Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մայիսի 2-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Վանաձորի բնակիչները կարծում են, որ 2018-ի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը նիհարել է։ «Բարև ձեզ, պարոն վարչապետ, ինչի՞ եք սենց նիհարել, շատ եք նիհարել, Փաշինյան ջան»,- Վանաձորի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի բակում դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց քաղաքացիներից մեկը, ինչին կառավարության ղեկավարը հետևյալ կերպ արձագանքեց. «Երբ մարդը նիհարում է, էդ լավ է, ոչ թե վատ»: Կանանցից մեկն էլ Սանկտ-Պետերբուգի թաղամասի տնակային ավանի բոլոր բնակիչների անունից հետաքրքրվեց, թե երբ բնակարան կունենա, ապա նշեց՝ իշխանափոխությունից հետո վստահ էր, որ շուտ կունենար։ Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Հեղափոխության նպատակը երբեք այն չի եղել, որ մարդկանց տներ բաժանի, հեղափոխության նպատակը եղել ա էն, որ մարդկանց աջակցի, օգնի, դրդի, դնի մի վիճակի մեջ, որ մարդիկ աշխատեն, վաստակեն, պետության հարկերը վճարեն և իրենք իրենց համար բնակարան ձեռք բերեն»:
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, դիմել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ ավելի քան մեկուկես տարի Բաքվում բանտարկված հորն ու մյուս 22 հայ գերիներին ազատ արձակելու խնդրանքով։ Կրտսեր Վարդանյանի հոդվածը՝ «Հայրս ավելի քան 550 օր բանտում է պարզապես քրիստոնյա լինելու համար» վերնագրով հրապարակել է ամերիկյան FoxNews-ը: «Ես և իմ ընտանիքը հույս ունենք, որ Դոնալդ Թրամփը՝ որպես խաղաղության նախագահ, կկատարի իր հանձնառությունը: Նա կարող է դա անել՝ Բաքվի ռեժիմին հասկացնելով, որ պետք է հետևել միջազգային կանոններին և ցույց կտա իր հավատարմությունը Կովկասում խաղաղությանը՝ ազատ արձակելով հորս ու մյուս հայ բանտարկյալներին», - նշել է նա։ Դավիթ Վարդանյանը հիշեցրել է նաև, որ մինչ նախագահը դառնալը Թրամփը նախընտրական քարոզչության ընթացքում խոստացել էր պաշտպանել հալածված քրիստոնյաներին, այդ թվում՝ հայերին։
Գյումրիի ավագանին այսօրվա նիստում Կոմունիստական կուսակցության անդամ Ավետիք Առաքելյանին ընտրեց Գյումրիի համայնքապետի առաջին տեղակալ, իսկ Գագիկ Մանուկյանին՝ տեղակալ։ Առաքելյանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան է։ «Կապ չունի, որ Ավետիս Առաքելյանը իմ փեսան է։ Ես շատ պատասխանատու եմ ու իրենից ավելի շատ եմ պահանջելու, քան որևիցե այլ մեկից։ Ինձ հետ աշխատելը շատ դժվար է։ Ես շատ խիստ եմ լինելու յուրաքանչյուր հարցի վերաբերյալ», - հայտարարեց Ղուկասյանը։ Ավագանին այսօրվա նիստում նաև հանձնաժողովի նախագահներ ընտրեց։ Նիստին ներկա էին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 14 անդամներից 13-ը, այդ թվում՝ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը, ովքեր փոխքաղաքապետների ընտրության ժամանակ ձեռնպահ, իսկ հանձնաժողովի նախագահի ժամանակ կողմ քվերակեցին։
«Հանրապետություն» կուսակցությունը Երևանը չի հանձնի «ռուսահպատակներին», խոստանում է կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը ում թիմակից, Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանն իր աշխատակիցների հետ դաժան ծեծի էին ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին։ «Հանրապետություն» կուսակցությունը Երևան քաղաքում կոալիցիա չի կազմել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ պաշտոններ ունենալու մոլուցքով, մենք գաղափարական ենք, պաշտոններից հրաժարվելու դեպքում անգամ՝ հավատարիմ կմնանք կոալիցիոն հուշագրին և մայրաքաղաքը չենք տա ռուսահպատակներին։ Հույս չունենաք...»,- գրել է Սարգսյանը։ Նշենք, որ նախօրեին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը, ով նույնպես «Հանրապետություն» կուսակցության անդամ է, հարցազրույցում հայտարարել էր, որ եթե Տիգրան Ավինյանը Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծուջարդից հետո որոշում կայացնի հեռացնել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին, իրենք միանշանակ բոլորով վայր կդնեն իրենց լիազորությունները։
Մանրամասները՝ տեսանյութում: