Ուղիղ եթեր
Համատարած ծառահատումերով վերադառնում է փոշոտ, կեղտոտ Երևանի ուրվականը. մասնագետի պարզաբանումը
copy image url

Համատարած ծառահատումերով վերադառնում է փոշոտ, կեղտոտ Երևանի ուրվականը. մասնագետի պարզաբանումը

Ներքին 1 շաբաթ առաջ - 17:01 11-04-2025
Մինչև 1920 թվականը Երևանը համարվում էր փոշոտ և կեղտոտ քաղաք։ Խորհրդային իշխանության տարիներին քաղաքում սկսվեցին քաղաքաշինական բարեփոխումներ։ Այդ բարեփոխումների արդյունքում Երևանը աստիճանաբար սկսեց վերածվել ժամանակակից մայրաքաղաքի։ 1930-1940-ական թվականներին քաղաքում արդեն նվազել էին փոշին և աղտոտվածությունը, քանի որ իրականացվում էր համատարած ծառատունկ, և արհեստական անտառներ էին ստեղծվում։

Սակայն այսօր, կարծես՝ Երևանը վերադառնում է 20-րդ դարի սկզբի փոշոտ և կեղտոտ վիճակին։ Շինարարական բումի և ծառահատումների հետևանքով քաղաքում նկատվում են շինաղբ, փոշի, օդն աղտոտված է, որը լուրջ ազդեցություն է ունենում բնակչության առողջության վրա։ Այսօր՝ ապրիլի 11-ին, ժամը 12։30-ի դրությամբ, ըստ Air Quality Index (AQI)-ի հրապարակված տվյալների՝ նախորդ ամիսների և մի քանի օրերի համեմատ՝ օդի աղտոտվածության ինդեքսը եղել է 39, և չի գերազանցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սահմանած օդի աղտոտվածության ինդեքսը, որի համաձայն օդի աղտոտվածության մակարդակը չպետք է գերազանցի 50-ը։ Ապրիլի 10-ին ժամը 04:00-05:00-ի դրությամբ ինդեքսը եղելէ 61, իսկ նախորդ ամիս օր է եղել, որ հասել է 116-ի։

Չնայած առանձին օրերին Երևանի օդի աղտոտվածության ցուցանիշները կարող են համապատասխանել ԱՀԿ չափանիշներին, ընդհանուր միտումը մնում է մտահոգիչ։ Երևանը կանգնած է բնապահպանական ճգնաժամի շեմին՝ պայմանավորված անզուսպ քաղաքաշինությամբ, կանաչ գոտիների ոչնչացմամբ, և շինարարական քաղաքականության բացակայությամբ։ Հետաքրքիրն այն է, որ ծառահատումներ իրականացվում են ոչ միայն ապօրինի, այլև քաղաքային իշխանություններն անձամբ են զբաղվում ծառահատումներով, պատճառաբանելով, որ դրանք ոչ պիտանի ծառեր են և դրանց փոխարինող ծառեր են տնկելու։

Հիշեցնենք, որ ծառահատումները անտարբեր չէին թողել անգամ ՀՀ-ում գտնվող օտարերկրացիներին, որոնք քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնրել։ Նրանք նույնպես դժգոհ էին Երևանում իրականացվող զանգվածային ծառահատումներից։

Մասնագետների խոսքով՝ ծառահատումների և կանաչ տարածքների կորստի պայմաններում նույնիսկ կարճատև քամիները կարող են բերել փոշու բարձրացման։ Երևանի որոշ համայնքներում, հատկապես Կենտրոնում, Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, բնակիչները պարբերաբար բողոքում են օդի մաքրության կտրուկ նվազումից։ Բնապահպանական կազմակերպություններն ընդգծում են, որ քաղաքի կանաչ զանգվածը տարեցտարի նվազում է՝ չնայած բնության պահպանման վերաբերյալ պաշտոնական հռչակագրերին։

Oragir.News-ը կապ հաստատեց բնապահպան Սիլվա Ադամյանի հետ, ով նշեց, որ Երևանը գտնվում է կիսաանապատային գոտում, չոր ու տաք կլիմայով։ Անդադար քամիներն ու սակավաթիվ տեղումները նպաստում են փոշու կուտակմանը։ Դեռ 1940-ական թվականների վերջին, երբ Գիտությունների ազգային ակադեմիան սկսել է Երևան քաղաքի կանաչապատումը, հենց դա է պատճառը եղել, որ ստեղծվել են այգիներ։ Գիտնականների, բուսաբանների, կենդանաբանների մի ամբողջ խումբ է աշխատել այդ ծրագրի վրա, և նրանք համաձայնության են եկել, թե ինչ ծառեր պետք է լինեն քաղաքում»։

Բնապահպանը խոսեց հացենու, կաղնու և մի շարք ծառերի մասին, որոնք Երևանի նման քաղաքի համար ունեն կենսական և կարևոր նշանակություն, և մասնագետները բազմիցս նշում են, որ հենց դրանք են պաշտպանում քաղաքը տարատեսակ խնդիրներից՝ առողջական, կլիմայական և այլն։

«Ես մեր պատկան մարմիններին ուղղակի չեմ հասկանում, այն մարդկանց, ովքեր պատասխանատու են այս իրավիճակի համար և ստեղծել են այս իրավիճակը Երևան քաղաքում։ Այսօր իշխանությունները փորձում են իրենց արածը մեկնաբանել են որպես քաղաքի գեղեցկացում։ Ես հենց այնպես չեմ ասում, անձամբ եմ լսել պատկան մարմիններից այդ մասին։ Բայց պետք է հասկանալ, որ բույսերի հետ կապված խնդիրը մի ամբողջ գիտություն է, և պետք է հասկանալ, թե ինչի՞ հաշվին է արվում այդ «գեղեցկացումը»։ Մարդկանց առողջության, քաղաքը անապատի վերածելու հաշվի՞ն»,- ասաց Սիլվա Ադամյանը։

Սիլվա Ադամյանը նշեց նաև, որ ծառահատումները ոչ միայն չեն դադարում, այլ ավելի են շատանում, հատվում են հաստ բնով առողջ ծառեր։ Դրանք հատելուց հետո նշում են, որ դրանց տեղում դեկորատիվ ծառեր պետք է տնկեն, որ «գեղեցիկ» լինի։ Մասնագետը զարմանում է, թե ինչպե՞ս որոշ գիտնականներ կարող են անտարբեր մնալ այս իրավիճակին.

«Սխալ բույսերի տնկումը կարող է շղթայական խնդիրների հանգեցնել, որոնք կապված են կենասաբազմազանության, մասնավորապես՝ թռչնատեսակների տեսակային կազմի փոփոխման հետ, որովհետև նման դեկորատիվ ծառերի վրա երգեցիկ թռչուններ չեն բնադրվում։ Նրանց մեջ երաշտահավերն են, տարբեր տեսակի սոխակները և այլն, որոնց հարմար պետք է բնական միջավայր»։

Բնապահպանը հավելեց նաև, որ հերիք չէ ծառերը վերացվում են, մի կողմից էլ քաոտիկ շինարարություն է ընթանում ամբողջ քաղաքում։ Շինարարական ընկերությունները պարարտ հողամասերն են վերցնում, փոխանակ ամայի տեղերում շենքեր կառուցելու։ Հատում են ծառերը, շենքերը միմյանց մեջ են խցկում, առանց որևէ բան հաշվի առնելու։ Ադամյանի խոսքով, եթե նայենք շինարարարական կազմակերպությունների շրջակա միջավայրի փորձաքննությանը, ապա կտեսնեք որ բոլորը շատ գեղեցիկ նկարագրում են, որ շենքերի կողքին ծառեր են լինելու։ Բայց իրականությունն այլ է։

«Եթե շրջեք նորակառույց շենքերի կողքով, ապա կտեսնեք, որ ոչ մի կանաչապատ տարածք այդ շենքերի կողքին չկա, իսկ ինչն էլ կա՝ կտրում են։ Նայեք Նոր Նորքի կիրճը, ամբողջը քանդել ու շինարարությունեն անում։ Իսկ ժամանակին այն եղել է կարիճների և օձերի բուն։ Սովետական ժամանակահատվածում մարդկանց այդ տարածքները տվել են, որ նրանք ծառեր տնկեն։ Իսկ այժմ տարիների ստեղծածը կտրտվում ու թափվում է, ու նույնիսկ ահազանգեր կան, որ նորակառույց շենքերում կարիճներ կան»։

Մասնագետը խոսեց նաև Ծիծեռնակաբերդում տնկված ծառերի մասին, որոնք ևս հատուկ ծրագրի մաս են կազմել։ Այժմ ծառերի կեսը չկա, շինարարություններ են ամենուրեք։ Տարիների ստեղծածը քանդում են և վերադառնում նախկին փոշոտ կեղտոտ Երևանին։ Իսկ Բուսաբանական այգու խնդիրը մասնագետը ուղղակի որակեց աղետալի։

Հիշեցնենք, որ Երևանի Բուսաբանական այգում մի քանի շաբաթ առաջ հատվել է մոտ 30 կենսունակ կաղնու ծառ։ Բացի այդ՝ նկատվել է, որ այգու տարածքը գտնվում է անխնամ վիճակում, իսկ որոշ հատվածներ նույնիսկ վերածվել են աղբանոցի։

Ամենից շատ դիտված

23:44 Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 40 դրվագով
21:52 Իրականում 595.000 ստացող ուսուցիչը նույն 400.000 ստացող ուսուցիչն է. կրթության փորձագետ
15:30 Սամվել Ալեքսանյանի ազգականի ՍՊԸ-ում ոտքը վնասած աշխատակցին տարել են «Աստղիկ» ԲԿ, ապա աշխատավարձից պահել են
22:45   Ոչ մի օր՝ առանց Արցախի. Իշխան Ավետիսյան․ Շարժման սևագործ բանվորն ու հայրենանվեր քաղաքացին
17:02 Վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանին սպասարկող Toyota Prado-ն․ mediahub.am
23:23 Անհայտ կորած զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս սոցիալական աջակցություն կստանան
21:26 «Չեմ վստահում» նախաձեռնության երիտասարդները փակել են Մյասնիկյան պողոտան
22:53 Սամվել Բաբայանը չի հավակնում Արցախի նախագահի պաշտոնին․ հայտարարություն
13:15 Նոր, հզոր զենք. փակում եք աչքերը, և էսկալացիա ու պատերազմ չեն լինում 
22:38 Հայաստանի բարեխեղված Ոստիկանությունից հայտնում են, որ հաջողությամբ ավարտել են «Յանիչարը նորաձև է» օպերացիան. Արմեն Աշոտյան