Սահմանին կրակում են, ՔՊ-ականները Գյումրիում են, Ալենը վստահ է՝ 2026-ին էլ են կրելու․ Ամփոփ լուրեր

Ներքին Տեսանյութ 3 շաբաթ առաջ - 21:14 28-03-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մարտի 28-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Սյունիքի մարզի սահմանամերջ Խոզնավար և Խնածախ գյուղերում կրակոցներ դեռ կան, սակայն երեկվանից դրանք նվազել են։ Բնակիչների խոսքով՝ վերջին օրերին ադրբեջանցիները ակտիվանում են գիշերը ու հիմնականում օդ են կրակում։ Խոզնավարի վարչական ղեկավար Վահան Զաքյանն «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ եթե նախորդ 6 օրերին ադրբեջանցիները գիշերը 10.20-ից սկսած մեկ ժամը մեկ պարբերականությամբ էին կրակում, արդեն երկու օր է՝ հաշված անգամներ։ 240 բնակիչ ունեցող ու անմիջապես ադրբեջանական դիրքերով շրջապատված Խոզնավարում, վարչական ղեկավարի խոսքով, մարդիկ գյուղատնեսական աշխատանքներով են զբաղված, գյուղում նաև ասֆալտապատման աշխատանքներ են սկսվել։ «Բոլորն իրենց գործին են, մարդիկ գործ են անում հանդում», - նշեց նա: Նշենք, որ չնայած Պաշտպանության նախարության և անձամբ նախարարի մակարդակով հնչեցվող հերքումներին, ընդդիմությունը պնդում է, որ պաշտպանական գերատեսչությունը պարտավոր է նման դեպքերում ևս իրազեկել քաղաքացիներին, անգամ եթե կրակոցները ադրբեջանական դիրքերում են տեղի ունեցել։

Գելլափը մարտի 25-26-ը գյումրեցիների շրջանում հարցումներ է իրականացրել՝ հետաքրքրվելով, թե ում օգտին են նրանք քվեարկելու՝ կիրակի օրը կայանալիք ընտրություններում։ Հարցվածների 21․8%-ը պատասխանել է, որ կքվերակի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, 18.3%-ը՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ ընտրություններին մասնակցող Կոմունիստական կուսակցության, 8.9%-ը՝ Մարտուն Գրիգորյանի գլխավորած «Մեր քաղաքը» դաշինքի, 6․4%-ը՝ «Մայր Հայաստան» դաշինքի, 5․8%-ը՝ «Իմ հզոր համայնք» կուսակցության օգտին, որի ցուցակը գլխավորում է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։ Հարցվածների 10․6%-ը դժվարացել է պատասխանել, 6%-ը հրաժարվել է պատասխանել, իսկ 6․9%-ը պատասխանել է «ոչ ոքի»։ Նկատենք, որ այս հարցմամբ անցողիկ շեմը հաղթահարող ընդդիմադիր 4 ուժերը բացառել են ՔՊ-ի հետ համագործակցությունը, ինչը նշանակում է, որ նման արդյունքներով նրանք կարող են կոալիցիոն իշխանություն ձևավորել ու ՔՊ-ին հեռացնել իշխանությունից։

Դատարանը քիչ առաջ ձերբակալությունից ազատ արձակեց Գյումրիի ավագանու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու թեկնածու՝ Կարեն Գրիգորյանին և նրա պապին՝ Կամո Գրիգորյանին: Նրանք ընդդիմադիր թեկնածու Մարտուն Գրիգորյանի որդին ու հայրն են: Իրավապահները նրանց մեղադրում են ընտրական հանցագործության համար, երեկ էին ձերբակալել, հարցաքննել: Հակակոռուպցիոն կոմիտեն դատարանից պահանջում էր նրանց, ինչպես նաև մյուս ընդդիմադիր ուժի՝ «Մայր Հայաստանի» թիմակիցների նկատմամբ կիրառել վարչական հսկողություն: Այժմ ութ հոգի է մեղադրվում ընտրական հանցագործության համար: Գործը քննող Հակակոռուպցիոն կոմիտեն 8-ից երկուսին թողել է ազատության մեջ՝ չբացակայելու ստորագրության դիմաց, մյուսների նկատմամբ վարչական հսկողություն սահմանելու համար դիմել դատարան: Ընդդիմադիրներին մեղադրանքներն առաջադրվեցին Գյումրիում կիրակի սպասվող ընտրությունից առաջ ընդդիմադիր «Մայր Հայաստան» ու «Մեր քաղաքը» դաշինքի նախընտրական շտաբներում ու տներում խուզարկություններից հետո: Ընդդիմադիրներն իրավապահների գործողությունները ռեպրեսիաներ են որակում, պնդում՝ դրանք հակառակ ազդեցությունն են ունենալու։

News.am-ը հայտնում է, որ Սարիկ Մինասյանի նախընտրական շտաբում են Ազգային ժողովի ՔՊ խմբակցության գրեթե բոլոր պատգամավորները, այդ թվում ԱԺ նախագահ Ալեն ՍԻմոնյանն ու խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Նրանք հավաքվել են Գյումրիում ՔՊ-ի ամփոփիչ հանրահավաքից առաջ, որը նախատեսված է ժամը 18-ին: «Արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա կլինի հանրահավաքին թե ոչ, ոչ ոք հստակ պատասխան չունի: Մի մասն ասում է՝ չգիտենք, մյուս մասն ասում է՝ ամենայն հավանականությամբ՝ ոչ»,- հայտնում է լրատվամիջոցը։ Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը հարցազրույց է տվել լրատվամիջոցին, նշել, որ անհամբեր սպասում են 2026-ի խորհրդարանական ընտրություններին՝ համոզմունք հայտնելով, որ դրանցում ավելի շատ ձայներ են ստանալու և կրելու։

Մանրամասները՝ տեսանյութում: