Ներքին 1 տարի առաջ - 19:32 07-03-2025

Արցախից բռնի տեղահանված ընտանիքները լրացուցիչ սոցիալական աջակցություն կստանան

Կառավարությունը նախատեսում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրել լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն՝ օգնելու նրանց հաղթահարել կյանքի դժվարին իրավիճակները։ Նոր աջակցությունն ուղղված է այն ընտանիքներին, որոնք շարունակում են առերեսվել սոցիալ-տնտեսական դժվարությունների հետ և չունեն այլ պետական կամ համայնքային բնակարանային ապահովության ծրագրերից օգտվելու հնարավորություն։

Աջակցությունից կարող են օգտվել․ նրանք, ում տվյալներն առկա են ՀՀ կառավարության նախկին աջակցության ծրագրերում, տեղահանվել են 2020-2023 թվականների ռազմական գործողությունների հետևանքով, հաշվառված են ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության շտեմարանում։

Աջակցությունից չեն կարող օգտվել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ժամանակավոր բնակվողները, պետական աջակցությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում բնակվողները, նրանք, ովքեր ՀՀ-ում ունեն 50 տոկոսից ավելի սեփականություն հանդիսացող բնակելի անշարժ գույք։

Աջակցության չափը հաշվարկվելու է ընտանիքի բռնի տեղահանված անդամների թվի հիման վրա. ընտանիքի առաջին անդամի համար՝ 40,000 դրամ ամսական, երկրորդ և ավելի անդամների համար՝ 10,000 դրամ ամսական։

Բռնի տեղահանված անձինք պետք է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 15-ը էլեկտրոնային դիմում ներկայացնեն՝ socservice.am կայքում՝ նշելով անձնական տվյալները և բանկային հաշվի տվյալները։

Տվյալները կստուգվեն ՀՀ ազգային անվտանգության ծառայության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, և անշարժ գույքի պետական ռեգիստրի հետ համադրելով։
Ելնելով թափանցիկությունից և արդարությունից, աջակցությունը կտրամադրվի միայն ՀՀ-ում փաստացի բնակվող անձանց։

Նախատեսվում է աջակցություն տրամադրել 3,000 ընտանիքների (ընդհանուր՝ 11,430 շահառուների)։
Աջակցության համար կպահանջվի 1,83 մլրդ դրամ, որը կտրամադրվի ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի միջոցներից։

ՀՀ կառավարությունն արդեն իրականացրել է մի շարք ծրագրեր բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման և սոցիալական աջակցության ուղղությամբ, սակայն 2025 թվականի ապրիլից նրանց համար նախատեսված որոշ ծրագրեր դադարելու են։

Այս նոր սոցիալական աջակցության նախաձեռնությունը նպատակ ունի մեղմելու տեղահանված ընտանիքների սոցիալական ծանրաբեռնվածությունը և ապահովելու նրանց սոցիալ-տնտեսական կայունությունը մինչև երկարաժամկետ լուծումների մշակումը։

ՀՀ կառավարությունը վերահաստատում է իր հանձնառությունը աջակցելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին և ապահովելու նրանց կյանքի որակի բարելավումը։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն