Նույնիսկ Իմամօղլուի դեպքում հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի. Մուշեղ Խուդավերդյան
copy image url

Նույնիսկ Իմամօղլուի դեպքում հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի. Մուշեղ Խուդավերդյան

Արտաքին Խոսք 3 շաբաթ առաջ - 19:05 24-03-2025
Թուրքիայում շարունակում են ակտիվորեն ընթանալ զանգվածային բողոքի ցույցեր, որոնց մասնակիցները պահանջում են ազատ արձակել Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից հեռացված և կալանավորված Էքրեմ Իմամօղլուին։

Վերջինս համարվում է Թուրքիայի նախագահի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակիցը։ Թուրքիայի Սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահի թեկնածու կարող է առաջադրվել միայն բարձրագույն կրթություն ունեցող անձը, սակայն վերջերս Ստամբուլի համալսարանը չեղարկել է Իմամօղլուի դիպլոմը։

Ընդդիմադիր շրջանակներում այս քայլը գնահատվում է որպես բացահայտ քաղաքական գործիք՝ ուղղված նրան քաղաքական դաշտից դուրս մղելուն։ Էսքիշեհիր քաղաքում բողոքի ակցիայի մասնակիցները կազմակերպել են խորհրդանշական հուղարկավորություն՝ ուղղված Էրդողանի դաշնակիցներից մեկի՝ Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի դեմ։

Ընդդիմության տվյալներով՝ միայն Ստամբուլում բողոքի ակցիաներին մասնակցել է մոտ մեկ միլիոն մարդ՝ չնայած նրան, որ իշխանությունները հավաքների արգելքը երկարաձգել են մինչև մարտի 27-ը։ Բողոքի ալիքը շարունակվել է նաև մարտի 23-ին, երբ հայտնի դարձավ, որ դատարանը Էքրեմ Իմամօղլուին մեղադրանք է առաջադրել երկու գործով՝ կոռուպցիայի և ահաբեկչության աջակցման։

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը, հիմնվելով այդ մեղադրանքների վրա, պաշտոնապես հեռացրել է նրան Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից։ Մարտի 22-ին Ժողովրդահանրապետական կուսակցությունը կազմակերպել է ներհամայնքային ընտրություններ՝ փրայմերիզ, որոնց արդյունքում Էքրեմ Իմամօղլուն ընտրվել է ընդդիմության միասնական նախագահի թեկնածու՝ ստանալով 14.8 միլիոն քվե։

Կուսակցության ղեկավարի հայտարարությամբ՝ «այս գործընթացը լրջորեն կասկածի տակ է դնում Էրդողանի լեգիտիմությունը և միանշանակ պահանջում է արտահերթ նախագահական ընտրությունների անցկացում»։

Թուրքիայի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ Oragir.News-ը լրատվականը խոսել է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի հետ։



«Ապագան կանխատեսելը բարդ է, սակայն մի բան պարզ է՝ Էքրեմ Իմամօղլուի վարկանիշը շարունակաբար աճում է։ Շատերը, ովքեր նախկինում նրա մասին գաղափար չունեին, այժմ նրան ճանաչում են որպես ժողովրդավարական արժեքների պաշտպան»,- նշեց Խուդավերդյանը։

«Իմամօղլուի ձերբակալությունն ունեցել է հակառակ ազդեցություն՝ բարձրացնելով նրա հեղինակությունը և ուշադրություն գրավելով միջազգային հանրության կողմից։ Ի տարբերություն դրա՝ Էրդողանի վարկանիշը շարունակել է նվազել»,- հավելեց նա։

Խուդավերդյանը նաև նշեց, որ ներկա պահին Թուրքիայում ձևավորվել է համատարած բողոքի ալիք՝ գրեթե ողջ երկրի տարածքով՝ բացառությամբ մեկ-երկու նահանգի։ Ոստիկանությունը, ըստ ամենայնի, դժվար թե կարողանա կանխել նման մասշտաբի և խորությամբ շարժումը։ Նա անդրադարձել է նաև սպասվող նախագահական ընտրություններին, որ չպետք է մոռանալ՝ մեկ-երկու տարվա ընթացքում Թուրքիայում նախատեսվում են նախագահական ընտրություններ։

Նախորդ ընտրությունների ժամանակ Էրդողանը անձամբ էր խնդրել Իմամօղլուին, որպեսզի վերջինս չառաջադրվի նախագահի թեկնածու։ Դրա փոխարեն ընդդիմությունը առաջադրեց Քեմալ Քըլըչդարօղլուին, որի վարկանիշը նկատելիորեն ավելի ցածր էր։

Այն ժամանակ Իմամօղլուն համաձայնեց՝ ելնելով երկրի անկայուն վիճակից։

«Սակայն այս անգամ Էրդողանի առաջարկը մերժվել է։ Իմամօղլուն հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած փորձության, և հաստատել է, որ առաջադրելու է իր թեկնածությունը»,- ասաց Խուդավերդյանը։

Վերջում նա անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին՝ ընդգծելով, որ Թուրքիայի քաղաքականությունում լուրջ փոփոխություններ դժվար է ակնկալել։ Անգամ եթե Իմամօղլուն դառնա նախագահ, նա պարտավորված կլինի հետևել 1991 թ. Թուրգութ Օզալի մշակած քաղաքական փաստաթղթի դրույթներին։

Այդ փաստաթղթով պայմանավորված՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ լուծում ստանան հայ-ադրբեջանական հարաբերությունները։

«Չնայած դրան՝ Իմամօղլուն հայերի հանդեպ դրական վերաբերմունք ունի։ Բայց պետք է հաշվի առնել, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցը հանդիսանում է այնպիսի կարմիր գիծ, որը որևէ թուրք առաջնորդ մինչ օրս չի անցել»,- եզրափակեց Խուդավերդյանը։

Ձեզ գուցե հետաքրքրի