Խաղաղություն շուտ չի կնքվի, շատ բան որոշված չէ
copy image url

Խաղաղություն շուտ չի կնքվի, շատ բան որոշված չէ

Միտք Ներքին 3 շաբաթ առաջ - 09:00 25-03-2025
Թվում է, թե խաղաղությանը 5 րոպե է պակաս։ Սակայն պարզվում է, որ շատ բան դեռ որոշված չէ։

Նախ հայտնի չէ, թե որտեղ է ստորագրվելու։ Սա երկրորդական հարց չէ։ Կապիտուլյացիոն պայմանագրերը ստրորագվում են հաղթող երկրի առաջարկած վայրում, հանդիսավոր պայմաններում։ Տվյալ դեպքում, եթե հայ-ադրբեջանական փաստաթուղթը ստորագրվի Մոսկվայում կամ Բաքվի, Անկարայի առաջարկած վայրում, ապա այն չի տարբերվի Նոյեմբերի 9-ի փաստաթղթից։ 44-օրյա պատերազմում ու դրանից հետո՝ ՀՀ-ի դեմ կազմակերպված ագրեսիայի ժամանակ այս երեքը գործել են միմյանց աջակցելով, ուս-ուսի։ Հաշվի առնելով, որ ՔՊ-ականները բանակցված փաստաթուղթն անվանում են խաղաղության համաձայնագիր կամ խաղաղության պայմանագիր, ապա ենթադրաբար՝ պիտի ստորագրվի այլ երկրում՝ ո՛չ չբարեկամների մոտ։ Բայց թե ո՞ր երկրում՝ ոչ ոք չգիտի։

Հայտնի չէ նաև, թե ո՞վ է երաշխավորելու խաղաղության անխախտությունը։ Կա հիմնավոր մտավախություն, որ չբարեկամները աննշան պատրվակով կամ սադրանքով կխախտեն։ Դրանից հետո եթե ՀՀ-ն դիմի միջազգային ատյաններ, ապա հակընդդեմ հայցեր կներկայացնի Ադրբեջանը, և այդ ամենը կավարտվի փոխադարձ հայցերից հրաժարվելու մասին նոր համաձայնագրով, և այդպես շարունակ։ Հիշեցենք, որ Ադրբեջանի դեմ հայցերի մեծ մասի հիմքում 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունն է, որի բոլոր կետերը Բաքուն ու Մոսկվան խախտել են ու մնացել անպատիժ, քանի որ այդ փաստաթուղթը միջազգային երաշխավոր չուներ, կազմվել ու պարտադրվել էր չբարեկամների կողմից։

Սա էլ ամենը չէ։ Մարտի 24-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանին պարզ հարց ուղղվեց, թե «ի վերջո, այդ փաստաթուղթը պայմանագի՞ր է, թե՞ համաձայնագիր»։ Փոխնախարարը, սակայն, չկարողացավ միանշանակ պատասխանել հարցին, համաձայնվելով, որ դրանց միջև տարբերություն կա, միաժամանակ նշելով, որ իր համար դրանք հոմանիշներ են։

Նախընթաց օրերին Նիկոլ Փաշինյանը մի քանի գրառում է կատարել, պատրաստակամություն հայտնելով՝ ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Որոշ պաշտոնյաներ այն անվանում են խաղաղության պայմանագիր։ Փոխնախարարն էլ չի կարողանում ասել, թե փաստաթուղթն ինչպես է կոչվելու։ Եթե դեռ հստակ չէ, թե կողմերն ինչ են ստորագրելու՝ պայմանագի՞ր, թե՞ համաձայնագիր, ապա Փաշինյանն ինչպե՞ս է պատրաստակամություն հայտնում ստորագրել այն։ Այս հակասականությունը միանգամից մի քանի հարցեր է առաջացնում։ Առաջին հերթին ենթադրելի, որ ո՛չ ԱԳ փոխնախարարը, ո՛չ նախարարը, ո՛չ նույնիսկ վարչապետը վերջնական համաձայնեցված տեքստը չեն տեսել։ Այն կազմվել է առանց հայ պաշտոնյաների, այլ տեղում, այլ մարդկանց կողմից։ Իսկ եթե վարչապետն ու ԱԳ նախարարը տեսել են, ապա ինչո՞ւ գոնե փոխնախարարին այդ տարրական բանի մասին չեն տեղեկացնում։ Եթե փոխնախարարին ցույց չեն տվել տեքստը, ապա վերջինս ինչո՞ւ է այդ մասին մեկնաբանություն անում, պատասխանում լրագրողների հարցերին, հավելյալ կասկածներ առաջացնում։ Իսկ եթե այս կասկածները սին են, և փոխնախարարը վերջնական փաստաթուղթը տեսել է, բայց ազնվորեն չի կարող հստակ ասել՝ պայմանագի՞ր է, թե՞ համաձայնագիր, նշանակում է՝ այն իրականում ավարտված ու ստորագրման պատրաստ չէ։ Այսինքն՝ ենթադրելի է, որ երաշխավորի հնարավոր ներգրավման պարագայում փաստաթղթի իրավական կարգավիճակը կփոխվի։ Օրինակ՝ եթե ստորագրվի Մոսկվայում, ապա կդառնա եռակողմ հայտարարություն։

Ի վերջո՝ եթե շատերը գիտեին, թե ինչպիսի արտաքին քաղաքականություն էր վարում պատերազմի կամ չավարտված հակամարտության մեջ գտնվող Հայաստանը, ապա ո՞վ կարող է ասել, թե ի՞նչ է անելու ՀՀ իշխանությունը խաղաղություն կնքելուց հետո։ Շարունակելու է բալանսավորո՞ւմ անել, թե՞ քաղաքակրթական ընտրություն է կատարելու։ Այս անորոշությունը հաշվի առնելով, միջազգային ազդեցիկ ուժերը լուրջ ճնշում չեն գործադրում Ադրբեջանի վրա։ Իսկ վերջինս ինչպես 2020-ին ու դրանից հետո, այնպես էլ այսօր աշխարհին փորձում է ապացուցել, որ ՀՀ-ն ռուսական ազդեցության գոտի է, հակաքաղաքակրթական ճանբարի չարիք։ Այսպես է Բաքուն արդարացրել ու արդարացնում իր պահանջներն ու ագրեսիվ նկրտումները։ Այդ հիմքով էլ կարող է անվերջ ձգձգել համաձայնեցված տեքստի ստորագրումը։

Կարճ ասած՝ լավատեսական այն հույսը, թե առաջիկայում խաղաղություն կկնքվի, հեռու է իրականությունից, քանի որ շատ բան որոշված չէ։ ԱԳՆ-ն զբաղված է հաշվելով, թե քանի երկիր ու միջազգային կազմակերպություն է ողջունել բանակցությունների ավարտը, սակայն առաջնային հարցերը մնում են անորոշ, ինչը վկայում է, թե ինչ լղոզ քաղաքականություն է վարում ՔՊ-ական իշխանությունը։

Թաթուլ Մկրտչյան