Կոռուպցիան անձնական կամ այլ շահադիտական նպատակով ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահումն է։ Երբ ազգային խնդիրների ուղղությամբ օգտագործվում են պետական միջոցներ՝ նորմալ է։ Աննորմալ է, երբ պետական ռեսուրսներն ուղղվում են մասնավոր նպատակներին։ «Կրթվելը նորաձև է» արշավը «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությունն է, որի ժամանակ դասընթացներ են կազմակերպում, ուսուցողական ծրագրեր իրականացնում, բանախոսություններ կարդում։ Այն ազգային-պետական ծրագիր չէ։
Մայիսի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, հետ պետական ուղղաթիռով գնացել է Տաթև՝ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում բանախոսության։ «Գնում ենք Տաթեւ՝ «Կրթվելը նորաձեւ է» բանախոսության»,- գրել էր Փաշինյանը։
Այսպիսով՝ վարչապետը տիկնոջ հետ օգտագործել է պետական ուղղաթիռն այնպիսի միջոցառմանը մասնակցելու համար, որը ազգային ծրագիր չէ, քաղաքական օրակարգի հարց չէ, վարչապետի ուղղակի պարտականությունների մեջ չի մտում։
Ինչո՞ւ է հասարակական նախաձեռնության միջոցառմանը մասնակցելու համար վարչապետը կիրակի, ոչ աշխատանքային օրն օգտագործել պետական ուղղաթիռ։
Պետական ուղղաթիռը խնամքով օգտագործող տեխնիկա է։ Այն ամեն առիթով չի շահագործվում։ Օրինակ՝ 2023-ին Արցախում մեծ պայթյունից տուժածներին շտապ օգնելու և Հայաստան տեղափոխելու խնդիր կար։ Այդ ժամանակ օգտագործվեց պետական ուղղաթիռը։ Ուղղաթիռով բժիշկների թիմն անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով, մեկնեց Ստեփանակերտ։ Պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին ուղղաթիռով տեղափոխեցին Սիսիան։ Սակայն ուղղաթիռից կարողացան օգտվել մի քանի հոգի, քանի որ այն շատ խնայում էին, չէին ուզում վտանգել։ Վիրավորների մեծ մասը Հայաստան հասցվեցին ավտոմեքենաներով։
Այս անգամ պետական ուղղաթիռը ծառայել է վարչապետին ու նրա տիկնոջը։ Սա հրատապ խնդիր չէր, ինչպես Արցախում պայթյունից տուժածներին օգնությունը, անվտանգային, պաշտպանական, առողջապահական, հումանիտար հրատապ նշանակություն չուներ։
Հետևապես՝ պետական ուղղաթիռը հասարակական նախաձեռնության բանախոսությանը մասնակցելու համար վարչապետին ծառայեցնելը պարզաբանման կարիք ունի։ Հարկատուներն իրավունք ունեն իմանալու, թե ինչո՞ւ է իրենց փողերով պահվող պետական ուղղաթիռն օգտագործվում ազգային նշանակություն չունեցող միջոցառումներին մասնակցելու նպատակով։
Եթե ուզում են պետական ռեսուրսներ ծախսել «Կրթվելը նորաձև է» ծրագրի վրա, ապա նախ պետք է այդ ծրագիրը ներառել կառավարության որոշումներում, դրան տալ ազգային ծրագրի կարգավիճակ, որից հետո հարկատուների միջոցներն ուղղել դրան։
Կառավարությունը կարող է նաև որոշում ընդունել, որ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է կիրակի օրերը մասնակցել «Կրթվելը նորաձև է» արշավի միջոցառումներին։ Այդ որոշման հիման վրա էլ կարող են պետական ռեսուրսներ, հարկատուների միջոցներ ծախսել։
Ի վերջո՝ «Իմ քայլը» հիմնադրամը կարող է ՊՆ-ից վարձակալել կամ գնել ուղղաթիռ, որով կիրակի օրերին վարչապետն ու նրա տիկինը կարող են գնալ իրենց բանախոսությունները կարդալու։ Այսպիսի մի բան պետք է անել, որ կոռուպցիոն ռիսկերը, կասկածները ցրվեն։
Ենթադրելի է, որ Փաշինյանը վախենում է «Կրթվելը նորաձև է» արշավին պետական կարգավիճակ տալ, քանի որ այն, ըստ էության՝ ՔՊ նախընտրական քարոզարշավ է։ Ժողովրդավարության ջատագովները կարող են նրան հանդիմանել, որ կուսակցական քարոզարշավին հարկատուների միջոցներն են ծախսում, վարչական ռեսուրսներ կիրառում, ստեղծում անհավասար մրցակցային պայմաններ։ Այս ամենը կասկածի տակ կարող են դնել առաջիկա ԱԺ ընտրությունների օրինակարգությունը։
Կարճ ասած՝ Փաշինյանը խոցելի իրավիճակում է հայտնվել։ Մի կողմից՝ նա ուզում է օգտվել պետական ռեսուրսներից, մյուս կողմից՝ չի ուզում դրանք հիմնավորել կառավարության համապատասխան որոշումներով, որ կասկածի տակ չդնի ԱԺ առաջիկա ընտրությունների օրինակարգությունը։
Թաթուլ Մկրտչյան