«Պետության պարտքը կարելի է տարբեր կերպ հասկանալ․ եթե նեղ տեսանկյունից ենք դիտարկում այս պարտքը՝ որպես արտաքին պետական պարտք, ապա այս պարագայում ինքը ճիշտ է, բայց եթե ավելի լայն դիտարկենք, ապա կա այլ մոտեցում և պետական պարտքը միայն արտաքին պարտքը չէ»,-
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց տնտեսագետ Հրանտ Միքայելյանը՝ մեկնաբանելով Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի այն հայտարարությունը, որ Հայաստանի արտաքին պարտքը ոչ թե 12 մլրդ դոլար է, այլ 5․9։
Տնտեսագետը շեշտում է՝ արտաքին պարտքը հաշվարկելու տարբեր մոտեցումներ կան․ «Մեկն առհասարակ արտաքին պարտքն է, որտեղ ներառված է երկրի պարտքը․ բացի պետությունից, կա նաև կազմակերպությունների պարտքը՝ բանկերի պարտքը և այլն, որը, վերջին հաշվով պետության վրա բեռ է։ Հայաստանի պարագայում կառավարությունը միայն իր մասի պատասխանատուն է, իսկ օրինակ Ադրբեջանի դեպքում արտաքին պարտքը բացի պետականից, նաև պետական կազմակերպությունների պարտքն է ներառում։
Մյուսը՝ կա պետական պարտքը, որը արտաքին պարտքը ոչ ամբողջությամբ է արտացոլում, քանի որ գոյություն ունի նաև ներքին պարտքը։ Մոտավորապես 2015 թվականից սկսած Հայաստանը վարում պարտքի փոխարինման քաղաքականություն, որտեղ պարտքն անցնում է արտաքինից ներքին։ Այսինքն՝ Հայաստանի կառավարությունը, ֆինանսների նախարարությունը որքան հնարավոր է փորձում է նոր պարտքեր վերցնել տեղական աղբյուրներից ու փաստացի նոր պարտքի մեծ մասը ներքին է դառնում։ Վերջին տարիների ընթացքում մենք հասել ենք այն իրավիճակին, երբ կառավարության կամ պետության արտաքին պարտքին ներքին պարտքը գերազանցում է»։
Հրանտ Միքայելյանի խոսքով՝ երբ մարդիկ ասում են պետական պարտք, շատ հաճախ նկատի ունեն ներքին և արտաքին պարտքի հանրագումարը։ Նա նկատում է՝ այս դեպքում Գևորգ Պապոյանն ընդգծել է միայն արտաքին պարտքը, սակայն պետական պարտքն այդ երկուսի հանրագումարն է։ «Առաջ խոսվում էր արտաքին պետական պարտքի մասին, որովհետև ներքին պարտքը եղել է շատ փոքր, հիմա արդեն առանձնացնել չենք կարող, որովհետև ներքին պետական պարտքը գերազանցում է արտաքինին»,- ասաց նա։
Oragir.News-ի հարցին՝ Գևորգ Պապոյանն ինչո՞ւ է նման հայտարարությամբ հանդես գալիս, խոսում պարքի միայն արտաքին բաղադրիչի մասին՝ Հրանտ Միքայելյանը պատասխանեց, որ նախարարը նման կերպ մանիպուլացնում է հանրությունը։ «Նա դա ասում է, որպեսզի պաշտպանվի, մանիպուլացնի։ Ես կարծում եմ, որ պետական պարտքի ընկալումը որպես կառավարության արտաքին պարտք դա լիովին սխալ է, որովհետև կա նաև Կենտրոնական բանկի արտաքին պարտքը, որը միշտ գումարվել է պետության արտաքին պարտքին։ Նա նույնիսկ սա է հանդել այդ գումարից։ Այո՛, նա ուղղակի մանիպուլացնում է։ Ես նայում եմ՝ դեկտեմբերի տվյալներով արտաքին պետական պարտքը մի քիչ գերազանցել է ներքին պետական պարտքին, բայց դրանք գրեթե հավասար են։ Այսինքն՝ Հայաստանի պետական պարտքն այս պահի դրությամբ կազմում է 12 մլրդ 842 մլն դոլար»,- նկատեց նա։
Հրանտ Միքայելյանը հավելեց՝ այս ցուցանիշից հանել միայն արտաքին պարտքը, որն ընդհանուր պարտքի կեսից էլ ցածր է, սխալ է և ժողովրդի մոտ թյուր պատկեր է ստեղծում։
Հիշեցնենք՝ օրերս Գևորգ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, որ ՀՀ արտաքին պարտքը ոչ թե 12 մլրդ դոլար է, այլ 5 միլիարդ 962 միլիոն դոլար։ «Այն մարդիկ, որոնք որ տարածում են 12 միլիարդ թիվը կամ տեղեկացված չեն կամ միտումնավոր են նրանք անում»,- ասել է նախարարը՝ պնդելով, որ մեր ամենամեծ հակառակորդը մեր չիմացությունն է։