Արտաքին 1 տարի առաջ - 23:16 28-04-2025

Լարվածությունն աճում է. Հնդկաստան-Պակիստան առճակատումը մոտ է, քան երբևէ

Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը Քաշմիրի շրջանում օրեցօր սրվում է։ Սահմանային գոտում արդեն երրորդ գիշերն անընդմեջ շարունակվում են հրաձգությունները։

Հնդկաստանի իշխանությունները մեղադրել են Պակիստանին՝ անդրսահմանային ահաբեկչական խմբերին աջակցելու մեջ, ինչը, Նյու Դելիի պնդմամբ, հանգեցրել է Քաշմիրում խաղաղ բնակչության դեմ վերջին քառորդ դարում ամենասարսափելի հարձակմանը։

Իսլամաբադը կտրականապես հերքել է մեղադրանքները՝ դրանք որակելով անհիմն և շեշտելով, որ կպաշտպանի իր շահերն ու արձագանքելու է Հնդկաստանի ցանկացած ագրեսիվ գործողության։

Միավորված ազգերի կազմակերպությունը կոչ է արել կողմերին ցուցաբերել «առավելագույն զսպվածություն» և խթանել «խաղաղ լուծում՝ կառուցողական համագործակցության միջոցով»։

Ի պատասխան վերջին զարգացումներին՝ Հնդկաստանը որոշել է կասեցնել ջրային պաշարների բաժանման մասին գործող պայմանագիրը, փակել Պակիստանի հետ խոշոր ցամաքային անցակետը, կրճատել դիվանագիտական ներկայացվածության մակարդակը և դադարեցնել պակիստանցիների համար տրվող վիզաները։

Պակիստանը, իր հերթին, արտաքսել է հնդիկ դիվանագետներին և ռազմական խորհրդականներին, չեղարկել է հնդկացի քաղաքացիների վիզաները՝ բացառությամբ սիկհ ուխտավորների, փակել իր կողմում գլխավոր սահմանային անցակետը։

Չնայած լարվածությանը՝ Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը РИА Новости-ին տված հարցազրույցում նշել է, որ Իսլամաբադը ռազմական գործողությունների չի դիմի, եթե Հնդկաստանը լրացուցիչ սրացում չհրահրի։

Նա շեշտել է, որ Պակիստանը հազիվ թե դիմի միջուկային պատերազմի Հնդկաստանի դեմ, և կոչ է արել միջազգային հետաքննություն անցկացնել Քաշմիրի ահաբեկչության դեպքի առնչությամբ՝ նշելով, որ երկրի հասցեին հնչեցրած մեղադրանքները մերկապարանոց են։

Oragir.News-ը իրավիճակի հնարավոր զարգացումները հասկանալու համար զրուցեց քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանի հետ։

Ըստ նրա՝ այս փուլում որևէ մեկը 100 տոկոսանոց վստահությամբ չի կարող կանխատեսել ապագա զարգացումները, սակայն ակնհայտ է, որ առճակատման վտանգը իրական է և ավելի լուրջ, քան 1990-ականներին։

«Այսօր մենք գործ ունենք ոչ միայն դասական հակամարտության, այլ նաև միջազգային շահերի բախման հետ։ Այս իրավիճակում կան շահառուներ։ Օրինակ՝ Չինաստանը, որի համար ձեռնտու է Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը՝ տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու նպատակով։ Քաշմիրի հարցում ձևավորվել են նաև ոչ ֆորմալ կոալիցիաներ. Թուրքիան, օրինակ, ռազմական աջակցություն է ցուցաբերում Պակիստանին՝ ուղարկելով ռազմական ինքնաթիռներ։ Պակիստանն իր հերթին աջակցել էր Ադրբեջանին 2020 թվականի 44-օրյա պատերազմում, ինչի արդյունքում էլ այսօր Ադրբեջանն աջակցում է Պակիստանին»,- նշեց քաղաքագետը։

Նրա խոսքով, Հնդկաստանի կողքին կանգնած են Իսրայելը, ԱՄՆ-ն և մի շարք եվրոպական երկրներ, որոնք հետաքրքրված են Հնդկաստանի տարածաշրջանային կայունությամբ և տնտեսական զարգացմամբ։ Միևնույն ժամանակ, Պակիստանի որոշ ռազմավարական շրջանակներում սկսվել են միջուկային սպառնալիքների արծարծումները՝ որպես զսպման գործոն Հնդկաստանի նկատմամբ։

Հովհաննիսյանը շեշտեց նաև միջազգային կառույցների միջամտության անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ առանց արտաքին ճնշման իրավիճակի խաղաղ հանգուցալուծման շանսերը նվազում են։

Անդրադառնալով Հայաստանի դիրքորոշմանը՝ քաղաքագետն ասաց. «Հայաստանը, բնականաբար, կմիանա միջազգային հանրության դիրքորոշմանը և ինչ-որ չափով կաջակցի Հնդկաստանին՝ հաշվի առնելով երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները։ Սակայն Հայաստանի աջակցությունը կլինի խորհրդանշական, քանի որ ներկայումս Հայաստանը չունի բավարար ռեսուրսներ լուրջ ներգրավվածության համար»։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից