Իր կյանքը զոհեց՝ հանուն ուրիշների․ դիպուկահար Ահարոն Մովսիսյանի պատմությունը
copy image url

Իր կյանքը զոհեց՝ հանուն ուրիշների․ դիպուկահար Ահարոն Մովսիսյանի պատմությունը

Ներքին 1 օր առաջ - 14:35 01-05-2025
«Ահարս, դու կապրե՛ս մեր մեջ, դու հավերժ կմնա՛ս մեր սրտերում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Նաիրան՝ 44-օրյա պատերազմի մասնակից, զոհված դիպուկահար Ահարոն Մովսիսյանի կինը։ Նրա խոսքում հպարտությունն ու ցավը զուգորդվում են, պատմելով ամուսնու հերոսական ուղու, ընտանիքի և սիրո մասին։

Մանկություն ու ծառայության ճանապարհ

Ահարոն Մովսիսյանը ծնվել է 1989 թվականին Արարատի մարզի Ջրաշեն գյուղում։ Սովորել է Ս. Քոլոզյանի անվան միջնակարգ դպրոցում։ Երիտասարդ տարիքից արդեն ուներ հստակ պատկերացում՝ իր հայրենիքի հանդեպ պարտքի մասին։ Երկու տարի ծառայել է զինված ուժերում, այնուհետև վերադարձել տուն և ընտանիք կազմել։

Ահարոնը մասնագիտությամբ դիպուկահար էր, իսկ կոչումով՝ ենթասպա։ Նա և Նաիրան մեծ սիրով ու դժվարություններով էին հասել իրենց միասնական կյանքին։
«Մենք սիրեցինք իրար հեքիաթային սիրով և հասանք մեր հեքիաթին դժվարությամբ», – հիշում է Նաիրան՝ ժպիտով պատմելով իրենց համատեղ կյանքի մասին։

Դիպուկահարի ուղին՝ մասնագիտություն՝ որպես առաքելություն

2016 թվականին, երբ սկսվեց Ապրիլյան պատերազմը, Ահարոնը գտնվում էր Ռուսաստանում, սակայն առանց երկմտելու վերադարձավ Հայաստան՝ պատրաստ լինելու հայրենիքի պաշտպանությանը։ Ծառայությունը շարունակեց Դիպուկահարների պատրաստման դպրոցում․ «Ահարոնի համար դիպուկահար լինելը միայն մասնագիտություն չէր։ Նա ապրում էր իր համազգեստով ու զենքով», – ասուց Նաիրան։ Նրա խոսքով՝ Ահարոնը ռազմական գործին մոտենում էր ոչ միայն տեխնիկապես, այլև հոգով, բարձր պատասխանատվությամբ։

Ճակատում՝ մինչև վերջին շունչը

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը։ Ահարոնը անհամբերությամբ սպասում էր ստորաբաժանման շարժման հրամանին։ Հոկտեմբերի 3-ին ստանալով այն, անմիջապես մեկնել է ռազմաճակատ։ Սկզբում՝ Ջրական, ապա՝ Հադրութ։ Իր դիպուկահարական խմբով նա մասնակցել է ամենաբարդ և վտանգավոր մարտական գործողություններին։

Ըստ Նաիրայի՝ Ահարոնը ոչ միայն իր պարտքն էր կատարում, այլև հաճախ առաջին գծում էր՝ պաշտպանելով զինակից ընկերներին․ «Ահարը պրոֆեսիոնալ դիպուկահար էր, որի կրակոցից հակառակորդը բազմաթիվ կորուստներ է ունեցել։ Նա օգնում էր նաև ընկերներին՝ վստահություն ու վճռականություն փոխանցելով», – պատմեց կինը։

Հոկտեմբերի 10-ին հատուկ ջոկատայինները ծանր մարտի բռնվեցին թշնամու գերազանցող ուժերի դեմ։ Թշնամին շրջապատել էր նրանց դիրքը, բայց նա կարողացել է հայտնաբերել հակառակորդի գնդացիրները և ոչնչացրել, օգնելով ընկերներին դուրս գալ անտառի շրջափակումից։

Ենթասպա Ահարոն Մովսիսյանն, այսպիսով՝ հատուկ ջոկատայիններին օգնեց, ճեղքելով ետ քաշվել, և այդ ժամանակ էլ ինքը զոհվեց թշնամու կրակոցից։ Բոլոր կողմերից հարձակվող հակառակորդի կրակի տակ մարտական ընկերները չկարողացան դուրս բերել Ահարոնի մարմինը և այն թաքցրին անտառում, սակայն երկու օր անց մարտական ընկերներին հաջողվեց դուրս բերել։

Հերոսը՝ որդու աչքերով

Ահարոնի որդին՝ Անդրանիկը, նամակ է գրել հայրիկին՝ արտահայտելով հպարտություն նրա քաջության ու հայրենասիրության համար։



Ահարոնի կինը՝ Նաիրան, ասում է․ «Ահարոնը իր կյանքը զոհեց հանուն ուրիշների կյանքերի, հանուն հայրենիքի բարօրության։ Բայց մեզ մնացին մեր երկու հրեշտակները՝ Անդրանիկն ու Զառան։ Նրանք Ահարոնից մնացած մասնիկներն են, որոնք վառ են պահելու նրա հիշատակը․ Նա միշտ ներկա է լինելու մեր մեջ»։

Ահարոն Մովսիսյանը դարձավ այն հերոսներից մեկը, որոնց կյանքը կանգ առավ մարտի դաշտում, բայց հիշատակը շարունակում է ապրելու ուժ տալ բազում մարդկանց։ Նրա պատմությունը միայն պատերազմի մասին չէ, այլ սիրո, պատասխանատվության և անսահման նվիրումի։

Ֆոտոշարք