Երևան +10°
copy image url
Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 16:15 10-03-2023

Ինչու՞ են հայ ռազմագերիներն անհրաժեշտ Ադրբեջանին. BBC-ի բացառիկ անդրադարձն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին

BBC-ի ռուսական ծառայությունը ծավալուն հոդված է հրապարակել Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական գերության մեջ հայտնված հայ ռազմագերիների վերաբերյալ, որում զրուցել է նաև գերությունից վերադարձած նախկին մի ռազմագերու և ներկայումս գերության մեջ գտնվող ռազմագերիներից մեկի ընտանիքի անդամների հետ։ Լրատվականը նշում է, որ Բաքվում դեռևս անազատության մեջ են գտնվում տասնյակ հայ ռազմագերիներ, որոնց Ադրբեջանն անվանում է «ահաբեկիչներ» և չի շտապում վերադարձնել Հայաստանին։

Գործակալությունն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ հայ ռազմագերիները դարձան սակարկության առարկա այնպիսի բանակցություններում, որոնք պետք է տանեին խաղաղության, բայց հայտնվեցին փակուղում։

Նշվում է, որ 2021 թվականի ամռանց Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման դատապարտեց 13 հայ զինծառայողների, որոնց շրջապատել և կալանավորել են 2020 թվականի նոյեմբերի վերջին՝ պատերազմի ավարտից հետո, Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Հին թաղեր գյուղում։ Հայ ռազմագերիները մեղավոր են ճանաչվել «ահաբեկչության, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու, սահմանի ապօրինի հատման, զինված կազմավորումներ ստեղծելու մեջ»։

BBC-ն ընդգծում է, որ պատերազմական գործողությունների ժամանակ ադրբեջանական ուժերը փորձում էին ամեն կերպ գրավել գյուղը, իսկ պատերազմից հետո այն հայտնվել էր «գորշ գոտում»։ Հրապարակման համաձայն՝ Արցախում հաստատված ռուս խաղաղապահները կարծում էին, որ գյուղում ադրբեջանական ուժեր կան, ուստի նրանք որոշում են կայացրել դիրքեր տեղադրել գյուղից 15 կիլոմետր հեռավորության վրա։ Նշվում է, Բաքուն համաձայնել է այս որոշմանը, մինչդեռ Հայաստանը կարծում էր գյուղը մնում է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների վերահսկողության տակ, քանի որ այն չի գրավվել պատերազմի ժամանակ։

Արդյունքում հայկական կողմը շարունակել է գյուղի մոտակայքում գտնվող դիրքերում զինծառայողներին փոխարինում իրականցնել։ Հայտնի է նաև, որ տեղանքում անորոշություն էր տիրում, երբեմն կորում էր նաև հեռախոսային կապը։

Հայ ռազմագերիներից Մանուկ Մարտոյանը հայտնել է, որ իրեն և իր ծառայակիցներին ուղարկել են Հադրութի շրջան՝ կարգադրելով հսկողություն իրականացնել և որևէ մեկին ներս չթողնել։ Մարտոյանի խոսքով՝ իրենք 2020 թվականի դեկտեմբեր 13-ին վերադարձի հրաման է ստացել, սակայն դուրս գալով Հադրութի շրջանի տարածքից բախվել են ադրբեջանցի զինծառայողների հետ, ինչի հետևանքով 60 հոգի գերեվարվել է։
Մարտոյանը սկզբնական շրջանում իրեն մեղավոր է ճանաչել՝ հույս ունենալով մեղմել իր նկատմամբ կայացվելիք որոշումը, սակայն դատավարության ժամանակ հրաժարվել է իրեն մեղավոր ճանաչել։ Նա հայտարարել է, որ հրամանատարությունը հրահանգել է կրակ չբացել։

|«Ես Ղարաբաղի ճանապարհը չգիտեի»

Երբ մեկնարկեց Արցախյան 44-օրյա պատերազմը, Մանուկ Մարտոյանը 21 տարեկան էր։ Նա բնակվում էր Գյումրուց 35 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Լանջիկ գյուղում և պատերազմի սկզբնական շրջանում իր երեք համագյուղացիների հետ մոբիլիզացվել է։

Մանուկ Մարտոյանի ռազմաճակատ մեկնելու հետևանքով տանը մնացել են նրա ավագ եղբայրն ու հիվանդ մայրը, ընտանիքին օգնել է Մանուկի քեռին՝ Ալեքսանը։ Նրա խոսքով՝ Մանուկն անգամ Արցախի ճանապարհը չգիտեր, քանի որ երբեք չէր եղել այնտեղ։

Մանուկը երկու տարի ծառայել է բանակում՝ մայրաքաղաքում՝ Երևանի պատվո պահակախմբի կազմում։ Ընտանիքը վստահ չէ, թե զորակոչելուց հետո նորակոչիկներին կրակել սովորեցրե՞լ են, թե՞ ոչ։

2020 թվականի հոկտեմբերի 3-ին Մանուկին տեղափոխել են Ջաբրայիլ քաղաք։ Նշվում է, որ քաղաքում այդ ժամանակ ուժգին բախումներ են եղել։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 4-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ քաղաքը գրավվել է, որը սկզբում Հայաստանը հերքում էր, սակայն հետո պարզվեց, որ Ալիևի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը։ Ռուսական «Նովայա գազետա»-ն այդ օրերին անդրադարձել էր Ջեբրայիլ քաղաքի տարածքում կռված հայ կամավորին, ով ասել էր, որ իր հրամանատարը գիշերը հավաքել է ողջ երիտասարդությանը և ասել, որ հեռանան քաղաքից։

Դատական ​​նիստի ժամանակ Մանուկ Մարտոյանը նշել է, որ իր ընկերների հետ փախել է ադրբեջանական հրետանու հարվածներից։ Նրանք միասին հասել են Գորիս, իսկ մի քանի օր այնտեղ մնալուց հետո վերադարձել է հայրենի գյուղ։ Մանուկի քեռին՝ Ալեքսանը նշում է, որ Մանուկը 10 օր տանը մնալուց հետո Մանուկին մեղադրել են դասալքության մեջ, սակայն նրան չեն կալանավորել, այլ՝ ուղարկել են Հադրութ, որտեղ նա գերեվարվել է։
Որդու գերության մասին Մանուկի մայրն իմացել է լրատվամիջոցներից։ Կարմիր խաչի միջոցով Մանուկը պարբերաբար նամակներ է ուղարկում մորը՝ նշելով, իր մոտ ամեն ինչ լավ է և շուտով կվերադառնա։ Մանուկի մայրը ընդամենը 50 տարեկան է, սակայն որդու գերությունից հետո դադարել է քայլել, քանի որ նրա ոտքերն այտուցված են շաքարախտի պատճառով։ Պատերազմից առաջ նա դեռևս կարողանում էր շրջել այգում, բայց հիմա հազիվ է վեր կենում։ Ալեքսանը նրա մասին ասում է. «Նստում է հեռուստացույցի առաջ, սպասում է լավ լուրերի»։

|Ո՞ւր էին գնացել բանտարկյալները

BBC-ն հիշեցնում է՝ Ադրբեջանը պնդում է, որ իր տարածքում կալանավորված են 33 հայ զինծառայողներ, սակայն Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանն ասում է, որ այդ թիվը, ամենայն հավանականությամբ, չի համապատասխանում իրականությանը:

«Մենք անհայտ կորած զինծառայողների ցուցակները փոխանցեցինք Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին: Ադրբեջանը հաստատեց, որ այդ մարդկանցից մի քանիսը` ընդամենը 33 հոգի, իրենց մոտ են: Բայց հետո որտե՞ղ են մնացածը»,- նշում է Թաթոյանը։ Նրա համոզմամբ՝ ևս 80 մարդ կարող է լինել Ադրբեջանի տարածքում։ «Մենք չգիտենք, թե որտեղ են նրանք, սպանվե՞լ են, թե՞ ինչ-որ տեղ թաքնված են, չկա միջազգային մեխանիզմ, կա միայն Կարմիր Խաչը, բայց նրանց աշխատանքը գաղտնի է, և նրանք հնարավորություն չունեն ստուգելու բոլոր այն վայրերը, որտեղ կարող են պահվել այդ մարդիկ»,- նշում է նա։

Փաստաբան, ՄԻԵԴ-ում ռազմագերիների հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը պարզաբանում է, որ իրավապաշտպանները երկար ժամանակ աշխատել են հայ զինծառայողների բերման ենթարկելու պահերը ստուգելու համար։ Համացանցում տեղադրված այս տեսանյութերը թույլ են տալիս փաստել, Ադրբեջանում կարող են գտնվել ևս 80 հայ զինծառայողներ, ովքեր գերի են ընկել Արցախում։

«Իրականում այդ մարդիկ համարվում են անհետ կորած, քանի որ նրանց գերությունը չի ճանաչվում Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Բայց, չնայած նրան, որ Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են այս տեղեկությունը հաստատել, գերության փաստը հաստատող բավականաչափ տեսանյութեր կան»,- վստահ է Սահակյանը։

«Ինչպես աշխարհի բոլոր ծնողները, մենք էլ ուզում ենք, որ մեր երեխան տանը լինի, ազգության հարց չէ, մարդասիրության հարց է, բայց ի պատասխան՝ գործող պաշտոնյաներից միայն խոստումներ ենք լսում։ Նրանք հույս ու կրկին հույս են տալիս: Դա արդեն հասնում է հիասթափության»,- ասում է Մանուկի քեռին։

Նշվում է, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստանին է վերադարձրել գերավարված 173 զինծառայողների։ Նրանց թվում է նաև Մանուկի համագյուղացի Սեդրակ Սողոմոնյանը, ովքեր միասին են գերեվարվել և դատապարտվել։

«Ինձ ծեծում էին, ծեծում, բայց ես լավ եմ»,- պատմում են ադրբեջանական գերությունից վերադարձած հայ զինվորականները։

Մեկուկես տարի առաջ Սեդրակի հայրն ամեն օր գնում էր շրջկենտրոն՝ որդու մասին տեղեկնություններ իմանալու համար։ Այժմ նրա որդին տանն է։ Սեդրակն ու Սամվելը աջակցում են իրենց հարևան Մանուկի ընտանիքին։ Նրանք միևնույն ժամանակ չեն հասկանում, թե ինչու են ոմանք վերադառնում գերությունից, իսկ մյուսները շարունակում են մնալ այնտեղ: Ավելին, ներկայումս բանտարկյալների տեղափոխման գործընթացը փակուղի է մտել։

|Ադրբեջանում նրանց համարում են «ահաբեկիչներ»

Ադրբեջանը հայ զինծառայողներին չի համարում ռազմագերիներ. իբր, քանի որ նրանք գերի են ընկել այն բանից հետո, երբ Ադրբեջանը, Հայաստանը և Ռուսաստանը եռակողմ հայտարարություն են ստորագրել, որով դադարեցրել են ռազմական գործողությունները, ապա նրանց գերի համարելու պատճառ չկա։

Ադրբեջանական մամուլը նրանց ահաբեկիչներ է անվանում։

Հայտնի է, որ Ադրբեջանը հայ ռազմագերիների նկատմամբ քրեական գործեր է հարուցում՝ ձևացնելով, թե իբր հակամարտությունը կարգավորվել է: Արման Թաթոյանն ընդգծում է, որ հակամարտություն շարունակվում է, ադրբեջանցիները գրեթե ամեն օր կրակում են, ինչի մասին փաստել է նաև Կարմիր խաչը։ Նրա խոսքով՝ Բաքվում գտնվող Հայաստանի քաղաքացիները հանցագործներ չեն։

Բաքուն վերջին հակամարտության ակտիվ փուլն ավարտված է համարում, ինչպես նաև վկայակոչում է այն փաստը, որ միջազգային իրավունքը Լեռնային Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք։ Ադրբեջանն այսպես է բացատրում հայ զինծառայողների դատավարությունները։ Հայտնի իշխանամետ haqqin.az կայքը նրանց ուղղակիորեն անվանում է «ահաբեկիչներ», որոնք կռվել են Հայաստանի կողմից։

Նույնիսկ ընդդիմադիր Bizim Yol պարբերականը գրում է, որ նրանց գերի չի համարում, քանի որ վերջիններս ձերաբակալվել են 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Ադրբեջանցի իրավապաշտպանների կարծիքով՝ զինծառայողների դատավարությունները եղել են իրավական նորմերի խախտմամբ։ Իրավապաշտպան Արիֆ Յունուսը շեշտում է՝ դատարանները կոպիտ սխալներ թույլ տվեցին, առանց մանրմասներն ուսումնասիրելու որոշումներ կայացրեցին, քանի որ շատ լավ հասկանում էին, որ առաջիկայում այդ մարդիկ «փոխանակման առարկա» են լինելու։

Սոցցանցերում, երբ խոսքը գնում է ռազմագերիների մասին, ադրբեջանցի օգտատերերը երկու ստանդարտ հնարքներ են օգտագործում՝ հատկապես հիշեցնելով Խոջալուի ողբերգությունը, որի համար մեղադրում են հայերին։ Սակայն մասնավոր զրույցներում վերջիններս նշում են, որ լավ կլիներ, եթե բոլորին ազատ արձակեին։

Վերջին ամիսներին Ադրբեջանի իշխանությունները գրեթե ոչինչ չեն ասել գերիների մասին։

|Սակարկության առարկա. ինչու՞ են հայ ռազմագերիներն անհրաժեշտ Ադրբեջանին

Փորձագետները կարծում են, որ գերեվարված զինվորները Ադրբեջանի համար սակարկության առարկա են։ Սկզբում Բաքվում ասացին, որ զինվորականներին չեն վերադարձնում Հայաստան, քանի որ իբր Երևանը չի կատարել եռակողմ համաձայնագրի պայմանները։ Խոսքը մասնավորապես վերաբերում էր Հայաստանի կողմից Արցախի ականապատված տարածքների քարտեզները վերադարձնելուն։

Նշվում է, որ Հայաստանը, այնուամենայնիվ, հանձնեց քարտեզները, սակայն դրանցից ոչ բոլորն էին արտացոլում ականների հետ կապված իրական իրավիճակը այն տարածքներում, որոնք անցել էին Բաքվի վերահսկողության տակ։ Իրավապաշտպան, ղարաբաղյան հակամարտության փորձագետ Արիֆ Յունուսի կարծիքով՝ հայ զինվորները, 44-օրյա պատերազմի ընթացքում հապճեպ նահանջելով, պարզապես չեն հասցրել ֆիքսել ականապատված տարածքների վայրերը։

«Բանտարկյալները անհրաժեշտ են ժեստերի համար։ Օրինակ, երբ ԱՄՆ պետքարտուղարի ներկայացուցիչը եկավ տարածաշրջան, մեր իշխանությունները ժեստ արեցին՝ 15 հոգու հանձնեցին»,- ասում է փորձագետը»։ Նրա համոզմամբ՝ Ադրբեջանը կարող է պահել հայ զինվորականներին՝ Հայաստանի հետ բանակցություններում իր դիրքերն ամրապնդելու համար։

Նման կարծիք է հայտնում նաև ղարաբաղյան հակամարտության ոլորտի փորձագետ, ադրբեջանցի լրագրող Շահին Ռզաևը։ Նրա կարծիքով՝ Ադրբեջանի իշխանությունները բանակցություններում «բանտարկյալներին օգտագործում են» որպես լրացուցիչ փաստարկ՝ Երեւանից որոշ զիջումներ կորզելու համար»։ Վերջինս նաև կարծում է, որ բանակցությունները փակուղի են մտել այն բանից հետո, երբ ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանը, ով խիստ հակակրանքով է վերաբերվում պաշտոնական Բաքվին, տեղափոխվեց Արցախ:

«Նրա գործունեությունը կրում է հանցավոր և արկածախնդիր բնույթ: Մենք կարծում ենք, որ դրան պետք է վերջ տալ: Եվ որքան շուտ այս մարդը հեռանա այս շրջանից, այնքան լավ կլինի բոլորի համար, առաջին հերթին տուժում է տեղի բնակչությունը»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ 2022 թվականի դեկտեմբերին։

Նշվում է նաև, որ 2022 թվականի դեկտեմբերին մարդիկ, ովքեր իրենց անվանում են ադրբեջանցի բնապահպան ակտիվիստներ, փակել են Լեռնային Ղարաբաղից Հայաստան տանող գլխավոր ճանապարհը՝ դրանով իսկ փաստացի սկսելով Արցախի հայկական բնակավայրերի շրջափակումը։ Լրատվականն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Ռուբեն Վարդանյանը երկար չմնաց և չորս ամիս անց ազատվեց զբաղեցրած պաշտոնից, սակայն չնայած դրան, բանտարկյալների հետ կապված իրավիճակը չի լուծվում, «էկոակտիվիստների» ակցիան շարունակվում է, իսկ Արցախում մարդիկ սննդի և դեղորայքի պակաս ունեն։

Լոուրենս Բրոերսն իր հերթին կարծում է, որ այս գործողությունը ռազմագերիների հետ մեկտեղ ճնշման ևս մեկ գործիք է, որով Ադրբեջանը հույս ունի հասնել իր նպատակներին

|Քաղաքականության պատանդները

Մինչ Արցախի շրջափակումը շարունակվում է, գերիների տեղափոխումը կանգ է առել։ Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ սա հաստատում է այն փաստը, որ Ադրբեջանը քաղաքականացնում է այդ հարցերը։ «Երբ լարվածություն կա քաղաքական հարցերի շուրջ, հումանիտար հարցերն էլ չեն լուծվում, սա, իմ կարծիքով, լրացուցիչ վկայություն է, որը հաստատում է, որ ռազմագերիները իրականում պատանդ են և պահվում են ճնշում գործադրելու և քաղաքական պահանջները բավարարելու համար»,- ասում է նա։

Նշվում է, որ Հայաստանը պարտվեց պատերազմում՝ կորցնելով տարիներ շարունակ իր վերահսկողության տակ գտնվող տարածքները, ներառյալ նախկին խորհրդային Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի որոշ հատվածներ, այդ թվում՝ Շուշի քաղաքը։ Հրապարակման համաձայն քաղաքը երկու ժողովուրդներն էլ պատմականորեն կարևոր են համարում։ Միևնույն ժամանակ լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ պատերազմի ավարտից երկուսուկես տարի անց կողմերը խաղաղության պայմանագիր չեն ստորագրել։

Բացի այդ շեշտվում է, որ ստեղծված իրավիճակում Ադրբեջանն ունի շատ ավելի մեծ լծակներ, որոնք կարող է օգտագործել իր բանենպաստ պայմաններով խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ Այս համատեքստում ռազմագերիների առկայությունը դարձել է ճնշման ևս մեկ լծակ։ «Այս մարդկանց գերության մեջ պահելը բացասաբար է անդրադառնում խաղաղության գործընթացի վրա, և եթե Ադրբեջանը նրանց ազատ արձակի, դա խաղաղության լավ ժեստ կլինի,- ասում է ղարաբաղյան հակամարտության բրիտանացի մասնագետ Լոուրենս Բրոերսը։ Նրա խոսքով՝ այն, որ զինվորականները դեռ գերության մեջ են, վատ է անդրադառնում Ադրբեջանի վրա, չի ամրապնդում իր դիրքերը խաղաղության համաձայնագրի գործընթացում։ Նրա համոզմամբ՝ սա տպավորություն է ստեղծում, որ Բաքուն մարդկանց սակարկության առարկա է դարձնում, ինչը հայ հասարակության աչքում առաջին հերթին վնասում է Ադրբեջանի դիրքորոշումը։

Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը հաղթեց այս պատերազմում, միջազգային ասպարեզում այդ երկրին անվստահությամբ են վերաբերվում, այդ թվում՝ մշտական ​​սրացումների պատճառով։ Արիֆ Յունուսը նշում է, որ արևմտյան առաջնորդներն ավելի հակված են հանդիպել Հայաստանի վարչապետ Փաշինյանի, քան Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, ինչը չի կարող չնյարդայնացնել Բաքվին։

Օրինակ՝ ԱՄՆ-ն Փաշինյանին հրավիրեց «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին, Երևան ժամանեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի այդ ժամանակվա նախագահ Նենսի Փելոսին։ Վերջին երկու այցերը քննադատության ալիք են առաջացրել ադրբեջանական մամուլում։ Բաքվում հույս ունեին, որ այդ շրջանում կկայանա Ալիևի հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։
Նշվում է, որ Փելոսին և արևմտյան ժողովրդավարական երկրների ու միջազգային կառույցների այլ առաջնորդներ նախատում են Ադրբեջանին՝ հասկացնելով, որ հայ ռազմագերիների հետ կապված իրավիճակը մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ օրինակներից մեկն է միայն:
Ղարաբաղյան պատերազմին առնչվող ամենավերջին դեպքերից են Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի շրջափակումը և անցյալ սեպտեմբերի սրման ժամանակ հայ գերիների սպանությունը:

Հայաստանի սահմանին սեպտեմբերյան մարտերը ոչ առաջինն են, ոչ վերջինը հետպատերազմյան շրջանում։ Չնայած Արցախում պատերազմն ավարտվել է ավելի քան երկու տարի առաջ, այնտեղ իրավիճակը դեռևս լարված է։ Լրատվականը նշել է, որ այս ամսվա սկզբին ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, փոխհրաձգություն է տեղի ունեցել հայ ոստիկանների և ադրբեջանցի զինվորականների միջև, որը երկու կողմից խլել է հինգ մարդու կյանք (նկատի ունի մարտի 5-ի ադրբեջանական սադրանքը-խմբ)։

Ադրբեջանը առանձնապես չի էլ թաքցրել, թե ինչ պայմաններով է պատրաստ զինվորականներին Հայտսանին վերադարձնել։ Մի քանի տարի առաջ ադրբեջանցի քաղաքական գործիչ Սամեդ Սեիդովը, ով գլխավորում էր երկրի պատվիրակությունը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, ասել էր՝ Բաքուն պատրաստ է քննարկել «ահաբեկիչների» վերադարձի հարցը, եթե Հայաստանը համաձայնի ստորագրել խաղաղության պայմանագիր։

Սակայն համաձայնագրի ստորագրումը բախվում է Արցախի հայերի իրավունքների հարգման խնդրին, ովքեր վախենում են իրենց անվտանգության համար՝ Ադրբեջանի իշխանությունների հայատյաց հայտարարությունների ֆոնին։

Հոդվածում նաև հիշեցվել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ ամիս Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության պայմանագրի իր նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել միջազգային կառույց, որը պաշտպանելու է Ղարաբաղի բնակիչների իրավունքները։ Սակայն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նման մեխանիզմը համարում է միջամտություն երկրի ներքին գործերին՝ վկայակոչելով այն փաստը, որ Արցախի հայերը պաշտպանված կլինեն Ադրբեջանի սահմանադրությամբ։