Տևական ժամանակ ընդդիմախոսները կասկած են շրջանառում, թե ՔՊ-ական իշխանությունը միտումնավոր բավարար ջանք չի գործադրում Բաքվում դատվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ազատելու ուղղությամբ։ Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը մարտի 6-ին արած գրառման մեջ իր մասնագիտական փորձից մի շարք օրինակներ է թվարկում, թե ինչպես են պետությունները քաղաքական ջանքեր գործադրում այլ երկրներում կալանավորված, դատապարտված իրենց քաղաքացիներին, ռազմագերիներին, պատանդներին ազատելու հարցում։
«Լիովին համաձայն եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որ նա պետք է «համաչափ» և «խելամիտ» ջանքեր գործադրի իմ պաշտպանյալ Ռուբեն Վարդանյանին, ինչպես նաև Ադրբեջանում կալանավորված այլ հայ քրիստոնյա քաղբանտարկյալներին և գերիներին ազատելու համար»,- ասել է փաստաբանն, այնուհետև գնահատել, որ ՀՀ իշխանությունը «չի արել այս տարրական գործողություններից և ոչ մեկն Ադրբեջանում պահվող հայ պատանդների համար»։
Ինչո՞ւ ՔՊ-ական իշխանությունը արդյունավետ քայլեր չի ձեռնարկում հայ ռազմագերիներին ազատելու ուղղությամբ։ Այս հարցն արդեն լուրջ քննարկվում է հանրության շրջանում, և առաջ են քաշվում մի շարք վարկածներ։ Դրանցից մեկով ենթադրվում է, որ ՔՊ-ական իշխանությունը չի ուզում, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ազատ արձակվի, քանի որ կարող են քաղաքական ռեալ այլընտրանք ներկայացնել։
Արցախի նախկին ղեկավարները կարո՞ղ էին ռեալ մրցակից դառնալ Նիկոլ Փաշինյանի համար։
Նախօրեին ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էր անդրադարձել գերիների թեմային, նշելով, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է գերի չընկներ։ «Ամեն ինչ պետք է արվեր, որպեսզի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չգերևարվեր: Դա պետք է անեին անվտանգության աշխատակիցները, այդ թվում ռուս խաղաղապահները»,- ասել է պատգամավորը:
Փորձենք վերլուծել բազմափորձ պատգամավորի այս տեսակետը։ Եթե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները ինչ-որ գնով, ինչ-որ կերպ կարողանային մյուս արցախցիների նման ու նրանց հետ միասին գալ Հայաստան, ապա նրանք կա՛մ սովորական արցախցիների նման ապրելու էին իրենց առօրյա հոգսերով, կա՛մ զբաղվելու էին այն գործով, ինչով զբաղվել էին գիտակցական կյանքի մի մասում, այսինքն՝ ակտիվ քաղաքականությամբ։ ՀՀ եկած 100 հազար արցախցիների համար նրանք, ի տարբերություն Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի, իրական հեղինակություններ էին և կարող էին արցախցիների համար իրական առաջնորդներ ընկալվել։ Հաշվի առնելով նրանց մի մասի կապիտալը, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները ռեալ քաղաքական ուժ կարող էին դառնալ ու մասնակցել ՀՀ քաղաքական կյանքին, բնականաբար՝ առաջին պլանում պահելով Արցախի և արցախցիների խնդիրները։ Ենթադրյալ այս զարգացումը ձեռնտու չէր լինի Նիկոլ Փաշինյանին, որը փորձում է փակել Արցախի էջը։ Ձեռնտու չէր լինի նաև Արցախը զավթած Ալիևին։ Ռուսները ևս հետաքրքրություն ունեն։ Բաքվում դատվողներն, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանն ու Արցախի նախկին նախագահները հրաժարվել էին կատարել ռուս-ադրբեջանական վերջնագրերը՝ ստորագրել կապիտուլյացիա, զենքը հանձնել, լուծարել բանակն ու Արցախի Հանրապետությունը։ Այս առումով՝ ռուսները պատժում են չկոտրվողներին, Պուտինի կազմած վերջնագրերը պատռողներին։ Հետևաբար՝ կարելի է ենթադրել, որ արցախցիներին Բաքվում դատում են Փաշինյան, Ալիև, Պուտին եռակողմ պայմանավորվածությունների, հետաքրքրություների շրջանակում։
Պարզ ասած՝ ՀՀ իշխանությունը շրջանառվող այս կասկածը ցրելու համար պարտավոր է ոչ միայն «համաչափ» և «խելամիտ», այլև արդյունավետ ջանքեր գործադրել, որ փաստաբան Ջարեդ Գենսերը ներողություն խնդրի, որ կասկածել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ պատանդառված քաղաքացիներին չպաշտպանելու, անմարդկային անգործության մեջ։ Հակառակ պարագայում այս անգործությունը կարող է թանկ արժենալ ՔՊ-ի համար, հանգեցնելով ձախողման 2026-ի ընտրություններում։
Թաթուլ Մկրտչյան