Ուղիղ եթեր
Բաքվում պահվող հայ գերիները կարող են դուրս մնալ «խաղաղության համաձայնագրից». BBC
copy image url

Բաքվում պահվող հայ գերիները կարող են դուրս մնալ «խաղաղության համաձայնագրից». BBC

Ներքին 1 շաբաթ առաջ - 13:12 08-04-2025
BBC-ի կովկասյան թղթակից Ռեյհան Դեմիտրին ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր «խաղաղության պայմանագրի» և Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի ու հայ գերիների ճակատագրի մասին:

Նա նշել է, որ հայ գերիները կարող են դուրս մնալ խաղաղության համաձայնագրից:

«Ռուբեն Վարդանյանը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է, սակայն նրա միլիոնները օգուտ չունեն այժմ, երբ նա հարևան Ադրբեջանում ցմահ բանտարկության հեռանկարի առջև է կանգնած: Կովկասի այս երկու հարևան երկրները համաձայնվել են Լեռնային Ղարաբաղի տարածքի շուրջ տասնամյակներ տևող հակամարտությունը դադարեցնելու համաձայնագրի տեքստի շուրջ, սակայն Վարդանյանը և ԼՂ-ի էթնիկ հայկական ղեկավարության մյուս 15 նախկին անդամները ընդգրկված չեն այս համաձայնագրում։ Նրանք դատվում են Բաքվի ռազմական դատարանում՝ մեղադրվելով պատերազմական հանցագործությունների մեջ:

Ռուբեն Վարդանյանի համար ամեն ինչ փոխվեց 2022 թվականի սեպտեմբերին, երբ նա որոշեց տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ, որը պատմականորեն բնակեցված էր էթնիկ հայերով, բայց Խորհրդային Ադրբեջանի մաս էր կազմել։

Վարդանյանը հրաժարվեց իր ռուսական քաղաքացիությունից և դարձավ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո վարչապետը, որը հայերը կոչում են Արցախ։ Նա օգտագործեց իր անունը, կապերը և անգլերենի իմացությունը ՝ բարձրաձայնելու Ղարաբաղի հայերի դժվարին վիճակի մասին։

«Ղարաբաղի նկատմամբ միջազգային այդ ուշադրությունը ակնհայտորեն գրգռում էր Ադրբեջանին»,- BBC-ին պատմել է Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը։

Եղել են ենթադրություններ, որ Վարդանյանը տեղափոխվել է այնտեղ՝ խուսափելու Ռուսաստանի միլիարդատերերի նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցներից, ովքեր կապեր ունեն Կրեմլի հետ։

Բաքվի կառավարությունը նրա՝ այդ պաշտոնը զբաղեցնելու որոշումը համարում էր անօրինական։ Նրա որդին պնդում է, որ նա առաջնորդվում էր տեղի հայերին օգնելու ցանկությամբ.

«Մեր վերջին հանդիպման ժամանակ մենք վեճ ունեցանք. ես լիովին դեմ էի նրա որոշմանը, որը վտանգի տակ էր դնում իրեն ու ամբողջ ընտանիքին։ Նա ասաց, որ չի կարողանա ապրել՝ իմանալով, որ ոչինչ չի արել Ղարաբաղի հայերի համար»։

Նրա հոր երկարամյա ընկեր Արման Ջիլավյանն ասում է, որ էթնիկ հայերին իրենց նախնիների հողում պահելու հարցում օգնելու նույնիսկ ամենահեռավոր հնարավորությունը բավարար էր նրա համար։ «Ոմանք կասեն, որ սա իռացիոնալ էր, ոմանք ասում են, որ սա հաշվարկված քաղաքական քայլ էր։ Կարծում եմ՝ դրանցից ոչ մեկը ճիշտ չէ»,- ասում է նա:

Ռուբեն Վարդանյանն արդեն երկու անգամ հացադուլ է հայտարարել՝ որպես բողոք ոչ պատշաճ դատական գործընթացի՝ խոշտանգումների մեղադրանքների ֆոնին։

Ղարաբաղի նախկին ղեկավարության մյուս 15 անդամները նույնպես դատվում են Բաքվի ռազմական դատարանում՝ 1980-ականների վերջից մինչև հիմա իրագործած պատերազմական հանցագործությունների մեղադրանքով։

Ադրբեջանը պնդում է, որ դատվարությունը համապատասխանում է միջազգային իրավական չափանիշներին և իրավասու է դատել պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ կասկածվողներին։ Սակայն, անցյալ ամիս Բաքվի կառավարությունը հանձնարարեց փակել Միջազգային Կարմիր խաչի տեղական գրասենյակները՝ միակ միջազգային կազմակերպության, որը մուտքի հնարավորություն ուներ հայ բանտարկյալների մոտ։

Խաղաղության համաձայնագրի մանրամասները դեռ չեն հրապարակվել, բայց պաշտոնյաները նշում են, որ նախագծի տեքստը չի ներառում բանտարկյալների հարցը կամ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքը։

Բանտարկյալների մասին չհիշատակելը քննադատության է արժանացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը՝ երկրի ներսում և արտերկրում: Սակայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Թորոսյանը կարծում է, որ այս հարցը պետք է լուծվի առանձին։ «Սա հակամարտող երկրների միջև խաղաղության պայմանագիր է։ Ես անձամբ կարծում եմ, որ միայն այս խաղաղության պայմանագրի ավարտը կամ ստորագրումը կարող է հիմք ստեղծել քաղաքական բանտարկյալների հարցը լուծելու համար»։

Վարդանյանը բանտից զգուշացրել է, որ սա սխալ է։ «Սա ոչ միայն իմ և մյուս 15 հոգու դատավարությունն է, այլ բոլոր հայերի դատավարությունը», – ասել է նա՝ աջակիցներին ուղղված ձայնագրության մեջ»։

Ամենից շատ դիտված

15:02 Պարոն Փաշինյան, մի խնդրանք ունեմ, եկեք, այս ամբիոնից ասեք` ժողովո՛ւրդ, ես հեռանում եմ
17:10 42 չամուսնացած տղա ունեն․ դատարկվող գյուղը՝ Կաճաճկուտ 
22:00 Ոչ մի օր՝ առանց Արցախի. «Գեներալ Ռուդիկ Բակինսկի», կամ ես եմ Ռուդիկը
14:35 Մսով ճաշի մասնագետ, հարցս ձեզ եմ ուղղում. Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին
08:53 Ուրբաթ օրվանից հետո Երանուհին չի երևում հիվանդանոցում․ Լուսավորիչում հարաբերական անդորր է․ Հրապարակ
08:39 Սուս մնացեք, թող 16-ն անցնի․ Վարդան Ղուկասյանը թիմակիցներին հրահանգել է․ Իրավունք
14:09 Սպասում էինք 1 մարդու խոսքին, և այսօր հենց Վարդան Ղուկասյանը հաստատեց․ ԴՕԿ
16:25 Ընդդիմադիր կին պատգամավորներ, հանգիստ կարող եք շրջազգեստով գնալ Գյումրի, ՔՊ-ն կսանձի ձեր քաղաքական իդեալի բոլոր կրքերը
13:10 59 երթուղին այլևս չի սպասարկելու քասախցիներին. բնակիչների պահանջը մերժվել է
14:17 Վարդան Ղուկասյանն ընտրվեց նաև ՔՊ-ի շնորհիվ․ Պետրոս Ղազարյան