Տնտեսագետների կանխատեսումները Հայաստանի տնտեսական հնարավոր ճգնաժամի մասին նոր հիմնավորումներ են ստանում։ Փետրվարի 13-ին Կենտրոնական բանկը հրապարակել է պրուդենցիալ վերահսկողության առաջնահերթությունների փաստաթուղթը, որտեղ նշում է, որ փորձելու է զսպել առևտրային բանկերի կողմից սպառողական վարկերի տրամադրումը:
Ըստ փորձագետների՝ պատճառը խորն է, քան այն հիմնավորումը, որ ԿԲ-ն է փորձում հրամցնել: ԿԲ-ն պնդում է, որ բանկերը շատ են սպառողական վարկ տալիս, և ռիսկեր են առաջանում, որոնք պետք է զսպվեն: Փետրվարի 25-ին Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանն, անդրադառնալով Կենտրոնական բանկի այս որոշմանը, հայտարարել է, որ առևտրային բանկերը կարող են զսպել սպառողական վարկերի տրամադրումը, եթե ԿԲ-ն խստացնի վարկավորման վերահսկողությունը: Նա նաև հույս է հայտնել, որ բանկերը հարգանքով կվերաբերվեն ԿԲ-ի որոշմանը, և ռիսկերի կառավարման համատեքստում կսահմանափակեն սպառողական վարկերի տրամադրումը:
Ի՞նչ հետևանքներ կունենա այս սահմանափակումը տնտեսության վրա, և ո՞վ ավելի շատ կտուժի դրանից։
Սպառողական վարկերի սահմանափակումն ինքնին նշանակում է, որ ՔՊ-ական իշխանության վարած տնտեսական քաղաքականության արդյունքում տնտեսությունը վատ վիճակում է։ Ռուսական մեծ ներդրումներ չեն արվում, իսկ Արևմուտքը դեռ չի վստահում բալանսավորված քաղաքականություն վարող Նիկոլ Փաշինյանին։ ԿԲ-ն էլ, ենթադրաբար, արժանահավատ չի համարում ներկայացվող վիճակագրական տվյալները, թե աշխատավարձերը բարձրացել են, տնտեսական ակտիվությունն աճել է և այլն։ Հակառակ պարագայում՝ ԿԲ-ն չէր կասկածի վարկառուների հուսալիությանը և սպառողական վարկերի տրամադրումը ռիսկային չէր որակի։
Փորձագետները նշում են, որ վերջին տարիներին քաղաքացիները ավելի շատ հիպոթեքային և շինարարական վարկեր են վերցրել, որոնց մարելու հարցում դժվարություններ են ունենում։ Եվ ստիպված սպառողական վարկեր են վերցնում, որ փակեն հիպոթեքները։ Հետևաբար՝ ԿԲ-ի այս որոշման արդյունքում շինարարական բումն ավարտվելու է, բնակելի շենքերի շինարարությունը դառնալու է ռիսկային, անշարժ գույքի շուկան փլուզվելու է, և այս ամենը հանգեցնելու է տնտեսական ճգնաժամի։
Նկատենք, որ սպառողական վարկերի սահմանափակման միտում նկատվում էր ամիսներ առաջ։ Oragir.News-ը բազմաթիվ ահազանգեր էր ստանում քաղաքացիներից, որ բանկերն առանց հիմնավոր պատճառի իջեցնում էին քաղաքացիների վարկունակության ցուցանիշը։ Երբ քաղաքացին դիմում էր բանկ սպառողական վարկ վերցնելու, նրան առաջարկում էին շատ քիչ գումար՝ մի քանի հարյուր հազար դրամ։ Եվ այս հանիրավի սահմանափակումը հաճախ կոնֆլիկտային իրավիճակ էր ստեղծում։ Իսկ փետրվարի 13-ի ԿԲ որոշմամբ՝ այս սահմանափակումը ստացավ իմպերատիվ հիմք։ Այսուհետև բանկը կարող է ընդհանրապես մերժել քաղաքացու դիմումը, հղում անելով ԿԲ որոշմանը, մարդուն դնելով բարդ իրավիճակում, դրդելով նրան դիմելու հանցագործության։
Կարճ ասած՝ սպառողական վարկերի տրամադրումը սահմանափակելու արդյունքում ՀՀ տնտեսությունը հայտնվելու է ճգնաժամի եզրին, մասնավոր ներդրումները պակասելու են, ժողովրդի մի մասն ընկնելու է դեպրեսիայի մեջ, աճելու են գողությունն ու ավազակությունը, և ստեղծվելու է հեղափոխական իրադրություն, երբ իշխանության փոփոխության ցանկացած նախաձեռնություն ողջունվելու է ժողովրդի մի մասի կողմից։
Թաթուլ Մկրտչյան