Սյունիքի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ ամեն օր հաճախացող կրակոցները և Ադրբեջանի շարունակվող ապատեղեկատվությունները, թե ՀՀ-ն կրակում է իրենց ուղղությամբ խորացնում են հանրության մտահոգությունները։ Արդյո՞ք ՀՀ-ն կարող է դիմագրավել ենթադրյալ ադրբեջանական ագրեսիային։ Միջազգային ո՞ր գործընկերը մեզ կօգնի հնարավոր ագրեսիան հետ մղելու կռվում։
Մարտի 31-ին հայտնի դարձավ նաև, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամավճար չի վճարելու։ «Հայկական կողմը պաշտոնապես ծանուցել է ՀԱՊԿ քարտուղարությանը, որ ձեռնպահ է մնում «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» որոշման ստորագրումից և, համապատասխանաբար, կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց»,- լրատվամիջոցներից մեկի հարցին ի պատասխան հայտնել էին ԱԳՆ-ից։ Սա նշանակում է, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ երկրներից աջակցություն չի ակնկալում։ Այլ անվտանգային համակարգին, օրինակ՝ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու խնդիր դրված չէ։ Որևէ երկրի հետ ՀՀ-ն չունի դաշնակցային պայմանագիր, որի հիմքով կարող է ռազմական աջակցություն ակնկալել։ Ավելին՝ Հայաստանը անվտանգային հայեցակարգ չունի։ Այս իրավիճակում՝ ի՞նչ հետևանք կունենա ՀԱՊԿ անդամավար չվճարելը։
ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը օրեր առաջ՝ մարտի 7-ին, հայտարարել էր, որ եթե Հայաստանը մինչև 2026-ի հունվարի 1-ը անդամավճարը չվճարի, ապա կարող է իրավիճակ ստեղծվել, որ երկու տարվա չվճարումներ լինեն։ Այդ դեպքում ՀԱՊԿ երկրները կարող են դիտարկել տարբեր սցենարներ։
Այս թեման կրկին թարմացնելը հիմք է ենթադրելու, որ Մոսկվան շտապում է։ Այսինքն ՝այն սցենարը, որը նախատեսվում էր 2026-ի հունվարի 1-ից հետո, հնարավոր է իրագործվի ավելի շուտ։ Պանկինը, հավանաբար, ակնարկում էր, որ անդամավճար չվճարող Հայաստանին 2026-ի հունվարի 1-ից հեռացնելու են ՀԱՊԿ-ից, հետո նաև ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից։ Այնուհետև Մոսկվան կարող էր չթաքցնել ՀՀ-ի նկատմամբ թշնամանքն ու Ադրբեջանի հետ միասին բացահայտ հարձակվել Սյունիքի ուղղությամբ։
ՀԱՊԿ անդամավճար չվճարելն, իհարկե արդարացված է, քանի որ ՀԱՊԿ-ը չի ճանաչում ՀՀ ի տարածքային ամբողջականությունը։ 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի ներխուժումից հետո ՀԱՊԿ-ը քաղաքական բացահայտ աջակցություն հայտնեց Բաքվին, չճանաչելով ու չդատարտելով ՀՀ-ի դեմ ագրեսիան, չճանաչելով ՀՀ ինքնիշխան իրավունքները, փաստացի արգելափակելով նաև Ադրբեջանի ագրեսիան և ՀՀ ինքնիշխան տարածքի որոշ հատվածների օկուպացիան դատապարտող ՄԱԿ ԱԽ բանաձևը։ Հաշվի առնելով այն, որ Հայաստանն ինչպես 2022-ին, նույնպես այսօր չունի անվտանգային իրական դաշնակից, չկա պատկերացում, թե միջազգային ինչ աջակցություն է ակնկալելու և ինչպես է դիմագրավելու ռուս-ադբեջանական հնարավոր ագրեսիան, ապա ենթադրելի է, որ անդամավճար չվճարելու թեման բացելն ու սահմանին կրակոցները հաճախացնելը միմյանց հետ կապ ունեն։ Այսպիսով՝ Մոսկվան ակնարկում է, որ Հայաստանի դեմ ագրեսիա հովանավորելու լեգիտիմ իրավունք ունի։ Այսինքն՝ չբարեկամները, հնարավոր է ռիսկի դիմեն։
Այս անցանկալի սցենարի իրականացման հնարավորությունը նվազեցնելու համար ՀՀ իշխանությունը պետք է հստակեցնի անվտանգային քաղաքականությունը, որ աշխարհն իմանա, թե ՀՀ-ն քաղաքակրթական, աշխարհաքաղաքական ի՞նչ առաջնահերթություններ ունի։ Դրանից հետո ՔՊ-ական իշխանությունները պետք է ավելի խիստ վերաբերմունք արտահայտեն ռուսական դոմիանանտությամբ գործող կառույցների նկատմամբ, ոչ միայն ձեռնպահ մնան ՀԱՊԿ-ը ֆինանսավորելուց, այլև քանի դեռ ՀԱՊԿ անդամ է՝ միջազգային հայց ներկայացնեն ՌԴ-ի դեմ 2022-ի սեպտեմբերի ագրեսիայի ժամանակ դաշնակցային պարտավորույթունը չկատարելու, Ադրբեջանին օժանդակելու մեղադրանքով։ Ավելի հեռուն գնալով, ՀՀ-ն կարող է բախտակից երկրների օրինակով նաև փոխհատուցում պահանջել խորհրդային բռնազավթման տարիներին հայ ժողովրդին պատճառած աղետների համար։ Այս քայլերից հետո աշխարհում որևէ երկիր չի կարող ասել, թե Մոսկվան լեգիտիմ իրավունք ունի որոշելու Հայաստանի քաղաքանությունն ու սահմանները, քանի որ ՔՊ-ական իշխանությունը չի ձգտում անկախության և ժողովրդավարության, այլ սպասարկում է ռուսական շահեր։
Պարզ ասած՝ եթե ՔՊ-ական իշխանություններն անվտանգային քաղաքականության հստակեցումներ չեն անում, ապա կասկած են առաջացնում, որ անկեղծ չեն, այլ ձևացնում են, թե ռուսական շահեր չեն սպասարկում։ Ու քանի դեռ ռուսները լեգիտիմ իրավունք ունեն լուծելու ՀՀ-ի հացերը, ՌԴ ԱԳ փոխնախարարի ակնարկած սցենարը կարող է իրականանալ այս տարի, ՀՀ-ին կարող են հեռացնել ՀԱՊԿ-ից, հետո հովանավորել ՀՀ-ի դեմ ագրեսիան, հորինելով պատճառ, թե Կրեմլը թշնամացավ, քանի որ Երևանը փող չէր տալիս ՀԱՊԿ-ին։
Թաթուլ Մկրտչյան