Բաքվի բանտից հղված Ռուբեն Վարդանյանի ուղերձը հանրային ալեկոծության պատճառ է դարձել։ Հուզական, արժեբանական և զուտ մարդկային գնահատականներից զատ՝ այստեղ կան նաև քաղաքական երազանք և ռեալ հավակնության մասին ակնարկ։
Մինչ տարբեր մարդիկ, այդ թվում՝ հարազատները, ահազանգում էին, թե նրա առողջական վիճակը մտահոգիչ է, Ռուբեն Վարդանյանն ուղերձը սկսում է՝ «Ես լավ վիճակում եմ, ամուր եմ, առողջությունս նորմալ է, ինքս ինձ հետ հաշտ եմ ու ոգով ուժեղ, ինչպես երբեք» խոսքով, ցրելով իր վատառողջության մասին մտահոգությունները:
Նա վերահաստատում է իր դիրքորոշումը դատավարական նորմերի, իրավունքների խախտման, անհիմն ու կեղծ մեղադրանքի վերաբերյալ, պահանջելով, որ իր գործը չանջատվի մյուսներից, ակնկալելով ճիշտ, արդար դատավարություն։ Նա վերհաստատում է նաև, որ գիտակցված է եկել Արցախ, մասնակցել քաղաքական, տնտեսական ծրագրերին՝ «Ես երջանիկ էի լինել ձեզ հետ, Արցախի ժողովրդի հետ այդ ծանր օրերին, ողջ ընթացքում զգալ ձեր սերը, վստահությունը, ջերմությունն ու երախտագիտությանը»։ Հանրությանը հուզել է նրա մարդկային վեհ մոտեցումները, շնորհակալության խոսքերն, ինչպես նաև՝ արցախցիներին ուղղված սիրառատ խոսքերն ու ներողությունները։
Ուղերձի զուտ քաղաքական հատվածը հիշեցնում է Մարտին Լյութեր Քինգի «Ես ունեմ երազանք» հայտնի ճառի շունչը՝ «Ես լավատես եմ և հավատում եմ, որ չնայած այս ամենին, հաղթահարելու ենք բոլոր մարտահրավերներն ու դժվարությունները, և նորից ապրելու ենք մեր հայրենիքում՝ հարևանների հետ խաղաղությամբ, հարգելով միմյանց: Հավատում եմ, որ կհաղթահարենք փոխադարձ թշնամանքն ու կուտակված ատելությունը, ինչպես դա ստացվել է որոշ ժողովուրդների մոտ»։ Այս տողերով Ռուբեն Վարդանյանը ջախջախում է ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծ թեզերը, թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը ագրեսիվ է տրամադրված, և եթե նրանց ազատ արձակեն, ապա նրանք պատերազմ կսկսեն ու կրկին կազատագրեն Արցախը զավթիչներից։ Այնինչ՝ Ռուբեն Վարդանյանը խաղաղության գաղափարն է առաջ քաշում, ուրվագծում հայ և ադրբեջանցի ժողովուրդների խաղաղ համակեցության հեռանկարը՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա, բացառելով փոխադարձ թշնամանքը։
Հաջորդիվ արդեն Ռուբեն Վարդանյանը խաղաղության անխախտության պատասխանտվությունը դնում է էլիտայի վրա։ «Բայց եթե մենք ուզում ենք դա իսկապես անել, մեզ պետք է իրական երկարաժամկետ խաղաղություն՝ ոչ թե թղթի վրա ստորագրված, այլ կյանքի կոչված: Մենք պետք է հիշենք, որ մեզ ոչ ոք ոչնչով պարտական չէ, որ միայն ուժեղ մարդկանց հետ, էլիտա, արժանապատվություն, պատիվ ունեցող երկրի հետ կարող են իրական պայմանավորվածություններ ձեռք բերվել»։ Այստեղ թվացյալ անորոշություն կա։ Բայց եթե հաշվի առնենք առաջին տողերում իր որպիսության մասին գրվածը՝ «ինքս ինձ հետ հաշտ եմ ու ոգով ուժեղ, ինչպես երբեք», նշանակում է՝ ակնարկված ուժեղ մարդկանցից մեկն ինքն է և կարող է նպաստել իրական խաղաղությունը։ «Դա մեծ պատասխանատվություն է այն էլիտայի համար, որը էլիտա է համարվում ոչ թե նրա համար, որ շատ փող, կապեր, ուժ կամ անգամ՝ ինտելեկտ ունի, այլ այն էլիտայի, որը հասկանում է, որ ում շատ է տրված, նրանից էլ ավելին է պահանջվում»,- ասում է նա: Սա ուղիղ ակնարկ է աշխարհին, որ Ռուբեն Վարդանյանը, որպես ուժեղ մարդ, որպես էլիտայի ներկայացուցիչ, իր դիրքին, կոչումին հավատարիմ՝ գիտակցում է, որ պարտավոր է նպաստ բերել տարածաշրջանային խաղաղությանը։
Ուղերձի այս հատվածը, որտեղ հաստատվում է Ռուբեն Վարդանյանի քաղաքական կամքն ու պայքարի անկոտրում ոգին, հավանաբար՝ կհետաքրքրի հայ քաղաքական համայնքին, ՀՀ նոր դաշնակիցներին, տարածաշրջանային խաղաղությամբ հետաքրքրված միջազգային կառույցներին, որոնք ենթադրաբար՝ ինչ-որ կերպ կարձագանքեն նրա քաղաքական երազանքին ու ռեալ քաղաքական հայտին։
Պարզ ասած՝ խաղաղության ջատագովները պետք է ավելի մեծ ջանք գործադրեն ռազմագերիներին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին ազատելու հարցում։ Բաց է մնում մեկ հարց, ո՞վ կիրականացնի Ռուբեն Վարդանյանի քաղաքական երազանքը, որ Հայաստանը ուժեղ մարդկացով առաջնորդվող, էլիտա, արժանապատվություն ունեցող պետություն դառնա, որ խաղաղություն լինի երկրում ու սահմաններին։
Թաթուլ Մկրտչյան