Աբրահամ Լինկոլնի կարծիքով՝ հնարավոր չէ անվերջ խաբել ամբողջ ժողովրդին։ ՔՊ-ական իշխանությունը, կարծես՝ փորձում է կոտրել հերքել Լինկոլնի այս օրենքն ու ապացուցել, որ ժողովրդին կարելի է անվերջ խաբել։
Մարտի 4-ին ԱԺ-ում քննարկվում էր պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած օրենքի նախագիծը, ըստ որի՝ խաղադրույքներ ընդունող ընկերությունները պետք է վճարեն ավելի բարձր հարկ։ Այս ընթացքում զեկուցողը սենսացիոն հայտարարություն արեց:
«Կան տեղեկատվություններ, որ գործող ընկերությունները կեղծ անձանց մեծ դրամական շահումներ են տալիս։ Կոնկրետ մեկ դեպքով 70 մլն դրամական շահում են տվել մի քաղաքացու, ով 1-2 ամիս հետո գնացել, 200 հազար դրամ սպառողական վարկ է վերցրել։ Այսինքն՝ վերլուծելով, մենք հասկանում են, որ այս գումարը շահողը այդ գումարի տնօրինողը չի եղել։ Եվ այս քաղաքացուն կեղծ 70 միլիոն շահում տալով, ընկերություններն իրենց շահումն են նվազեցրել, որ տարվա վերջում քիչ շահութահարկ վճարեն»,- ասել է պատգամավորը, փորձելով ընդհանրացնել ու հիմնավորել, որ այս ոլորտում հարկերի բարձրացումն արդարացված է։
Որտեղի՞ց պատգամավոր Հայկ Սարգսյանին այսպիսի տեղեկություններ, ո՞վ է խախտել բանկային գաղտնիքի մասին օրենքն ու պատգամավորին տրամադրել քաղաքացու վարկային պատմության մանրամասները։
Անմեղության կանխավարկածը մարդկության մեծագույն նվաճումներից է, որով մարդը համարվում է անմեղ, քանի դեռ նրա հանցանքն ապացուցված չէ օրենքով, դատարանի ուժի մեջ մտած դատավճռով։ Մեկ անանուն ընկերությանը կասկածելով մի շարք ենթադրյալ հանցանքների մեջ, պատգամավոր Հայկ Սարգսյանն այդ կասկածի վրա հիմնվելով, ներկայացնում է օրենքի նախագիծ, որով առաջարկում է պատժել այս դաշտում գործող բոլոր ընկերություններին, խստացնելով հարկերը։
Իրավապահները պարտավոր են այս հայտարարությունն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին։ Քննությամբ, ենթադրաբար, կպարզվի, թե ով է խախտել բանկային գաղտնիքի, անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքները և պատգամավորին տրամադրել անձնական տվյալներ մարդու վարկային պատմությունից։
Իսկ եթե պարզվի, որ պատգամավորը պարզապես կեղծ տեղեկություններ է ներկայացրել երկրի թիվ մեկ ամբիոնից, ապա կհաստատվեն հանրային մեղադրանքները, որ ՔՊ-ական իշխանության գործիքներից մեկը եղել և մնում է խաբելը։ Եվ նույնիսկ պատգամավոր Հայկ Սարգսյանը, որը հանրությանն ավելի շատ հայտնի է «Շիշ բռնող» մականվամբ, չի խորշում այս մարտավարությունից։
Ասում են, թե աշխարհում ամեն ինչ փոխադարձ է։ Տվյալ դեպքում հանրությունը կարո՞ղ է համարժեք արձագանքել։ Պատգամավորը մեկ ընկերության մասին տեղեկություն տարածելով, կասկածում է բոլոր ընկերություններին կեղծարարության մեջ։ Եթե պարզվի, որ «Շիշ բռնողը» ստել է, ապա ժողովուրդը կարո՞ղ է մեկ ստախոս պատգամավորի պատճառով բոլոր պատգամավորներին համարել ստախոս, կեղծարար, խաբեբա։ Այսինքն՝ մեկ ստախոս պատգամավորը կարող է խաղալ ԱԺ բոլոր պատգամավորների անվան, պատվի հետ։
Ստելու, կեղծելու արատավոր երևույթն ԱԺ-ից մաքրելու համար լուրջ միջոցներ պետք է կիրառել, որ բումերանգից չտուժեն ազնիվ մարդիկ։ Օրինակ՝ կարելի է պատգամավորի երդման տեքստում ավելացնել՝ «երդվում եմ՝ չստել, չխաբել, չմոլորեցնել ժողովրդին, կեղծ տեղեկություններ չտարածել ԱԺ ամբիոնից» տողը, որը խախտելու պարագայում պատգամավորը անմիջապես պետք է զրկվի մանդատից։ Այսպիսով՝ գուցե հնարավոր կլինի մաքուր պահել ազնիվ պատգամավորների անունները։
Այնպես որ՝ իրավապահները Հայկ Սարգսյանի հայտարարության հիմքով անելիք ունեն։ Կա՛մ պետք է ապացուցվի ԱԺ ամբիոնից հանրայացված տեղեկության իսկությունը և պատժվի կեղծարար ընկերությունը, կա՛մ պետք է պատգամավորը պատասխանատվության ենթարկվի կեղծ տեղեկություններ տարածելու, պատգամավորներին մոլորեցնելու, կարևոր օրինագիծը ընդունելու ժամանակ կեղծ հիմքեր ներկայացնելու, օրինագծը հիմնազրկելու, մոլեխաղ կոչվող չարիքի դեմ պայքարն արժեզրկելու համար։ Իսկ անկախ ամենից, իրավապահները պարտավոր են պարզել, թե ո՞վ է խախտել անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքն ու 200 հազար դրամ վարկ վերցրած քաղաքացու անձնական տվյալերը տրամադրել պատգամավորին։
Թաթուլ Մկրտչյան