ի մասնակցությունը Փաշինյանի իմպիչմենթին կարող է հիմնվել այս նախադեպի վրա։ Այսինքն՝ նախքան իմպիչմենթը կարող է ձեռք բերվել իշխանափոխության մասին մեծ պայմանավորվածություն։

ՔՊ-ում կարող են գիտակցել, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը փակուղի է տանում։ Եվ ողջամիտները կարող են միանալ իմպիչմենթի գործընթացին ցույց տալով, որ համաձայն չեն Փաշինյանի վարած կուրսի հետ։ Իմպիչմենթին կարող են միանալ նաև այն պատգամավորները, որոնք խաբված կզգան, այսինքն՝ կհասկանան, որ Նիկոլ Փաշինյանն ամենևին էլ անկախության ու ժողովրդավարության ջատագով չէ, այլ ռուսամետության առումով՝ ավելի վատն է, քան նախկինները։ Որոշ ՔՊ-ականներ այսպիսի հրապարակային ելույթներ կունենան, որ ոչ ոք չկասկածի, թե ՔՊ-ն Փաշինյանի իմպիչմենթին միանալու քաղաքական որոշում ունի։

Ասում են, թե ՔՊ-ի վրա ազդեցություն ունեն նախկին որոշ գործիչներ։ Մի քանի շաբաթ առաջ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի թիմակիցների մեջ վեճ ընկավ, թե նրանից ո՞վ է իշխանության բերել Փաշինյանին։ Սա նշանակում է, որ նրանք որոշակի ազդեցություն ունեն ՔՊ-ակաների վրա, հետևապես՝ ոմանց կարող են ներգրավել իմպիչմենթի գործընթացին։

Նիկոլ Փաշինյանի իմպիչմենթի գործընթացին ՔՊ-ի միանալը կարող է տեղի ունենալ արտաքին միջամտությամբ։ Օրինակ՝ 2018-ի իշխանափոխությունը տեղի ունեցավ Ռուսաստանի ակտիվ միջնորդությամբ։ Վճռական բանակցություններն էլ տեղի ունեցան ԱԱԾ-ի Սևանի ամառանոցում։ Նույնպես այսօր կարող է լինել։ Ռուսները կարող են պարտադրել Փաշինյանին մի քանի ձայն տալ իր իմպիչմենթի համար, ու ՔՊ-ն կտա։

Ի վերջո՝ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը կարող է գիտակցել, որ իր վարած քաղաքականությունը փակուղի է տանում, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվում, զավթված տարածքները, Արծվաշենը չի կարողանում հետ բերել, արցախահայերի վերադարձը չի կարողանում ապահովել, անվտանգային լուրջ ռիսկեր են գոյանում, նոր ենթադրյալ պատերազմին կրկին ընկրկելու է Պուտինի վերջնագրերի առաջ։ Այս հեռանկարը տեսնելով, Փաշինյանը կարող է հրահանգ տալ ՔՊ-ական որոշ պատգամավորներին միանալու իմպիչմենթին։ Այսպիսով՝ նա հնարավորություն կունենա ցատկել գնացքից, պատասխանատվությունը թողնելով հաջորդ իշխանության վրա։

Կարճ ասած՝ ՔՊ-ի միանալը Նիկոլ Փաշինյանի իմպիչմենթի գործընթացին հնարավոր է։ Եթե կանխատեսվող պատերազմն անխուսափելի է, իսկ Փաշինյանը գիտակցում է, որ իր սխալների հետևանքով մենակ է մնալու ռուս-թուրք-ադրբեջանական ագրեսորների դիմաց, Արևմուտքն իրեն չի օգնելու, ապա ընդդիմության նախաձեռնած իմպիչմենթը իշխանությունը լքելու և իր հասունացրած աղետների պատասխանատվությունը խորհրդարանական ընդդիմության վրա բարդելու հարմար առիթ է։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:32 Սոֆի Դևոյանը ցույց է տվել, թե ինչպես են տոնել Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ ծննդյան օրը
22:59 Թող ազատեն քաղաքապետին, որ նա Գյումրին կսկսի շենացնել. Ավետիս Առաքելյանի արձագանքը` Փաշինյանին
13:27 Գագիկ Ծառուկյանը կխնդրի, ստոյկա կտա, որ իրեն գործարք առաջարկեմ. ծնկաչոք ընդառաջ կգար էդ գործարքին. Փաշինյան
09:32 Ռուս զինվորականները Նռնաձորի ճանապարհին կանգնեցնում են ՀՀ քաղաքացիների մեքենան՝ արգելափակելով նրանց մուտքը՝ Նռնաձոր. Ժիրայր Ոսկանյան
19:28 Հունիսի 2-ին մահացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել. ԶԼՄ
22:52 Ադրբեջանը հայտարարել է իր վերահսկողության տակ գտնվող Սոթքի հանքավայրի հատվածում մեկ միլիոն ունցիա պաշարների մասին
20:48 Ռուբեն Վարդանյանի կինը շնորհակալություն է հայտնել աջակցության համար
23:32 Արթուր Օսիպյանն ազատ արձակվելուց հետո հայտարարել է Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայցի մասին
09:00 Ո՞ւմ ատամն են սարքել պետության հաշվին․ Փաշինյանի աշխատակազմը սև ցուցակում հայտնված ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքել
10:29 Ընտրությունների այլ նախնական արդյունքներ․ մենք տոտալ խաբում ենք, անազնիվ ենք, ու տոտալ չենք վստահում իրար ու որևէ մեկին․ Վահե Հովհաննիսյան