Երկագունդն ամենավտանգավոր վա՞յրն է, գնանք լուսին
copy image url

Երկագունդն ամենավտանգավոր վա՞յրն է, գնանք լուսին

Միտք Ներքին 4 ամիս առաջ - 09:00 14-02-2025
Անտեղի ընդհանրացումները պատասխանատվությունից խուսափելու հնար են։ Քաղաքականության մեջ այն կիրառում են անպատասխանատու գործիչները, երբ հարկ է լինում խուսափել կոնկրետ հարցին պատասխանելուց:

ՀՀ ԱԺ-ն փետրվարի 12-ին 63 կողմ, 7 դեմ, 0 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը: Այս գործընթացի հետ կապված ռիսկերի վեաբերյալ հարցերին անդրադառնալիս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «Բոլոր ռիսկերին մեր պատասխանը բալանսավորված արտաքին քաղաքականությունն է»։ Իսկ որպես վերջաբան, ասաց՝ «Եթե լրահոսի միջոցով հետևենք աշխարհի իրադարձություններին, կտեսնենք, որ հիմա երկրագունդը ամենավտանգավոր վայրն է, որտեղ կարելի է գտնվել»։

Ի՞նչ է բալանսավորված արտաքին քաղաքականությունը։ Եվ ի՞նչ է նշանակում՝ «երկրագունդը ամենավտանգավոր վայրն է, որտեղ կարելի է գտնվել»։

ԱԳՆ կայքում «բալանսավորված արտաքին քաղաքականություն» ձևակերպում չկա։ «Բալանս» արմատով բառ չկա նաև ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության (ԱԱՌ) տեքստում։ Այսինքն՝ 2018-ից հետո ընդունված պաշտոնական փաստաթղթերում հնարավոր չէ հայտնաբերել ու հասկանալ, թե ինչ է բալանսավորված արտաքին քաղաքականությունը։ Հետևապես՝ հնարավոր չէ առկա և հնարավոր ռիսկերին պատասխաններ գնտել, հղվելով կամ հիմնվելով այդ քաղաքականության վրա։

Մյուս կողմից՝ կարելի է օրինաչափ համարել, որ «բալանսավորված արտաքին քաղաքականություն» ձևակերպում չկա 2020-ի ԱԱՌ-ում, քանի որ այս հիմնարար փաստաթուղը վաղուց չի չի արտացոլում իրականությունը։ Սակայն չկա նաև նոր իրականությանը համահունչ ԱԱՌ։ Այս իրավիճակը հիմք է տալիս պնդելու, որ ՔՊ-ական իշխանությունը մշակված ու թղթին հանձնված անվտանգային քաղաքականություն, անվտանգային ռիսկերի պատասխաններ չունի։

Փոխարենը՝ կարելի է բազմաթիվ փաստեր վկայակոչել, որոնք ապացուցում են ՔՊ-ական իշխանության անվտանգության քաղաքականության ձախողումները։ 44-օրյա պատերազմում պարտությունը, ՀՀ ինքնիշխան տարածքի որոշ հատվածների ապօրինի զավթումը թշնամու կողմից, հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության հարցում ԵՄ դիտորդական առաքելությանը էական դեր վերպահելը, հայ-թուրքական և հայ-իրանական սահմանները ռուսներին հանձնելը անվտանգային ձախողումների խոսուն և անառարկելի վկայություններ են, որոնք ընդունում են նաև ՔՊ ղեկավարները։ Ռուսական գործակալների անպատիժ գործունեության մասին բազմաթիվ ակնարկներ են անում ՔՊ-ական պատգամավորները, սակայն հակապետական արարքները կասեցնելու համարժեք, կոնկրետ քայլեր չեն արվում։ Դժվար է արհամարհել նաև Մոսկվայից ու Բաքվից հնչող սպառնալի հայտարարություններն, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Թշնամական տեղեկատվական գրոհները, ռուսական ալիքներով պարբերաբար հնչող հակահայ քարոզչությունն էլ ամբողջացնում են պատկերը։

Նշված հարցերում հիմնարար նախաձեռնությունների բացակայությունը ցույց է տալիս, որ ՔՊ-ական իշխանությունը մտադիր չէ կոնկրետ քայլեր անել ՀՀ անվտանգության ամրացման ուղղությամբ։ Հետևաբար՝ բնական է, որ Նիկոլ Փաշինյանը շրջանցում ու զավեշտի է վերածում անվտանգային ռիսկերի վերաբերյալ հարցերը, ծիծաղելի ընդհանրացում անում, թե «երկրագունդը ամենավտանգավոր վայրն է, որտեղ կարելի է գտնվել»։

Կարճ ասած՝ «երկրագունդը ամենավտանգավոր վայրն է, որտեղ կարելի է գտնվել» ընդհանրական արտահայտությունը վիրավորական է նրանց համար, որոնք տուժել են ՀՀ իշխանությունների՝ անվտանգային հարցերում անգործության, ձախողումների ու պարտությունների հետևանքով։ Եվ եթե հանրությունը համարժեք արձագանքի փաշինյանական այս ընդհանրացմանը, ապա կարող է լուսին գնալու հարցով 50 հազար ստորագրություն հավաքել, որ անվտանգային խնդիրների մասին չմտածեն չտեսնված բալանսավորված արտաքին քաղաքականություն վարող ՔՊ-ական իշխանությունը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:00 2 բնակարան, մեքենա, 57.875 դոլար ավանդ, 27.4 մլն եկամուտ. Գևորգ Պապոյանի և կնոջ ունեցվածքը
11:05 Доброцен-ը խաբո՞ւմ է հաճախորդներին. ահազանգ՝ խարդախության մասին
16:40 Տաշիրի համայնքապետարանի աշխատակիցներին ստիպողաբար երթի չեն տանում. ՔՊ-ի խոսափողը ստում է
12:15 Զորակոչիկների ազատման և անօրինական միգրացիայի գործն ուղարկվեց դատարան
18:16 Մարդ պտի հոգով չար լինի, որ չգնահատի վարչապետի էրածը. գյումրեցիները` Փաշինյանի մասին
12:09 Արգելում եմ մոտենալ իմ փաստաբաններին և հարց տալ․ Վարդան Ղուկասյանի ձայնային ուղերձը՝ կալանավայրից
16:50 Երկու քարի արանքում. եկեղեցուն զոռով ներքաշում են քաղաքականություն
14:58 Շիրակի մարզի պետական աշխատողները աշխատանքային ժամին մասնակցում են «Կրթվելը ներաձև է» շարժմանը
14:40 Կրթելու են նաև ԵՊՀ-ում. Աննա Հակոբյանը ռեկտորի հետ հուշագիր է ստորագրել
20:14 Միքայել և Բագրատ Սրբազանները մեկօրյա հացադուլ կհայտարարեն