Էս ծրագիրը իմ տեսած գյուղացիների հետ կապ չունի, 0, սա միջին ֆերմերին աջակցելու ծրագիր է․ Փաշինյան
copy image url

Էս ծրագիրը իմ տեսած գյուղացիների հետ կապ չունի, 0, սա միջին ֆերմերին աջակցելու ծրագիր է․ Փաշինյան

Ներքին Տեսանյութ 3 շաբաթ առաջ - 13:40 27-03-2025
«Հանրապետությունում պարենային անվտանգության մակարդակի բարձրացման, գյուղատնտեսության զարգացման, ցանքատարածությունների ավելացման, հավաստագրված սերմերով ցանքերի իրականացման, բարձրարժեք գյուղատնտեսության զարգացման համար առաջարկում ենք այս ծրագիրը։ Սա մենք առաջարկում ենք և գարնանացանի և աշնանացանի համար»,- նիստի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նա նշեց, որ բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագրով նախատեսվում է փոխհատուցել մինչև 100 հա մակերեսով հացահատիկային, մասնավորապես` աշնանացան, գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար, հատիկաընդեղեն, ոլոռ լոբի, ոսպ, սիսեռ և կերային մշակաբույսերի առվույտ, կորնգան, ճակնդեղ, մշակության մեկ հա-ի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների վարուցանքի, բերքահավաքի և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50 տոկոսը։

Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով.

աշնանացան ցորենի մշակության համար՝ 1 հա մակերեսով՝ 80 հազար դրամ.
գարնանացան հացահատիկի մշակաբույսի մշակության համար՝ 1 հա մակերեսի հաշվով՝ 70 հազար դրամ.
եգիպտացորենի դեպքում՝ 85 հազար.
հատիկաընդեղենի դեպքում՝ 100 հազար դրամ.
կերային մշակաբույսերի դեպքում՝ 110 հազար դրամ.
կերի ճակնդեղի դեպքում՝ 80 հազար դրամ։
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մարզպետարանների և համայնքների միջոցով։ Համայնքների մոնիթորինգի իրականացման համար նախատեսվում է տրամադրել գումար փոխհատուցվող գումարի 3 տոկոսի չափով։ Ծրագրի իրականացման նախնական արժեքը 2025 թվականին կկազմի շուրջ 1.5 մլրդ դրամ, որի գնահատման համար հիմք է հանդիսացել ծրագրով նախատեսված գարնանացան հացահատիկային մշակաբույսերի շուրջ 15 հազար հա կերային մշակաբույսերի 2250 հա փոխհատուցումը, որը հատիկաընդեղենի դեպքում կլինի մոտավորեպես 500 հա։

2026 թվականի համար ևս 1.4 մլրդ դրամ է նախատեսվում փոխհատուցել։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հանրապետության պարենային անվտանգության մակարդակի բարձրացում մշակվող վարելահողերի տարածքների ավելացում շուրջ 36000 հա-ով։

«Աշնանացան ցորենի ցանքատարածությունները պլանավորում ենք որ կավելանան 17 հազար հա-ով, գարնանացան հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերից ցանքատարածությունները մոտ 17 հազարով կավելանան, որից եգիպտացորենը՝ 1200 հա, հատիկաընդեղենը՝ 500 հա, կերային մշակաբաույսերի դեպքում՝ 2250 հա, ինչպես նաև աշնանացան ցորենի համախառն արտադրանքը կավելանա շուրջ 38 հազար տոննայով: Մի հետաքրքիր արձանագրում էլ անենք. վերջին օրերին նկատվում է հացահատիկի գների ավելացում. սա շատ կարևոր է այն առումով, որ, մի կողմից, կարող է գնաճային զսպումներ առաջացնել, մյուս կողմից՝ եթե դա տեղի չունենա, մեր արտադրողների մոտ եկամտաբերությունը կավելացնի»,- նշեց Պապոյանը։

«Արարատյան դաշտի բերրի հող, կառավարությունը 100 հազար դրամ տալիս է , օրինակ, 1 հա հատիկընդեղեն ցանելու համար։ Գյուղացին ասում է՝ բայց ես պետք է 170 հազար դրամ ծախսեմ, որ հողը մշակեմ։Ասում եմ՝ հա, կառավարությունը 100 հազար դրամը տալիս է։ Գյուղացին ասում է, բայց ես այդ 70 հազար դրամը չունեմ, ու ստեղ խոսակցությունը կանգնում է»,- անդրադառնալով քննաարկվող հարցին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը։

Նրա խոսքով ճիշտ խոսակցություն չի լինի, եթե ինքն այդ գյուղացուն ասեր, թե ամբողջ 170 հազար դրամն էլ կառավարությունը կտա։

«Ավելի լայն շրջանակների հետ, որ խոսում ես, գյուղացիներն ասում են՝ գյուղատնտեսական ծրագրերը, որ անում եք, մեր համար չէ, դրանից էլի հարուստներն են օգտվում, քանի որ այդ օգնությունը կստանան 50,100 հա ցանաողները, հարուստները։ Չեմ ասում՝ Բիլ Գեյց-ը, բայց տեղական մասշտաբով հարուստները կօգտվեն»,-ասաց փաշինյանը և հավելեց. «Ինչ անում ենք անընդհատ վրիպում ենք կարիքավոր գյուղացու կողքով է անցնում։ Այս ծրագիրն իմ տեսած ոչ մի գյուղացու չի վերաբերում, 0»։

Փաշինյանը նշեց, թե դա է պատճառը որ 2018 թվականից գյուղատնտեսության ոլորտոմ նման ծրագրեր են իրականացնում իսկ աճը 0-1.5%-ի միջակայքում է։