Բան է փոխվե՞լ. ինչո՞ւ Միրզոյանը հիշեց Բաքվում դատվող հայ գերիներին
copy image url

Բան է փոխվե՞լ. ինչո՞ւ Միրզոյանը հիշեց Բաքվում դատվող հայ գերիներին

Միտք Ներքին 2 ամիս առաջ - 13:00 26-02-2025
Արցախի նախկին պաշտոնյաների նկատմամբ Բաքվում ընթացող շինծու դատավարության մասին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները չէին հիշատակում միջազգային հարթակներում ելույթ ունենալիս։ Կարծես՝ արգելք դրված լիներ այս թեմայի վրա։ Առաջին անգամ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, փետրվարի 24-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում, հրապարակավ անդրադարձել է Բաքվում ընթացող դատավարությանը։

«Հենց այս պահին Ադրբեջանում ընթանում են կեղծ դատավարություններ 23 հայ անձանց նկատմամբ, ովքեր կամայականորեն են ազատազրկված, ընդ որում՝ անտեսելով պատշաճ դատավարության համար անհրաժեշտ մարդու իրավունքների չափանիշները», - հայտարարել է Միրզոյանը:

Արդյո՞ք բան է փոխվել ՀՀ իշխանության օրակարգում։ Ինչո՞ւ է ՀՀ ԱԳ նախարարը միջազգային ամբիոնից խոսել Բաքվում հայ գերիների նկատմամբ ընթացող կեղծ դատավարության մասին։

Նկատենք, որ ԱԳ նախարարը այս մասին խոսել է Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող ագրեսիվ հայտարարությունների մասին հիշատակելուց հետո։ Այս համատեքստում Բաքվում ընթացող կեղծ դատավարությունը ներկայացվել է որպես հակահայկական քայլ։ Այսպիսով՝ ԱԳ նախարարը միջազգային ամբիոնից աշխարհին ցույց է տվել, որ Բաքուն շարունակում է հակահայ քաղաքականություն վարել, անտեսելով մարդու իրավունքները։ Նախարարի անդրադարձում ողջունելի է նաև այն, որ դատավարությունը որակվում է կեղծ։ Այսինքն՝ նախարարը 3 շեշտադրում է անում՝ միջազգային հանրության ուշադրությանն է ներկայացնում Բաքվի հակահայ, ագրեսիվ քաղաքականությունը, հայերի հանդեպ դատավարությունը որակում է կեղծ, ընդգծում, որ դրա ընթացքում անտեսվում են մարդու իրավունքները։

Ենթադրելի է, որ Ռուբեն Վարդանյանի հացադուլն է ստիպել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյային այսպիսի շեշտադրումներով անդրադառնալու Բաքվում հայ գերիների դատավարությանը։ Սակայն սա լիարժեք չի արտացոլում հանրային ակնկալիքները։

Ժողովրդի մի մասն ակնկալում է, որ ՀՀ իշխանությունն արդյունավետ քայլեր կանի գերիների ազատման հարցում։ Մասնավորապես՝ եթե միջազգային ամբիոնից այս մասին խոսելու հնարավորություն կա, ապա թեման պետք է ներկայացվի ոչ թե իմիջայլոց, ինչպես արել է ԱԳ նախարարը փետրվարի 24-ին ՄԱԿ-ի ամբիոնից, այլ խորությամբ, հանգամանորեն, ընդգծելով ոչ միայն դատավարության կեղծությունն ու մարդու իրավունքների անտեսումը, այլ այն ներկայացնել որպես խնդիր, դրան տալ քաղաքական գնահատական, այն ուղիղ որակել թշնամանքի դրսևորում, սադրանք, անհարգալից վերաբերմունք ՀՀ-ի, հայ ժողովրդի հանդեպ։

Հաշվի առնելով այն, որ G-20 երկրներն իրապես հետաքրքրված են տարածաշրջանային խաղաղությամբ և ճանապարհների բացմամբ, ապա հայ գերիների ազատ արձակումը կարելի է դարձնել խաղաղության պայմանագրի բանակցային նախապայման։ Այդպիսով հնարավոր կլինի միջազգային խաղացողներին ևս ակտիվորեն ներգրավել գերիների ազատման հարցում։

Սրանից զատ՝ ՀՀ-ն 2025-ին ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերություն զարգացնելու կանոնադրություն է ստորագրել, ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենք է ընդունել։ Եթե ԱՄՆ-ն և ԵՄ-ն ՀՀ-ին վերաբերվում են որպես իրական գործընկերոջ, ապա ՀՀ-ն ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ երկխոսության, քննարկումների ընթացքում կարող է խնդրել, որ նրանք ստիպեն Ադրբեջանին, որ վերջինս ազատ արձակի հայ գերիներին։

Տակավին կանխատեսելի չէ, թե ՔՊ-ական իշխանությունն ինչպես կշարունակի առաջ տանել այս թեման և ինչ արդյունքի կհասնի։ Այնուամենայնիվ՝ կարելի է ասել, որ սառույցը շարժվել է։ ՀՀ դեսպանները, մյուս նախարարները ԱԳ նախարարի օրինակով առնվազն այս երկու տողը կարող են կրկնել իրենց ելույթներում։ Միջազգային հանիպումների մեծ օրակարգ ունեցող Աննա Հակոբյանը նույնպես կարող է ամենուր բարձրացնել հարցը։

Պարզ ասած՝ գերիների թեման այլևս տաբու չէ։ Եթե ՀՀ իշխանությունը հավելյալ ջանք գործադրի, նրանց ազատման հարցը մտցնի միջազգային օրակարգ, և ԱՄՆ, ԵՄ ղեկավարները հրապարակավ բարձրացնեն այս թեման, ապա Բաքուն ենթադրաբար՝ նրանց ազատ կարձակի, խուսափելով միջազգային լարվածությունից ու պատժամիջոցներից։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

18:30 Ես ներել եմ իմ աշակերտներին․ Մերձավանի դպրոցի պատմության ուսուցչուհին եկել էր աշխատանքի
17:30 Մերձավանի դպրոցում պատմության ուսուցչուհուն խոսքի իրավունքից էլ են զրկում 
23:06 Դուք ո՞վ եք, որ մեզ հայհոյեք, ձեր մաման էլ, պապան էլ, ընտանիքն էլ. 2020 թ. պատերազմի հերոսը՝ Արսեն Թորոսյանին
12:15 2-ամյա Տիգրանին փորձում են իդենտիֆիկացնել տիեզերական լուսանկարներովով․ Մխիթար Հայրապետյան
11:40 Մխչյանի դպրոցում երեխային թմրանյութ տված աշակերտը 1 մլն դրամով ազատվել է կալանքից
21:39 Բաքվում ցուցադրել են կադրեր, թե ինչպես են երգում «Ելիր Դաշնակ դրո»-ն՝ ի ապացույց հայերի «ագրեսիվ» ծրագրերի
15:12 Ընտանիքներն ամուր չեն, քանի որ ջահելները չեն ուզում կեսուր-կեսրարների հետ ապրել․ հարցում
15:45 Կայծակի հուժկու հարված՝ Գագարին գյուղում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
16:30 Երեխան չպետք է 7 տարեկանից 2-րդ դասարան գնա. հոգեբանը դեմ է ԿԳՄՍՆ-ի որոշմանը
17:53 «Վատ պահվածքի» դեպքում ցմահները նման պատժի են արժանանալու․ Սրբուհի Գալյանը գոռացել ու սպառնացել է