Դիվանագետների համահայկական խորհուրդը հայատարարություն է տարածել.
«Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը հարգանքի տուրք է մատուցում 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը նահատակ դարձած 1,5մլն հայերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձաններին:
«Հիշու՛մ եմ և պահանջու՛մ» ուխտն առավել կարևորություն է ստանում այսօր՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին, երբ հայ ազգն առերեսվում է նախկինում աներևակայելի թվացող ուրացման ու ժխտողականության քաղաքականությանը, որին լծվել է նաև ներկայիս հայաստանյան իշխանությունը, խաղաղության պատրանքի ակնկալիքով, դարավոր թշնամուց ողորմության փշրանքներ աղերսելով:
Օսմանյան Թուրքիայի կողմից պետականորեն կազմակերպված և իրականացված հայ բնակչությանն իր հազարամյակների բնօրրանից բնաջնջելու տասնամյակների քաղաքականությունն իր գագաթնակետին հասավ 1915թ.-ին և շարունակվեց մինչև 1923 թվականը: Քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ մի ողջ ժողովուրդ կոտորվեց, հայրենազրկվեց, հազարամյակների մշակույթն ու քաղաքակրթությունը զոհ գնացին թուրքական ազգայնամոլությանը՝ ուղեկցվելով աշխարհի մեծերի՝ քաղաքական շահից ու նպատակահարմարությունից թելադրված լռությամբ:
Նախորդ վաթսուն տարիներին հսկայական աշխատանք է տարվել 20-րդ դարի առաջին մեծ ոճրագործությունը աշխարհին ներկայացնելու համար: «Այլևս երբե՛ք»-ը դարձել է առաջնորդող սկզբունք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու մարդկության դեմ այդ ամենածանր հանցագործության դատապարտմանը և կանխարգելմանը զորագրված մի շարք պետությունների ու բազմաթիվ գործիչների համար, ակտիվ պայքար է մղվել ցեղասպանության ժխտման՝ որպես ցեղասպանության հանցագործության վերջին փուլի դեմ:
Ժամանակակից Թուրքիան իր տասնամյակներ շարունակ համառորեն տարվող ժխտողական քաղաքականությամբ, զոհին մեղավոր կարգելու ջանքերով, հնարովի ու պատվիրված ուսումնասիրություններով հայ ժողովրդի արդար պահանջատիրությունն ու իրավունքները հիմնազրկելուն ուղղված ծրագրերով դարձել է 110 տարի առաջ գործված հանցագործության ուղղակի մեղսակիցը:
Ավելին, իր պատմական հայրենիքում հայկական տարրի վերացմանն ուղղված հարյուրամյա ծրագրերը նոր դրսևորումներ են ստացել «պանթուրքական ու նեո-օսմանական» նկրտումներով՝ արձանագրելով նոր ողբերգություններ և, օգտվելով անպատժելիությունից, ոգեշնչելով Ադրբեջանին հանցավոր ծրագրերը շարունակելու գործում: Նույն ծրագրի հերթական դրվագներից էին 20-րդ դարավերջին Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի հայկական ջարդերը, ինչպես նաև ամենավերջին գործողությունները՝ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմները, հյուծիչ շրջափակումը և ի վերջո՝ 150 000 հայ բնիկ բնակչության բռնի տեղահանմամբ էթնիկ զտման իրականացումը, որը կրկին ուղեկցվեց միջազգային հանրության լռությամբ:
Հայ ժողովրդի պայքարն այսօր ավելի լայն եզրեր է ընդգրկում: Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման 110-ամյա տարելիցին ազգովի աննախադեպ սպառնալիքների առջև ենք հայտնվել՝ գոյաբանական վտանգ Հայաստանի համար, խորացող անվտանգային մարտահրավերներ ու ազգային ինքնության ոչնչացմանն ուղղված գործողություններ, որին լծվել է նաև մեր պետության կառավարման ղեկին հայտնված խմբակը:
Պատմությունը խեղաթյուրելու, միլիոնավոր զոհերի տառապանքները մոռանալու, նրանց իրավահաջորդների իրավունքներն անտեսելու գնով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ նորմալ հարաբերությունների կառուցումը մի կողմից պատրանք է, մյուս կողմից՝ անհեռատես ու վտանգավոր քաղաքականություն, որը չի կարող հանգեցնել ո՛չ արդարության, ո՛չ հաշտեցման, ոչ էլ բարիդրացիական ու անվտանգային միջավայրի ստեղծման:
Հայոց ցեղասպանության իրողությունն ու ողբերգության մասշտաբները ոչ միայն բացահայտ ժխտելը, այլև տարբեր ձևակերպումներով կասկածի տակ դնելը ուղղված են հայ ժողովրդի պատմության, հիշողության, ինքնության, արժանապատվության դեմ, հետևաբար՝ նաև հայոց պետականության դեմ, ուստի հանցավոր են ու խստագույնս դատապարտելի։
Ապրիլի 24-ին միասնաբար ոգեկոչելով Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը, պարտավոր ենք մեր վճռական ձայնը բարձրացնել հանուն արդարության, հանդես գալ ժխտողականության, հայոց պատմության ամենամեծ ողբերգության խեղաթյուրման կամ նսեմացման ցանկացած փորձի դեմ։
Կո՛չ ենք անում շարունակել պայքարը հանուն արդարության հաստատման, հանուն հայ ազգի՝ սեփական հայրենիքում հարատևման»: