Գնում ենք դեպի դիկտատուրա․ լրագրողների աշխատանքը ավագանիում էլ կսահմանափակվի
copy image url

Գնում ենք դեպի դիկտատուրա․ լրագրողների աշխատանքը ավագանիում էլ կսահմանափակվի

Ներքին 2 շաբաթ առաջ - 14:50 21-05-2025
Երևանի ավագանու նիստերին լրագրողները այլևս չեն կարող ներկա լինել դահլիճում։ Նոր որոշմամբ՝նրանց դիտման հատվածը առանձնացվել է ապակե պատով, ինչն էապես փոխելու է մամուլի գործունեությունը ավագանու նիստերի լուսաբանման հարցում։

Լրագրողներն այժմ ստիպված են նիստերին հետևել միայն ուղիղ եթերով, ինչը նրանց համար լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում՝ հատկապես տեխնիկական խնդիրների կամ քննարկումների ժամանակ։ Տեղում չգտնվելու պատճառով խախտվում է լրատվամիջոցների օպերատիվ արձագանքելու և տեղական ինքնակառավարման մարմնի գործունեությունն ամբողջական ու լիարժեքլուսաբանելու հնարավորությունը։

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ։

«Այս ամենը ժողովրդավարության ակնհայտ հետընթաց է, և շնորհավորում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր շարունակում են պնդել, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն է։ Սա նրանց հերթական տապալումն է»,- ասաց նա։

Ըստ տիկին Կարապետյանցի՝ այս քայլը ոչ միայն սահմանափակում է մամուլի բնականոն գործունեությունը, այլև վտանգում է տեղեկատվության ամբողջական փոխանցումը հանրությանը. «Սա հերթական հնարավորությունն է՝ առանձին միջադեպերի դեպքում սահմանափակելու տեսաձայնագրությունները։ Մենք քիչ-քիչ գնում ենք դեպի դիկտատուրա»։

Իրավապաշտպանն ընդգծեց նաև, որ մինչև հիմա իշխանությունների խոսույթը մնացել է բամբասանքի մակարդակում, չնայած ունեն բոլոր գործիքակազմերը կասկածելի ֆինանսավորումներն ու գործողությունները քննելու համար։

Նշենք նաև, որ ըստ ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի՝ յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք, և նման սահմանափակումները կարող են կիրառվել միայն օրենքով և բացառապես հանրային շահի կամ այլոց իրավունքների պաշտպանության նպատակով։