Ո՜ տայր ինձ զծուխն ծխանի և զառաւօտն Նաւասարդի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ադրբեջանական սպառնալիքների մասին «Արմենպրեսում» հրապարակված հոդվածը, ինչպես նաև նրա՝ ԱՄՆ, Ֆրանսիա կատարած այցերը հիմք են տալիս ենթադրելու, որ ՀՀ նկատմամբ ագրեսիայի վտանգն իրական է, իսկ Փաշինյանն այս սպառնալիքը դիմագրավելու և իշխանության մնալու հարցերում ակնկալում է Արևմուտքի՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի աջակցությունը։
Իրականում՝ ի՞նչ է փնտրում Նիկոլ Փաշինյանն Արևմուտքում։
Ե՛վ ԱՄՆ, և՛ Ֆրանսիա այցելությունները առերևույթ չունեին քաղաքական բովանդակություն։ ԱՄՆ-ում Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողով էր, իսկ Ֆրանսիայում Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողով։ Սակայն տեսակետ կա, թե աշխարհի երկրների ղեկավարների մասնակցությամբ կազմակերպված այս հավաքներում խմորվում են նոր աշխարհակարգի մասին պլանները, ճշգրտվում են երկրների տեղն արևի տակ։
Այս առումով՝Հայաստանը մեծ ակնկալիքներ չունի։ Արտաքին, անվտանգային անորոշ, այսպես կոչված՝ բալանսավորված կուրսը հնարավորություն չի տալիս մեծ իրական հավակնություններ գեներացնել։ ՀՀ-ն Արևմուտքում չի ընկալվում որպես դաշնակից։ Սակայն քանի դեռ Արևմուտքը հակամարտության մեջ է Ռուսաստանի հետ, և քանի դեռ ռուս-ադրբեջանական չբարեկամները ակնարկում են ՀՀ ինքնիշխանության դեմ ոտնձգություններ անելու մասին, Հայաստանը և Փաշինյանը Արևմուտքի ուշադրությանն արժանանալու են օբյեկտիվորեն։ Իսկ եթե ՔՊ-ական իշխանությունը շարունակի հիմարաբար մերժել Արևմուտքի մեկնած ձեռքը և աներկբա սպասարկել ռուսական շահերը, ինչպես վարվում էր 2018-2022-ին, ապա ռուս-ադրբեջանական ուժերը կրկին կարող են պատերազմի լեգիտիմություն ստանալ ու այս անգամ էլ զավթել Մեղրին։
Հարկ է նկատել նաև, որ ՀՀ-Արևմուտք հարաբերություններն այս պահին մեծ օրակարգ չունեն։ 2017-ի նոյեմբերի 24-ին ստորագրված ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, 2024-ի ապրիլի 5-ի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հայտարարությունը, 2025-ի հունվարի 15-ի հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության կանոնադրությունը հրապարակավ չեն շոշափվում Փաշինյանի ԱՄՆ, Ֆրանսիա այցերի ժամանակ։ Այսինքն՝ քաղաքական լուրջ հարցեր չեն քննարկվում այս այցերի ժամանակ, քանի որ իրականում օրակարգ չկա։ Ենթադրելի է նաև, որ Արևմուտքը Փաշինյանին լուրջ չի ընդունում, չի վստահում, նրան համարում է ռուսական դրածո, քանի որ նա 2018-ին իշխանության է եկել Մոսկվայի աջակցությամբ։ Այսինքն՝ Փաշինյանի այս այցերի ժամանակ շատ մեծ բաներ չեն էլ նախատեսվել։
Փաշինյանի ամերիկյան և ֆրանսիական այցերում ամենատպավորիչ ու ամենալուսաբանվող դրվագները հայ համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպումներն են, որոնց ընթացքում ՀՀ ղեկավարը փորձում է ներկայացնել «Իրական Հայաստան» կոչվող տեսությունը։ Ենթադրելի է, որ սփյուռքահայերի մի մասը չի հասկանում նրա ապաքաղաքական մտքերը։ Եվ ինչպես տարիներ առաջ, նույնպես և հիմա ազգային երազանքները, Հայաստանի և ՀՀ իշխանության հետ կապված հույսերը ամփոփվում են պատմահոր՝ «Ո՜ տայր ինձ զծուխն ծխանի և զառաւօտն Նաւասարդի» տողերով։
Պարզ ասած՝ Փաշինյանի՝ ԱՄՆ, Ֆրանսիա կատարած այցերը միջազգային, քաղաքական մեծ նշանակություն չունեն, թեև՝ ՔՊ առաջնորդը փորձում է տպավորություն ստեղծել, թե վայելում է Արևմուտքի հովանավորությունը, որը կարող է արտահայտվել թե՛ կանխատեսվող արտաքին ագրեսիան զսպելու, թե՛ ներքաղաքական հարցերում։ Սակայն, եթե ընտրությունների ժամանակ իշխանության հավակնորդները վառ ռուսամետ խոսույթ չզարգացնեն, ապա Փաշինյանը չի կարող երազել Արևմուտքի աջակցութամբ վերընտրվելու մասին։ Եվ եթե ՀՀ անկախության պաշտպանության հարցերում էական քայլեր չարվեն, ապա ինքնիշխանության պաշտպանության հարցում ևս աջակցությունը կթուլանա։
Թաթուլ Մկրտչյան