Ուղիղ եթեր
Փոսի մեջ ենք․ փոքր ու միջին բիզնեսին «կթելով»՝ կառավարությունը բյուջեի դեֆիցիտն է կրճատում
copy image url

Փոսի մեջ ենք․ փոքր ու միջին բիզնեսին «կթելով»՝ կառավարությունը բյուջեի դեֆիցիտն է կրճատում

Ներքին Խոսք 1 օր առաջ - 19:00 14-04-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

«Օպտիմալ լուծում այս պահին չկա, ճիշտն այս պրոցեսը սառեցնելն է՝ մինչև տարեվերջ։ Երկրորդ՝ կառավարությունն ինքն անելանելի իրավիճակում է․ նկատի ունեմ բյուջետային փոսը, որում գտնվում է և դեֆիցիտի ահռելի ծավալները, որոնք գոյացել են, ինչպես նաև սպասարկման այն սցենարը, որը կապված է պետական պարտքի աճի ու նրա սպասարկման խնդիրների հետ։ Բնական է, որ սա կառավարթությանը ստիպում է գնալ այսպիսի ռադիկալ քայլերի»,– Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ անդրադառնալով այսօր կառավարության շենքի դիմաց փոքր և միջին ձեռնարկատերերի իրականացրած բողոքի ակցիային և կազմակերպված ստորագրահավաքին։

Նշենք՝ 2025 թվականի հունվարի 1-ից շեշտակի մեծացվել է փոքր ու միջին բիզներսի ներկայացուցիչների հարկային բեռը։ Շրջանառության հարկը կբարձրանա 5-ից մոտ 10 տոկոսի։ Հարկման այս տիրույթում աշխատող ընկերություն դժվար է գտնել, որ գոհ է այս նորամուծությունից։ Ավելի ուշ կառավարությունը որոշում ընդունեց, ըստ որի՝ շրջանառության հարկ վճարողների համար վեց ամիս՝ մինչև հուլիսի 1-ը, անցումային ժամանակաշրջան սահմանվեց, որի ընթացքում կառավարությունը պարտավորվել է տնտեսվարողներին վերադարձնել 5 տոկոսից ավելի գոյացած հարկերը։

Տնտեսագետի խոսքով՝ հարցի երկրորդ կողմը ծախսերը ռադիկալ կերպով կրճատելու և սեկվեստրի գնալու տարբերակն է, որը ներկա իրավիճակումը իրականացնելը շատ բարդ է՝ հաշվի առնելով ինչպես պարտքի ճնշումը, այնպես էլ անհետաձգելի համարվող ծախսերը։ Նա շեշտում է՝ 2026 թվականն էլ արդեն ընտրական տարի է, և նման իրավիճակում կառավարությունը նման ցավոտ կրճատումների ու սեկվեստրի չի գնա։

«Մյուս կողմից՝ խնդիրը լուծել փոքր ու միջին բիզնեսի մարդկանց միջոցով, այսպիսի արմատական միջոցով, ևս անարդյունավետ է։ Եթե խնդիրը ստվերը կրճատելն է, և այն կազմակերպման կամ հարկագանձման դաշտում է, այդ դեպքում ինչո՞ւ են այսպիսի «դրակոնային» քայլերով՝ փաստացի կրկնապատկելով շրջհարկը, փորձում երկու խնդիր լուծել։ Այդպես չի լինում։ Եթե խնդիրը խոշորների մոտ ստվերը կրճատելն է և դրա ճանապարհը տեսնում ես փոքրերի միջոցով՝ փաստաթղթեր կորզելով և շրջանառությունները բացահայտելով, այդ դեպքում ինչո՞ւ ես կրկնապատկում շրջանառության հարկը, կամ բիզնեսի որոշ տեսակներ բերում շրջհարկի դաշտ, կամ շրջանառության հարկի դաշտում գործող որոշակի գործունեության տեսակների տեղափոխում սովորական հարման ռեժիմ։ Այս հարցերի պատասխանները չեն տրվում, և բնական է, որ մարդիկ այս ճանապարհով են իրենց բողոքը ներկայացնում, որովհետև շատ լավ հասկանում են, որ չեն կարող փաստաթղթեր կորզել, իսկ եթե անգամ դա իրենց հաջողվի, ապա պետք է սկսեն գները բարձրացնել։

Եթե խոշորը սկսի փաստաթղթեր տալ այն չափով, որքան ստվերն է, ապա բնականաբար ավելի մեծ գներով է իր վաճառքն իրականացնելու, հետևաբար՝ փոքր ու միջին բիզնեսն էլ ստիպված է լինելու գները բարձրացնել։ Սա շղթայական խնդիր է, որն ի վերջո հանգեցնելու է ապրանքների և ծառայությունների գների բարձրացմանը։ Սա բերելու է գնաճի, բայց սա էլ հանգեցնելու է վաճառքի տեմպերի կրճատմանը, ու եթե անգամ վաճառքները չկրճատվեն, գոյություն ունեն ներմուծված ապրանքներ, որոնք ավելի նախընտրելի է դառնալու։ Ուստի պետք է հասկանալ՝ փոքր ու միջին բիզնեսի մարդն ի՞նչ պրեսինգի տակ է հայտնվում է ինչո՞ւ է բողոքում։ Այն, որ այս որոշման կիրառումը հետաձգվեց մինչև հուլիսի 1-ը, որի ընթացքում առանց փաստաթղթերի ձեռք բերված ապրանքային մնացորդները պետք է իրացվեին, տեսնում ենք, որ պրոցեսն ավելի շուտ է սկսվել ու մարդկանց սկսել են տուգանել։

Այնպես որ՝ հարցը բազմաթիվ շերտեր ունի և կարծում եմ՝ լայն համատեքստում կարելի է լուծումներ գտնել՝ հարկային ռեֆորմների զարգացման քաղաքականությունների, ինչու չէ նաև ֆինանսական համակարգի վերաֆորմատավորման, անարդյունավետ ճախսերի կրճատմամբ․ նկատի ունեմ ոստիկանություն, դատախազություն, տարատեսակ քննչականներ։ Այստեղ է, որ կառավարությունը շատ հանգիստ կարող է ծախսերը կրճատել և փոքր ու միջին բիզնեսի մարդկանց հանգիստ թողնել։ Ի վերջո այդ բիզնեսը հարկ «կթելու» միջոց չէ․ նրանք լուծում են իրենց օրվա հացի խնդիրը, լուծում են սոցիալական խնդիր՝ ապահովելով աշխատատեղեր ու մեծ հաշվով նրանք մինիմալ շահույթներ են ստանում կամ առհասարակ չեն ստանում»։

Մարգարյանը նկատում է, որ ավելի արդյունավետ կլիներ եթե կառավարությունը սկսեր խոշոր բիզնեսին հարկելուց, քան թե գնալ փոքր ու միջին բիզնեսի հետևից՝ չունենալով բավարար թվով ստուգողներ։ Ըստ նրա՝ այստեղ մեծ են նաև կոռուպցիոն ռիսկերը, քանի որ տեսուչները կարող են պայմանավորվել տնտեսվարողների հետ ու չտուգանել մարդկանց, սակայն այժմ դա էլ է բարդ, քանի որ տեսուչներին ևս ստուգում են։

Տնտեսագետը հավելեց՝ եթե լուծումներ չգտնվեն և այս թնջուքը շարունակվի, ապա մի շարք բիզնեսներ կարող են պարզապես փակվել։ «Եթե մարդը փաստաթուղթ չի կարողանում ձեռք բերել ու տեղավորվել այն ինքնարժեքի օրակարգի մեջ, չի կարողանում դիմանալ մրցակցությանը, բնական է՝ փակելու է իր բիզնեսը։ Արդեն բազմաթիվ ցուցանակներ կան, որ բիզնեսը վաճառվում է կամ տրվում է վարձով։ Դրանք հիմնականում փոքր ու միջին բիզնեսի մարդիկ են, և եթե շրջեք մոլլերով ու տոնավաճառներով, կտեսնեք, որ նույն պատկերն է։ Մարդիկ ռացիոնալ մոտեցում են ցուցաբերում․ կարող են պարզապես փակել իրենց խանութի դռները և զրոյացնել իրենց հարկային ակտիվությունը՝ առաջնորդվելով «տեսնենք, թե ինչ կլինի» սկզբունքով»,- ասաց նա՝ եզրափակելով, որ սա նոր երևույթ չէ և Հայաստանում փոքր ու միջին բիզնեսի նկատմամբ միշտ էլ եղել են արշավանքներ։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

17:19 Ամուսինները տանը հանկարծամահ են եղել․ նախնական տվյալներով՝ մարինացված վարունգից․ ՆԳՆ
22:21 Շմոլ գազ, ոչ թե թթու վարունգ․ նոր մանրամասներ՝ Տավուշում ամուսինների մահվան դեպքից
22:00 6 անշարժ գույք, 3 մեքենա, 30 մլն դրամ և 20 հազար դոլար անկանխիկ, 33․8 մլն եկամուտ․ Վարդենիսի համայնքապետի և նրա կնոջ ունեցվածքը
16:18 Եթե մի գեղեցիկ օր Մինգեչաուրը վթարվի, ապա մոտ 10 000 քառ․ կմ տարածք կհայտնվի ջրի տակ
16:10 Կանայք, տղամարդիկ, ապա ընտանիքները․ Աննա Հակոբյանի ընթրիքը կարժենա մինչև 3,5 մլն դրամ
14:46 Ժողովուրդ ջան, մենք թողնում ենք, գնացեք, ում ուզում եք՝ ընտրեք ու վայելեք. բայց չեք վայելելու
08:53 Ուրբաթ օրվանից հետո Երանուհին չի երևում հիվանդանոցում․ Լուսավորիչում հարաբերական անդորր է․ Հրապարակ
15:00 Ապրիլի 24-ին կայցելենք Ծիծեռնակաբերդ, բայց ջահերով երթին չենք մասնակցի․ հարցում
08:39 Սուս մնացեք, թող 16-ն անցնի․ Վարդան Ղուկասյանը թիմակիցներին հրահանգել է․ Իրավունք
22:35 «Կրթվելը նորաձև է» արշավը Սյունիքում. հավաքել են հեռախոսները, ստուգել պայուսակներն ու գրպանները