Մարտի 30-ի Գյումրիի ավագանու ընտրություններն ամենաաղմկահարույցն են ՏԻՄ ընտրությունների պատմության մեջ։ Ինչո՞ւ են այսքան մեծ հետաքրքրություն ցուցաբերում Գյումրիի կառավարման նկատմամբ։
Մարտի 27-ին ՆԳՆ-ն լուր տարածեց, թե ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ՝ ՆԳՆ քրեական ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա: Այնուհետև ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրեց, որ նշված վարույթների շրջանակներում քրեական հետապնդումներ են հարուցվել 8 անձի, այդ թվում՝ Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերի ներկայացուցիչների ու համակիրների նկատմամբ:
Ինչո՞ւ են իշխանություններն այսպիսի արհեստական ճնշումներ կիրառում, և արդյո՞ք դրանք կարելի է հակաժողովրդավարական որակել կամ համեմատել ընտրակեղծիքի հետ։
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրել էր, թե «Գյումրիում իշխանական ապօրինությունների պատճառը պարզ է. վստահելի աղբյուրից ստացած տեղեկատվության համաձայն, նախօրեին ՔՊ-ում ամփոփվել են Գյումրիում կայանալիք ընտրությունների ավարտական սոցհարցումների արդյունքները, համաձայն որոնց Սարիկն ուներ ընդամենը 22% ձայն»։
Այս պատկերն է, հավանաբար, ստիպել Նիկոլ Փաշինյանին ավելի խստացնելու պայքարը Գյումրիի համար, վարչական մեծ ռեսուրսներ կիրառելու, գաղտնալսելու մրցակիցների համակիրների հեռախոսազրույցները, քրեական վարույթներ հարուցելու մրցակից ուժերից մեկի համակիրների դեմ, ձերբակալելություններ իրականացնելու և այլն։
Տպավորություն է, թե ՔՊ-ն տագնապի մեջ է։ Կարծես՝ իսկապես վախենում են, որ գյումրեցին իրենց թեկնածուին չի ընտրի։ Ու նրանք հայտնի արջամկան օրը կընկնեն, ստիպված են լինելու կրկին բռնաճնշում գործադրել ընտրված համանքապետի ու նրա թիմի նկատմամբ, դարձյալ ժամանակավոր պաշտոնակատար նշանակել, նորից արտահերթ ընտրություններ կազմակերպել և այդպես շարունակ։ Իսկ ամենակարևորը՝ բոլորի համար պարզ կդառնա, որ ՔՊ-ն ժողովրդականություն չունի Գյումրիում։ Իսկ եթե մյուս համայնքներն օրինակ վերցնեն Գյումրիից, ապա չի բացառվում, որ ՔՊ-ն կարող է պարտվել ԱԺ 2026-ի ընտրություններում։
Ահա այս սարսափելի հեռանկարն է, ենթադրաբար, ստիպել ՔՊ-ին դիմել կոշտ, սպառնալի միջոցների, մեղադրանքների, ձերբակալությունների և այլն։ Նրանք հավանաբար ակնկալում են, որ այսպիսի սպառնալիքներով կպարալիզեն մրցակիցների շտաբների աշխատանքը, կվախեցնեն, կվանեն նրանց ընտրողներին։ Ընտրակաշառքի, բարեգործության ակնկալիքներ ունեցողների հայացքներն էլ կուղղվեն միայն ՔՊ-ի կողմը։ Արդյունքում ընտրություններին մասնակցիների թիվը գուցե կնվազի, սակայն ՔՊ-ի ընտրողների քանակը կավելանա։ Արդյո՞ք այսպիսի ճնշումները համեմատելի են ընտրակեղծիքի հետ։
Ընտրակեղծիքի արդյունքում մրցակիցների ձայներն արհեստականորեն պակասում են, կեղծողինը ավելանում։ Եթե ՔՊ-ն լցոնում չի անում, չի ստորագրում չմասնակցած ընտրողների փոխարեն, ապա դեռ չի նշանակում, որ ընտրակեղծիք չի անում։ Մրցակիցների համակիրների ձերբակալումները, նրանց հասցեին սպառնալիքները նույնպես ոչ ընտրարշավային ազդեցության լծակներ են, որոնք ուղղակի ազդելու են ընտրությունների արդյունքների վրա։ Այս պարզ բաները հաշվի առնելով, որոշ քաղաքացիներ ընտրություններից մի քանի օր առաջ այսպիսի սպառնալիքներն ու ձերբակալումները համեմատում են ընտրակեղծիքի հետ, քանի որ երկուսի արդյունքում էլ ստեղծվում է նույն պատկերը։ Իսկ ձերբակալվածներին նմանեցնում են պատանդի, որոնցով ճնշում են բանեցնում մրցակիցների վրա։ Այսինքն՝ ենթադրելի է, որ ՔՊ-ի մրցակիցները կնահանջեն, ընտրողները կվախենան, Գյումրիում ընտրություններին մասնակիցների քանակը կպակասի, իսկ ՔՊ-ի 22 տոկոսը մի քիչ կավելանա։ Հավանաբար՝ այսպիսի հաշվարկ են արել ՔՊ-ում ձերբակալություններից ու սպառնալիքներից առաջ։
Պարզ ասած՝ տեղական և միջազգային դիտորդները այս հարցում ասելիք ունեն։ Եթե քաղաքական գործընթացի մասնակիցների նկատմամբ սպառնալիքներն ու ձերբակալությունները որակվեն հակաժողովրդավարական բռնաճնշումներ, համեմատվեն ընտրակեղծիքի հետ, ապա ՀՀ վարկը ժողովրդավարական աշխարհում կընկնի, որոշ գործընկերներ գուցե երես կթեքեն ՔՊ-ական իշխանությունից, նրան կհամարեն ոչ ժողովրդավար, իշխանատենչ, որը ընտրությունների օրվա նախօրեին վարչական ռեսուրս է ծախսում, իրավական ներգործության լծակներ կիրառում մրցակիցների նկատմամբ, սպառնալիքներ տեղում և այլն։
Թաթուլ Մկրտչյան