Արցախյան շարժման նվիրյալների ցանկում առանձնահատուկ տեղ ունի «Աշխատանքային խումբը» (,,Рабочая группа,,), որի մասին, ցավոք, կարծես մոռացել ենք։ Մինչդեռ, առանց նրա, Շարժումն այնպիսին չէր լինի, ինչպիսին եղավ՝ հնարավորինս՝ համախմբված, անթերի ու բոցաշունչ։
Դա մի խումբ էր, որն իրականացնում էր կազմակերպական բնույթի ամենաանհրաժեշտ, հաճախ չերևացող աշխատանքը․ հանրահավաքների ու երթերի կազմակերպում, պլակատների պատրաստում, աշխատանք ժողովրդի հետ, համակողմանի օժանդակություն ինքնապաշտպանական գործի կազմակերպմանը և այլն։ Այն համալրված էր ժողովրդի մեջ մեծ հարգանք ու վստահություն վայելող անհատներով, ովքեր, երբ դրա կարիքը լինում էր, նաև ելույթներ էին ունենում հանրահավաքներում և որոնք անմնացորդ տրվել էին Շարժմանը ու, անտարակույս, արժանի են գրավոր հիշատակության։
Նրանցից մեկն էր Իշխան Գաբրիելի Ավետիսյանը՝ Ստեփանակերտում և, ընդհանրապես, Արցախում հայտնի մի անհատականություն, ում համար հայոց աշխարհը, Արցախը հայեցի ու հայկական տեսնելը եղել է նվիրական երազանք, դրա իրագործումը՝ գլխավոր նպատակ։

Ծնվել է 1924 թվականի ապրիլի 25-ին՝ Գորիսի Տեղ գյուղում։ 1937 թվականին խորհրդային բանակի գնդապետ նրա հայրը՝ Գաբրիել Ավետիսյանը, դատապարտվում է գնդակահարության:

Պատճառն այն էր, որ նա ժամանակին կռվել էր Առաջին Հանրապետության զինված ուժերի կազմում (Կարմիր բանակի կազմում էլ եղել է մարշալ Բաղրամյանի հրամանատարը. երբ 70-ականների վերջին Բաղրամյանն այցելել է Ստեփանակերտ, հանդիպել է Իշխանի մորը՝ Վարդանուշին.

տարազով կին էր․ հիշում եմ՝ 1992-ի մարտի 29-ին Ղայբալիշենի մերձակայքում վիրավոր ընկերոջը մարտի դաշտից դուրս բերելիս զոհված, «Մարտական խաչ» շքանշանի ասպետ նրա ծոռը՝ Սամվելը, երբ դեռ փոքր էր, նրան «փուլի բաբո» էր ասում՝ տարազի գլխարկից կախված արծաթե դրամների պատճառով)։
Եվ այրիացած Վարդանուշն իր չորս որդիների հետ բնակության է տեղափոխվում Ստեփանակերտ։
Վարդանուշի որդիներից մեկը չպարզված հանգամանքներում զոհվում է խորհրդային բանակում։ Ապետնակն ու Սամվելն ատամնաբույժներ են դառնում։ Ապետնակը բնակության է տեղափոխվում Վորոնեժ, իսկ իսկ Սամվելն աշխատանքի է անցնում Ստեփանակերտի ատամնաբուժարանում։
Իշխանը, ով եղբայրների մեջ ավագն էր, տաքսու վարորդ էր, անփոխարինելի թամադա, ում խոսքը համեմված էր փիլիսոփաներից ու բանաստեղծներից մեջբերումներով։ Բարձրագույն կրթություն չէր ստացել, բայց օժտված էր բնատուր մեծ խելքով․ կենցաղում, շրջապատում ու խոսքում ամբասիր էր, օգտակար ու կիրառելի խորհուրդներում՝ շռայլ։ Ու Ստեփանակերտում նրանց տունը գտնելու համար պետք էր պարզապես հարցնել՝ որտե՞ղ է ապրում թամադա Իշխանը․․․
Արդեն վաղուց կյանքի յոթերորդ տասնամյակը թևակոխած Իշխան Ավետիսյանն անմնացորդ տրվել էր Արցախյան շարժմանը․ նա ամենուր էր, անում էր՝ ինչ անհրաժեշտ էր, իսկ մի անգամ, երբ արդեն Ստեփանակերտ բերված խորհրդային զորքերը սկսել էին ավելի հանդուգն դառնալ, ցանկանում էին ձերբակալել մի երկու ակտիվիստի, բարձրացել է զրահամեքենայի վրա և բոցաշունչ ճառով դիմել զինվորականներին։
-Սպաներ և զինվորներ, մենք հասկանում ենք, որ դուք ձեր ծառայողական պարտքն եք կատարում, բայց դուք պետք է հաշվի առնեք, որ մենք էլ ազատ ապրելու մեր իրավունքն ենք պաշտպանում։ Պետք չէ նեղել մեր ժողովրդին, ձեզ մայրեր չե՞ն ծնել,-ասել է։
Ու զինվորականները տեղի են տվել․․․
Ի դեպ, Ավետիսյանը եղել է 1960-ականների կեսերին Բագրատ Ուլուբաբյանի գլխավորած ու մեծ աղմուկ հանած՝ Արցախի հարցը բարձրացրած 13 հոգանոց հայտնի խմբի գործակիցներից մեկը և մի քանի օր անց է կացրել ՊԱԿ (КГБ) մարզային բաժնի նկուղում։ Այդ խմբի անդամ, հետագայում՝ 1988-ի փետրվարին ստեղծված «Կռունկ կոմիտե»-ի նախագահ Արկադի Մանուչարովի (ում անունն էլ, ի դեպ, չի հիշատակվում) ընկերն ու գաղափարակիցն էր։
1991 թվականի դեկտեմբերի 28-ին Իշխան Ավետիսյանն ընտրվում է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն Խորհրդի պատգամավոր։
Իշխան Ավետիսյանի կինը՝ Ժենյա (Եվգենյա) Խաչատրյանը, նույնպես Ստեփանակերտի պատվարժան քաղաքացիներից էր․ նա եղել է ՔԿԱԳ (ЗАГС) Ստեփանակերտի բաժնի պետը, ինչպես նաև՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի քարտուղարը։
Նրանց որդին՝ Կառլեն Ավետիսյանը, երկար տարիներ եղել է ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչը։

ԼՂՀ նախագահի՝ 2001 թվականի սեպտեմբերի 2-ի հրամանագրով Իշխան Ավետիսյանը պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով։
Վերջում արժե հիշատակել նաև «Աշխատանքային խմբի» մյուս բոլոր անդամներին․ Գաբրիելյան Ռաֆիկ Աբրահամի, Հայրապետյան Արաքսյա Եփրեմի, Գրիգորյան Սերժիկ Ալեքսանդրի, Գևորգյան Վարդուհի Սուրենի, Գրիգորյան Ավետիս Սարգսի, Սարգսյան Հրանտ Մովսեսի, Ղասումյան Լյովա Նիկոլայի, Բալայան Վարդան Արշակի, Բաղդասարյան Վիլեն Գարոյի, Ավագյան Աշոտ Մուշեղի, Հակոբյան Էդիկ Գուրգենի, Գրիգորյան Կառլոս Աշոտի, Հայրիյան Ռադիկ (Հրանտ) Թավադի, Ղազարյան Եգոր Նիկոլայի, Մեհրաբյան Վալյա Ալեքսանդրի, Ղուլյան Բեգլար Երվանդի, Բեգլարյան Բորիկ Միքայելի, Գաբրիելյան Լավրենտ Բենիկի, Ստեփանյան Ալյոշա Սիմոնի, Բեգլարյան Վոլոդյա Բեգլարի, Ալեքսանյան Ռազմիկ Էդուարդի, Ղազարյան Ժորիկ Ղազարի, Սարգսյան Վագիֆ Ասծատուրի, Հայրապետյան Վահրամ Ջալալի, Ասրյան Սուրիկ Հովհաննեսի, Հայրապետյան Ալեքսանդր Սերգեյի, Հարությունյան Թելման Ֆրեյդոնի, Բեգլարյան Ռաշիդ Անդրանիկի, Խաչատրյան Էդիկ, Սարգսյան Հրանտ, Մանգասարյան Ռաշիդ, Բաբայան Ղարիբ, Ադամյան Էդիկ։
Կարեն Միրզոյան
Շարունակելի
Նախորդ ակնարկը՝ այստեղ: