Ներքին 1 տարի առաջ - 19:53 03-04-2025

Մեր երկու երկրների միջև ջերմ հարաբերություններ են ձևավորված․ Խաչատուրյանը՝ Վիետնամի ԱԺ նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությանը։

Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստանի և Վիետնամի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը։

«Ձեր այցելությունը վկայում է մեր երկու երկրների միջև ձևավորված ջերմ հարաբերությունների մասին, որոնք մեզ համար մեծ նշանակություն ունեն։ Վստահ եմ, որ մեր համագործակցությունը տարբեր ոլորտներում կշարունակի զարգանալ։

2018 թվականից Հայաստանը դարձել է խորհրդարանական երկիր, և այդ համատեքստում մեզ համար մեծ կարևորություն ունեն միջխորհրդարանական կապերը։ Համոզված եմ, որ Ձեր այցը նոր խթան կհանդիսանա մեր երկրների հարաբերությունների զարգացման համար»,- նշել է նախագահ Խաչատուրյանը։

Վիետնամի Ազգային ժողովի խոսնակը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով երկու երկրների միջև կապերի խորացման կարևորությունը։

«Իմ այցը վկայում է մեր պետության և ժողովրդի ցանկությունը՝ ավելի ամրապնդելու բարեկամությունն ու համագործակցությունը Հայաստանի հետ։ Մենք նպատակ ունենք խթանել կայուն զարգացումն ու գործընկերությունը ոչ միայն քաղաքական ոլորտում, այլև գիտության, տեխնոլոգիաների, առողջապահության և տնտեսության տարբեր ուղղություններով»,- ասել է Չան Թան Մանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է համագործակցության հեռանկարների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ, որտեղ մանրամասն անդրադարձ է կատարվել քաղաքական, տնտեսական, կրթական և այլ ոլորտներում փոխգործակցությանը զարկ տալուն:

Հանդիպմանը կողմերը կարևորել են խորհրդարանական դիվանագիտության շարունակական առաջմղումը, որպես երկկողմ հարաբերությունների էական բաղադրիչ և շեշտել փոխայցելությունների խթանման անհրաժեշտությունը՝ երկու երկրների օրենսդիր և գործադիր մարմինների միջև կապերի ամրապնդման համար:

Զրույցի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի հաստատմանն ու ամրապնդմանը աջակցելուն: Նախագահ Խաչատուրյանը և խոսնակ Չան Թան Մանը քննարկել են տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները և համաձայնել են խրախուսել բիզնես համայնքների միջև ուղղակի շփումները, ինչը կնպաստի առևտրի ծավալների ավելացմանը և փոխշահավետ ներդրումների իրականացմանը:

Կողմերը կարևորել են նաև միջազգային տարբեր հարթակներում և ձևաչափերում, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակում փոխգործակցությունը: Նրանք պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունը միջազգային հարթակներում և աջակցել միմյանց նախաձեռնություններին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության, առողջապահության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործակցության զարգացման հեռանկարները: Կողմերը համաձայնել են խթանել համալսարանների միջև կապերը, ուսանողների փոխանակումը և համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացումը:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև առողջապահության ոլորտում փորձի փոխանակմանը և բարձր տեխնոլոգիաների բնագավառում նորարարական համագործակցության հնարավորություններին:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների և ընդհանուր իրադրության վերաբերյալ: Հանրապետության նախագահը շեշտել է, որ Հայաստանը հաստատակամ դիրքորոշում ունի խաղաղության հասնելու հարցի շուրջ: Նա նշել է, որ Հայաստանը առաջ է քաշել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որի իրականացումը բերելու է ոչ միայն տարածաշրջանի, այլև առավել լայն ընդգրկումով ասիական մեծ տարածաշրջանի երկրների միջև հաղորդակցությունների, քաղաքական ու տնտեսական կապերի զարգացմանը:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման իրենց պատրաստակամությունը՝ ի շահ երկու ժողովուրդների բարեկեցության և բարգավաճման:

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
17:42 Իմ 2 ընկերները՝ Ծառուկյանն ու Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից պատանդառված են․ Սուրենյանց
17:08 Աշոտյանը բերդում է, որովհետև այդպես է որոշել մեկ մարդ․ Զոհրաբյան
19:25 53-ամյա տղամարդուն երեք հոգով «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի ենթարկել
21:10 Հայաստանում գիտնականների ստորագրությամբ երկու սերնդի ստեղծածը զանգվածաբար ոչնչացվեց
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
18:50 Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի
20:00 Թույլ նյարդեր ունեցողներին խնդրում եմ չդիտել. Մաշան ցույց է տվել վիրահատարանից առաջ արված կադրերն ու խոստովանել վախերի մասին
16:09 Ամենամեծ հարստությունն արդեն ունեմ. Լուսինե Թովմասյանը նշում է 40-ամյակը