Զարմանալի զուգադիպությամբ՝ «Կրթվելը նորաձև է» արշավին զուգահեռ հաճախանում են բռնության դեպքերը։ Բռնություն կիրառելը կամ բռունցքներով հարց լուծելը դառնում է սովորական բան։ Գլուխ են բարձրացնում ստորակարգ բնազդները։ Մարդիկ և պաշտոնյաները խոսքով, քաղաքավարի կարգով հարց լուծելու փոխարեն՝ նախընտրում են բռնությունը, հայհոյանքը, հակահասարակական վարքը։
Թավշյա հեղափոխության շրջանում ցուցարարները Փաշինյանի հորդորով բարձրացնում էին ձեռքերը, մերժելով բռնությունը որպես պայքարի միջոց։ Այս մոտեցումը, կարծես՝ վերանայվել է։ Ապրիլի 27-ին, 28-ին ու 29-ին բռնության աղմկահարույց միջադեպեր տեղի ունեցան Հայաստանում։ Դեպքերի այսպիսի հաճախությունը հիմք է տալիս ենթադրելու, որ ինչ-որ ուժեր փորձում են լեգիտիմացնել բռնությունը, այն դարձնել նորմալ։
Ապրիլի 27-ին իրավախախտում կատարելու համար Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում Շիրակի մարզի պարեկները կանգնեցրել են 22-ամյա երիտասարդի վարած ՎԱԶ-21074 մակնիշի ավտոմեքենան: Վարորդի սթափության վիճակը ստուգելուց հետո պարեկը նրան հայտնել է, որ զրկվում է վարորդական իրավունքից, ինչն օրենքի պահանջ է: Այս լսելով՝ վարորդը բռունցքով հարվածել է պարեկների դեմքին, միջամտել են նաև ավտոմեքենայի երկու ուղևորները, որոնք քաշքշել ու հարվածել են պարեկներին:
«Ապրիլի 28-ին Հանրապետական շտապօգնության ծառայության Աշտարակի բրիգադը կանչի վայրում էր, երբ դանակով զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների վրա։ Տուժել է շտապօգնության վարորդը»,- այս մասին տեղեկացրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, խիստ դատապարտելով տեղի ունեցածը, անընդունելի համարելով բուժաշխատողների հանդեպ ուժի և բռնության ցանկացած փորձ և դրսևորում։
Ապրիլի 29-ին բլոգեր Արթուր Չախոյանն է ծեծի ենթարկվել Նոր Նորքի թաղապետի և նրա թիմակիցների կողմից։ Ծեծի ենթարկվածին խուլիգանութան մեղադրանք է ներկայացվել։
Բռնության այս երեք դեպքերն էլ հանրային մեծ արձագանք են ստացել։ Երեքն էլ ուղեկցվել են ատելության խոսույթով, հայհոյանքներով։ Եվ երեքում էլ բռնությունն արդարացնողներ կան։ Առավել մտահոգիչ է, որ բռնությունը փորձում են արդարացնել քաղաքականություն որոշողները։ Իշխանությունների այսպիսի մոտեցումը հոգեբանները որակում են ավտորիտար ագրեսիա։ Այսինքն՝ կասկած կա, որ ՔՊ-ական իշխանությունները ատելության խոսույթով, ներքին լարվածություն հրահրելով, մարդկանց դրդում են բռնության։ Երբ բռնություններն այնքան շատանան ու սպառնան վերաճել քաղաքացիական բախումների, իշխանությունը կխստացնի օրենքներն ու ասպարեզից կհեռացնի մրցակիցներին, վերջիններիս մեղադրելով սադրանքների և բռնություններ հրահրելու մեջ։ Այսինքն՝ ժողովրդի, հատկապես ՔՊ-ին չընտրողների նկատմամբ բռնությունը կլեգիտիմացվի և կօրինականացվի։
Կարճ ասած՝ «Կրթվելը նորաձև է» արշավին զուգընթաց բռնության լեգիտիմացման արշավը ձեռնտու է թշնամիներին, քանի որ խախտվում է ներքին խաղաղությունը, վտանգվում ժողովրդավարությունը, փոշիանում քաղաքացիական համերաշխությունը, թուլանում ՀՀ պաշտպանունակությունը, նվազում դիմադրության ներուժը, և պետությունը դառնում է խոցելի։
Առայժմ կա ողջամիտ մտավախություն, որ բռնության լեգիտիմացման արշավը կազմակերպում է Նիկոլ Փաշինյանը, և չի հաջողվի կանխել աղետը։ Իսկ եթե նա չի նախաձեռնել այս արշավն, ապա նա և թիմակիցները կարող են հայտարարությամբ հրաժարվել ատելության խոսույթից, ի սեր պետության երդվել՝ բռնություն չհրահրել, որ պետությունը չներքաշվի նոր ողբերգության մեջ, նաև երդվել, որ եթե խախտեն այս երդումն, ապա անհապաղ հաժարական կտան ու քաղաքականությունից դուրս կգան։ Այս կերպ, թերևս՝ հնարավոր կլինի կանխել աղետը։
Թաթուլ Մկրտչյան