Ջրվեժում հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախուստի դիմած 34-ամյա տղամարդը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Ավտովթար՝ Երևանում․ մեքենան մխրճվել է բենզալցակայանի տարածք, կա տուժած․Shamshyan.com Արմավիրում ծեծել է ամուսնուն, ապա սպիրտով հրկիզել Նիկոլ Փաշինյանը դատի է տվել «Yerevan Today»-ի խմբագրին և «Հայելի ակումբին»՝ պահանջելով 4 մլն դրամ փոխհատուցում․ Tert.am Բյուրականի նախկին համայնքապետը մեղադրվում է 3 մլն դրամ կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ Ենոքավանի վարչական ղեկավարը խաբեության զոհ է դարձել․ կեղծ ԱԱԾ աշխատակիցն ու ԿԲ ներկայացուցիչը խոշոր գումար են հափշտակել․ Shamshyan.com Փաշինյանն ու Ռումինիայի նախագահը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր Ռուսաստանն արգելել է ցուցադրել «Մոնթե» ֆիլմը. Genetic Production Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ «Mitsubishi»-ն բախվել է կայանված «Toyota»-ին և կողաշրջվել․ կա վիրավոր․Shamshyan.com
Ուղիղ եթեր
Մշակույթ 1 տարի առաջ - 21:00 17-03-2025

Հայ նոր բանագիտության հիմնադիրը. այսօր Մանուկ Աբեղյանի ծննդյան օրն է

Հայագետ, հասարակական գործիչ, գրականագետ, լեզվաբան, բառարանագիր, բանահավաք, պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, արևելահայերենի արդի ուղղագրության հեղինակ. այս ամենը մեկ մարդու մասին է՝ Մանուկ Աբեղյանի:

Մանուկ Աբեղյանի վաստակը հայ լեզվաբանության մեջ անքննելի է. նրա շուրջ 200 լեզվաբանական աշխատություններում ուսումնասիրված են հայոց լեզվի գրեթե բոլոր բնագավառները: Դրանք վերաբերում են հայոց լեզվի ուղղագրությանը, հնչյունաբանությանը, բառագիտությանը, ձևաբանությանը, տաղաչափությանը: Նա գրել է նաև գրաբարի քերականություն, ուսումնասիրել միջին հայերենով գրված ժողովրդական ստեղծագործությունների լեզուն, կազմել բառարաններ և այլն:

Աբեղյանի բազում ուսումնասիրությունները այսօր էլ չեն կորցրել իրենց արդիականությունը և գիտական նշանակությունը, նրա բանահավաքչական, ապա նաև բանագիտական գործունեության շնորհիվ փրկվել են մեր բանահյուսության գանձերը, ուսումնասիրվել ու հանրայնացվել:

Մանուկ Աբեղյանը ծնվել է 1865 թվականի մարտի 17-ին Նախիջևանի Աստապատ գյուղի մոտ գտնվող Թազաքենդ գյուղում: Աբեղյանի 7 տարին լրանալու կապակցությամբ հայրը որդու համար գնել է մի այբբենարան. դա հենց Մանուկի խնդրանքն էր։ Աբեղյանը սկսել է սովորել այդ այբբենարանով, միաժամանակ գրաճանաչության դասեր առել գյուղի գրագիրներից և տարվել գրաբար գրքերի ընթերցանությամբ։ Այդ տարիներին Հովակիմ եպիսկոպոս Տեր-Գրիգորյանը հիմնել է Կարմիր վանքի դպրոցը, որի առաջին սաներից էր Մանուկ Աբեղյանը։ Այստեղ սովորել է 5-6 ամիս, ապա ցուցաբերելով բարձր առաջադիմություն՝ 1876 թ. ընդունվել Էջմիածնի Գևորգյան ճեմարան և 1885 թ. գերազանց գնահատականներով ավարտել այն՝ արժանանալով առաջնակարգ դիպլոմի։

1893-1898 թթ. սովորել է Ենայի, Լայպցիգի, Բեռլինի, նաև Սորբոնի համալսարաններում: Ուսումնասիրել է բանասիրություն, պատմություն, փիլիսոփայություն, լեզվաբանություն: Ենայի համալսարանում որպես ավարտական աշխատանք ներկայացրել է գերմաներեն գրված «Հայ ժողովրդական հավատալիքները» մեծարժեք ուսումնասիրությունը՝ 1898 թ. ստանալով փիլիսոփայության դոկտորի կոչում:



1885-1919 թթ. հայոց լեզու և գրականություն է դասավանդել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Շուշիի թեմական, Թիֆլիսի Հովնանյան, Ներսիսյան դպրոցներում ու հայկական գիմնազիայում: Հենց Շուշիում էլ 1888 թ. լույս է տեսել նրա հեղինակած առաջին ու վերջին բանաստեղծական ժողովածուն՝ «Նմուշներ» խորագրով:

Մանուկ Աբեղյանը 1886 թ. Գևորգյան ճեմարանում սովորելիս ճեմարանի դռնապան մոկացի Նահապետից (Նախո քեռի) գրառել և 1889 թ. Շուշիում հրատարակել է «Սասնա ծռեր» վեպի նոր պատումը՝ «Դավիթ և Մհեր» վերնագրով: Առաջին՝ Գարեգին Սրվանձտյանցի գրառած տարբերակից հետո հայտնաբերված նոր բնագիրը հնարավորություն է տվել համեմատական ուսումնասիրություն կատարելու՝ փաստելով, որ էպոսը բավական տարածված է եղել հայոց մեջ: Նույն տարի էլ լույս է տեսել էպոսին նվիրված Մ. Աբեղյանի առաջին ուսումնասիրությունը՝ «Ազգային վեպը»:

Մ. Աբեղյանն է կազմել «Սասունցի Դավիթ» էպոսի համահավաքի առաջին՝ «Սանասար և Բաղդասար» ճյուղ առաջին և երկրորդ մասերը:

Հետագայում ստեղծել է «Սասնա ծռեր»-ի դասական տեսությունը:

1890-ական թթ. Մ. Աբեղյանը մանկավարժական, խմբագրական, գրական նաև թարգմանական գործունեություն է ծավալել Թիֆլիսում: 1892 թ. նրա թարգմանությամբ լույս է տեսել Նիկոլայ Գոգոլի «Տարաս Բուլբան»:

«Ժողովրդական խաղեր» (1904թ.), «Հին գուսանական ժողովրդական երգեր» (1931թ.) մենագրություններում հետազոտել է խաղիկների, միջնադարյան հայրենների ժանրային, կառուցվածքային, տիպաբանական, տաղաչափական հատկանիշները, պարզաբանել դրանց ժողովրդական բնույթը, նշել է ժողովրդական երգերի ակունքները, զարգացումն ու ընթացքը:

Մանուկ Աբեղյանի ու Կոմիտասի գործակցությամբ 1903 թվականին լույս է տեսել «Հազար ու մի խաղ» խորագրով ժողովրդական երգերի առաջին հիսնյակը, իսկ 1905 թ.՝ երկրորդ հիսնյակը: Այս երկու բացառիկ ժողովածուների շնորհիվ ներակայացվում են հայ ժողովրդական հայտնի ու սիրված խաղիկներն ու երգերը:


1910-ական թվականներից Աբեղյանը զբաղվել է հայ բանաստեղծության տաղաչափության հետազոտմամբ («Հայերեն տաղաչափության մասին», 1916 թ., «Տաղաչափության զարգացումը Չարենցի և ուրիշների բանաստեղծությունների մեջ», 1923 թ., «Հայոց լեզվի տաղաչափություն», 1933 թ.):

Սկզբունքային նշանակություն ունեն Աբեղյանի լեզվաբանական-քերականական աշխատությունները: «Աշխարհաբարի քերականություն» (1906 թ.), «Աշխարհաբարի շարահյուսություն» (1912 թ.), «Հայոց լեզվի տեսություն» (1931 թ.) աշխատություններում առաջինն է գիտականորեն համակարգել արևելահայերենի հնչյունաբանությունը, պարզել հնչյունափոխության երևույթները, համակողմանիորեն հետազոտել բառագիտությունն ու բառակազմությունը:

Նա կազմել է առաջին «Ռուս-հայերեն բառարանը» (1925 թ.), մասնակցել մի շարք բառարանների ստեղծման աշխատանքներին:

1925-1930 թթ. ղեկավարել է ՀԽՍՀ գիտության և արվեստի ինստիտուտը, եղել է Երևանի պետական համալսարանի հիմնադիր դասախոսներից:

Մ. Աբեղյանը նորովի է պարզաբանել հայ ժողովրդի հին ու նոր հավատալիքները, առասպելական զրույցները, նա հեղինակել է հայ հին ու միջնադարյան գրականությանը, առասպելաբանությանն ու էպիկական բանահյուսությանը նվիրված ամենաընդգրկուն ու կարևոր ուսումնասիրությունները՝ «Հայոց հին գրականության պատմություն», «Հայ վիպական բանահյուսություն» և այլն:

«Հայոց հին գրականության պատմություն» քառահատոր աշխատության մեջ անդրադարձել է հայ գրականության սկզբնավորման, պատմության, գրական դեմքերի և դպրոցների գնահատման, ծագման ու զարգացման հարցերին:

Ակադեմիկոս դառնալուց հետո Աբեղյանը շարունակել է աշխատել «Հայոց հին գրականության պատմության» 2-րդ հատորի վրա։ Սակայն պատերազմական ծանր օրերը, ռազմաճակատում անհետ կորած որդու վիշտը օրըստօրե վատթարացրել են նրա առողջությունը. 1944 թ. սեպտեմբերի լույս 25-ի գիշերը Աբեղյանը մահացել է:

Աբեղյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին Գիտությունների ակադեմիայի նիստերի դահլիճից, ուր դրված էր նրա աճյունը։ Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ Աբեղյանին թաղել են Երևանի քաղաքային պանթեոնում: Աբեղյանի անունով են կոչվել ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտը և դպրոց Երևանում:

Հ. Ասլանյան

Ամենից շատ դիտված

17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
21:10 Սամվել Կարապետյանը դատի է տվել Փաշինյանին՝ պահանջելով հերքել զրպարտությունը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
21:17 Մեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասին
22:56 Թրամփը Գոհաբանության օրը ներում կշնորհի Ազատություն և Փետուր անունով հնդկահավերին
21:34 Անձամբ իմ և մեր թիմի անունից հաստատում եմ՝ մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու